ԱՌԱՆՑ ՀԱՏԱԿԻ. ԻՆՉՊԵՍ ՊԵՏՐՈՍԸ, ՆՐԱ ԿԻՆԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ԹԱԿԵՑԻՆ ՆԵՐՔԵՎԻՑ
«Երբ կարծում էի, թե հասել եմ հատակին, ներքևից թակեցին» հայտնի արտահայտության հեղինակ Ստանիսլավ Եժի Լեցը հավանաբար չէր էլ պատկերացնում, թե «հատակի» քանի մակարդակ կարող է ունենալ մարդկային ստորությունն ու նսեմությունը: Հայաստանի այսօրվա իշխանություններն ու նրանց հավատարիմ ծառաները ցուցաբերում են հիրավի անհատակ բարոյազրկություն ու ցինիզմ՝ արտահայտելով բառացիորեն ամեն օր «ներքևից թակելու» պատրաստակամություն, և ամեն անգամ՝ նորովի:
Տավուշի մանկական երգչախմբի համերգի չեղարկման պատմությունը, որի համար արդարանալով՝ Ժաննա Անդրեասյանը երեկ հասավ անպատկառ ստի նոր բարձունքների, և արդեն ուշ երեկոյան Երևանում տեղի ունեցածը՝ դատավորի կողմից արցախցի փախստականի կալանավորումն ու Հանրային հեռուստաընկերության (Հ1) շուրջ բռնկված սկանդալը՝ կապված Անդրեասյանի ամուսին Պետրոս Ղազարյանի հետ, առաջին հայացքից ոչ մի կերպ փոխկապակցված չեն։ Սակայն իրականում ստախոսության ու ցինիզմի նողկալի տոնավաճառի բոլոր այս դրսևորումները նույն խայտառակ շղթայի օղակներն են, որի անունն է՝ փաշինյանական ռեժիմ, և որը բոլոր պետական ինստիտուտներն ու երկրի կառավարման ողջ համակարգը վերածել է մի հսկայական, գարշահոտ ապականոցի։
Եվ այսպես, ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ մի քանի ժամվա տարբերությամբ։ Նախ ԿԳՄՍ նախարար կոչեցյալը, ելույթ ունենալով խորհրդարան անվանյալի ամբիոնից, հախուռն կերպով ստում էր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 1-ին Գյումրիում, որտեղ ժամը 14.00-ին նախատեսված էր Տավուշի «ՏաԼույս» մանկական երգչախմբի ելույթը։ Երեխաները պատրաստվում էին համերգին, երբ ժամը 12.40-ին զանգահարել է Անդրեասյանի տեղակալ Դանիել Դանիելյանը, պահանջելով փոխել ելույթի ժամը 13։00-ի։ Երգչախմբի ղեկավարը բացատրել է, որ 15 րոպեում հնարավոր չէ հավաքվել, որից հետո Դանիելյանի պահանջով արդեն պատրաստի բեմը ապամոնտաժվել է:
Մինչդեռ Անդրեասյանի վարկածով՝ «ոչ մեկին չի արգելվել ելույթ ունենալ»։ «Եթե ինչ-որ մեկը որոշել է ելույթ չունենալ, դա իրենց խնդիրն է, և դա որևէ կառույցի վրա բարդելն արդարացի չէ»,-վրդովված հայտարարեց սույն տիկինը, որը անուն է հանել և իր աթոռին բազմել Գարեգին Նժդեհի ուսմունքը «ֆաշիստական» անվանելու շնորհիվ: Եվ այնուհետ էլ բազմիցս բացահայտ հակահայկական մոտեցումներ է ցուցաբերել կրթության ու մշակույթի շատ հարցերում։
Բացի այդ, նա ժխտեց մանկական երգչախմբի պրոդյուսեր, հոգևորական Թովմաս Առաքելյանի հաղորդածը, որն ավելի վաղ լրագրողներին պատմել էր, թե ինչպես է Դանիելյանն իր հետ զրույցում արհամարհանքով անվանել հոգևորականների հագուստը «դերիա» և անպարկեշտ հայհոյանքներ տեղացել: Անդրեասյանը հայտարարեց, թե իբր՝ «նախարարության ներկայացուցիչներից ոչ ոք չի հայհոյել»։ Պետք է ենթադրել, որ նա անձամբ ներկա է եղել խոսակցությանը, եթե այդքան եռանդագին պաշտպանում է իր խայտառակված տեղակալին և չի խորշում համերգի ձախողման ու փչացած տոնի մեղքը բարդել հենց մանկական երգչախմբի ղեկավարների և մասնակիցների վրա։
Ասենք, փաշինյանական նախարարից այլ բան ակնկալելը, համաձայնեք, դժվար կլիներ. շունը գայլի հետ կենա՝ գայլից զուլում կոռնա։ Տվյալ դեպքում այդ «ոռնոցն» առավելևս բարձր ու նողկալի է, քանզի հնչում է ընտանեկան տանդեմից։
Հենց Անդրեասյանի ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության (Հ1) լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ է կապված երեկ բռնկված երկրորդ սկանդալը, որն առանց չափազանցության ցնցեց Ֆեյսբուքի հայկական ողջ ադեկվատ մասնահատվածը։
