Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵԿՄԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻԻ» ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

Բողոքի շարժումը Հայաստանում, կարծես թե, հասել է այն կետին, որ խաղացողների գնահատմամամբ, պետք է այլ հարթություն տեղափոխվի։ Եթե, իհարկե, շարժման ղեկավարները (առաջին հերթին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) չեն ուզում, որ իրենց ձեռնարկած ժողովրդական ընդվզումն անկում ապրի։

Իսկ առայժմ, շարժման ակտիվիստներն միջոցներ ու եղանակներ են փնտրում իրենց նկատմամբ հանրային և լրատվամիջոցների հետաքրքրությունը պահպանելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հունիսի 5-ին կոչ արվեց բոլորին գալ հաջորդ կիրակի հանրահավաքին։ Ակցիան պետք է տեղի ունենա Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Ազդարարվել է Գալստանյանի առանցքային ելույթի մասին։

Հանրահավաքի կազմակերպիչներն ասում են, որ այս ելույթը պետք է դառնա ճակատագրական՝ արմատապես փոխելով հանրային կարգը։ Ինտրիգը ստեղծվել է. Բայց որքանո՞վ են արդարացված քաղաքական բեկման հույսերը «հայկական Մահաթմա Գանդիի» ելույթից հետո։

Հայաստանի իշխանություններն ասում են, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անկում է ապրում։ Այս թեմայի շուրջ խոսել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Բայց կարելի՞ է նման հարցում վստահել իշխանությունների գնահատականին։ Հասկանալի է, որ վարչապետն ու նրա թիմը շահագրգռված են շարժման մասշտաբները նվազեցնելու, ինչպես նաև իրենց տեսանկյունից շահավետ տեղեկատվական օրակարգի խթանման մեջ։

Բայց եթե նույնիսկ ձևացնենք, թե բնության մեջ իշխանական գնահատականներ չկան, ստիպված ենք լինելու ընդունել, որ ընդդիմությունն աճման որոշակի խնդիրներ ունի։ Ինքը՝ Բագրատ Գալստանյանը, տեղով «ոչ համակարգային քաղաքական գործչի» ֆենոմեն է։

Հենց դրա մեջ է նրա ակնհայտ առավելությունը։ Բայց այստեղ կան նաև թերություններ, քանի որ ընդդիմության փորձառու խաղացողների աջակցությունը չի վնասի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Գալստանյանը հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել երկու նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Ակնհայտ է ընդվզումը համախմբող ազգային առաջնորդի դեր խաղալու նրա ձգտումը։

Բայց Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում դեռ չի եղել, և արքեպիսկոպոսը փորձում է չգովազդել նրա հետ կապի մասին, ընդհակառակը, մենք տեսնում ենք Հայաստանի երկրորդ նախագահից հեռավորություն պահելը։ Ընդսմին, պատկերացնել միասնական հարթակ, որտեղ կհամագործակցեն հանրապետության բոլոր երեք նախկին ղեկավարները, բավական խնդրահարույց է։

Ակնհայտ է, որ այստեղ Փաշինյանի միայն մերժումը բավարար չէ։ Հանրապետության մարզերում ռեսուրսների ավելացման խնդիր ունեն նաև «տավուշցիները»։ Այո, Երևանն առանձնահատուկ տեղ է։

Եվ հաճախ հենց մայրաքաղաքի դիրքավորումն էր, որ հաջողություն էր ապահովում հայ քաղաքական գործիչների համար։ Եվ, ընդհակառակը, ձախողումները խաչ էին քաշում նրանց ապագա հեռանկարներին։

Սակայն թե՛ 2018-ի «թավշյա հեղափոխության», և թե՛ 2024-ի «թավշյա հակահեղափոխության» համար կարևոր գործոն է եղել և մնում «խորքային Հայաստանի» աջակցությունը։ Մինչդեռ Գալստանյանին դեռ չի հաջողվել «բորբոքել» հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին։

Բնական աղետների (հեղեղումներ Լոռու և Տավուշի մարզերում) հետևանքները չեն օգնում (ավելի ճիշտ՝ խանգարում են) ընդդիմադիրներին։

Երկրի շարքային քաղաքացիները սևեռվում են ոչ թե մեծ աշխարհաքաղաքականության, այլ «փոքր մարդու» խնդիրների լուծման վրա։ Այս պայմաններում ընդդիմության համար դժվար է զանգվածային աջակցություն ապահովել։

«Մնում է սպասել կիրակի օրվան և այն հարցի պատասխանին, թե արդյոք Գալստանյանի երևանյան ելույթը ընդդիմության մարտավարության մեջ յուրովի շրջադարձային քայլ կդառնա»,- եզրափակել է փորձագետը։

News.am