ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ –ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է նա։
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինը շեշտել է, որ դա բացառված է։
«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,– ավելացրել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը և Ռուսաստանը իջեցնում են իրենց հարաբերությունների մակարդակը։
Sputnik Արմենիա