Երեկոյան մոտավորապես ժամը 23: 00-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շտապ եթեր դուրս եկավ: Նրա չափազանց զգացմունքային ելույթը վերաբերում էր Հ1-ի ստորության և զազրելիության աստիճանով աներևակայելի պահվածքին։ Խոսքը Մելիքյանի պաշտպանյալի՝ արցախցի փախստական Նարեկ Թևոսյանի մասին էր, որին ձերբակալել էին «Հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքին մասնակցելու համար կաշառք տալու շինծու մեղադրանքով: Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը սպասվում էր ժամը 00.30-ին։
Ինչպես պատմեց Ռուբենը, Հ1–ի եթերում հայտնվել է ձայնագրություն, որտեղ երկու հոգի խոսում են արցախյան բարբառով, և նրանցից մեկն արտասանում է «վընաման» բառը (ոտնաման, կոշիկ): «Այդ բառը ոչ մի կապ չունի «վերցնել» բառի հետ, դա նշանակում է միայն ու միայն «կոշիկ»: Ի՞նչ է ասում այդ մարդը: Որ այս պահին 2200 դրամանոց կոշիկ է հագնում, երբ նախկինում 40000-ից պակաս չէր հագնում։ Ինչպե՞ս են թարգմանում Հ1-ի եթերում։ Որ նա 2200 դրամ գումար է վերցրել, քանի որ չէր կարող վերցնել 40 000։ Գեբելսյան քարոզչության մեթոդներ են օգտագործում են միայն այն բանի համար, որ «փակեն» արցախցի փախստականին, երեք մանկահասակ երեխաների հորը, որ երեք եղբայրներով ապրում են մի փոքր բնակարանում... Նման ստորություն Գեբելսի մտքով էլ չէր անցնի»,- պատմեց Մելիքյանը։
Մեկուկես ժամ անց փաստաբանը կրկին եթեր դուրս եկավ և հայտնեց, որ դատավորը Նարեկ Թևոսյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
«Իմ «լայվից» հետո Հ1-ի «թարգմանությունը» վախկոտաբար շտապ հեռացրին համացանցից, բայց հանգիստ եղեք, մենք ամեն ինչն էլ պահպանել ենք։ Ամոթ ձեզ բոլորիդ: Իշխանություններն ամեն ինչ անում են արցախցիների մեջ վախ մտցնելու և շարժմանը չմասնակցել նրանց ստիպելու համար։ Նարեկն ու իր հարազատները ճիշտ ընկալեցին կատարվածը, նրանք հասկանում են, որ արցախցիների դեմ տրամադրվածները շատ քիչ են, հասարակության չնչին մասը: Եվ, հատուկ շեշտեմ, ես դրանց գրեթե չեմ հանդիպել այդ գործերով զբաղվող կառույցներում։
Ես չեմ մեղադրում ո՛չ դատախազությանը, ո՛չ Քննչական կոմիտեին, ոչ էլ ընդհանրապես դատական համակարգին. այս որոշման մեղքը լիովին և ամբողջությամբ կոնկրետ դատավորինն է՝ Մանվել Շահվերդյանինը։ Նարեկի և մեր բոլորի խիղճը մաքուր է, իսկ այդ մարդիկ թող մտածեն, թե ինչպես են ապրելու այդ բեռով։ Հ1-ը խայտառակ, գեբելսյան կառույց է, և այդ Պետոն (Պետրոս Ղազարյանը – Մ.Գ.) մի քանի օր առաջ նողկալի սուտ էր տարածում, թե իբր շարժման մասնակիցները պայթուցիկ են նետել ոստիկանների ոտքերի տակ։ Վաղը հարցազրույցի հրավեր եմ ակնկալում Պետրոս Ղազարյանից, տեսնենք՝ կհամարձակվի՞ հրավիրել»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Այս ամենը մեկնաբանելը շատ դժվար է, ինչպես որ վաղուց արդեն դժվար է պարկեշտ արտահայտություններով մեկնաբանել այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին ու դրանց ներկայացուցիչներին։ Անհնար է լինել այդ ոհմակի մաս և մնալ գոնե նվազագույն պարկեշտության սահմաններում։ Անհնար է լինել մոլի ստախոսի և մանիպուլյատորի ռեժիմի մաս, և անձամբ նույնպես չստել կամ մանիպուլյացիաների չդիմել: Այս իմաստով Ղազարյան-Անդրեասյան զույգը վաղուց հատել է բոլոր ու ամեն տեսակի կարմիր գծերը, ինչպեսև իրենց տերը, ընդ որում՝ հանուն նույն նսեմ նպատակի. ամեն գնով մնալ իշխանության ղեկին և կերամանի մոտ։
Ինչ վերաբերում է դատավորին, ապա բնավ իզուր չէր, որ Ռուբեն Մելիքյանը նշեց նրա անունը. Մանվել Շահվերդյանը հնարավորություն ուներ հավատարիմ մնալ իր մարդկային, քաղաքացիական և մասնագիտական պարտքին և որոշում չկայացնել շրջափակում ու ցեղասպանություն, Հայրենիքի կորուստ և բացարձակ ունեզրկում տեսած ու ապրած հայրենակցին կալանավորելու մասին: Շահվերդյանը գերադասեց խայտառակությունը և ստացավ դա։
Եվ այո, թող այդ երեքն ու Նիկոլի մյուս հաճկատարներն իրենք մտածեն, թե ինչպես ապրեն այդ ողջ բեռը խղճին։ Թեև, դատելով ամենից, բարոյազրկության սահմանները հատված են այն աստիճան, որ նրանք կշարունակեն այսուհետ էլ թակել ներքևից, իրենց նվաստության մեջ ցած գլորվելով ավելի ու ավելի՝ առանց հատակի: