ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։

Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի, ու այդպես՝ երկար տարիներ, անկախ նրանից, թե ով էր իշխանությունը և ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացվում։

Ես ուզում եմ հավատալ, որ առանցքայինն իր բովանդակությամբ պետք է տարբերվի կրիտիկականից, թեև «առանցքայինի» ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարավոր է լինում, եթե բարձրացվում են լայն և տարբեր շերտերի հետաքրքրության, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները։

Շարժումը շատ կարևոր ու դժվար փուլ հաղթահարել է՝ ձևավորել է կայուն նոր ընտրազանգված, ջարդել է իշխանական հակաքարոզչության ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշավոր-տատանվող շերտերի դուռը։ Որպեսզի այդ դռները բացվեն, շարժումը այս պահից էապես կարևորի նոր թեմաներ.

1. Սոցիալական արդարություն

2. Վիճահարույց ճանապարհներով հարստացած նախկին և ներկա պաշտոնյաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրեական մեխանիզմներ։ Հավաքական գիտակցության մեջ այս թեման կա, և այն շրջանցել հնարավոր չէ։

3. Աշխատողների իրավունքների պաշտպանություն. թե´ պետական համակարգում, թե´ մասնավորում տոտալ խախտումների և ճնշումների խնդիրը պետք է լուծվի։

4. Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխություններ. այս իշխանությունը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղությամբ։ Բիզնեսին պետք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբևէ չեն կրկնվելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պետք է սկսել բաց երկխոսություն բիզնեսի հետ, և բիզնեսը կկանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխությունների կողքին։

5. Վարկային գերություն։ Կան տարբերակներ, որոնք առաջարկում են ամենևին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարավոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտավորությունները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկությունից։

6. Թանկություն. Հայաստանում կյանքն ակնհայտ արհեստականորեն թանկ է։

7. Բարոյական տոտալ հանրային ճնշում է պետք իրենց անասունի նման պահող որոշ պաշտոնյաների, քարոզիչների վրա, որոնք չեն պահում մարդկային որևէ սահման։

8. Եվ այլ բազմաթիվ զգայուն թեմաներ

Տատանվողներին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «վախենում եմ ակտիվ լինել, «ի՞նձ ինչ» ասող խավին կարճաժամկետ փուլում հնարավոր չէ համոզել «զբաղվել քաղաքականությամբ» ։ Բայց հնարավոր է և պետք է նրան հետաքրքրել՝ զբաղվել սեփական խնդիրներով, ու դա կբերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի։

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