Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՁԵՐ ԻՍԿ ՍՏԵՂԾԱԾ ՏՈՒՐԲՈՒԼԵՆՏ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼՈՒ Է ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱԽՃԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Նա ընդգծեց, որ սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցություների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը՝ կառավարության և նախընտրական ծրագրերով խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց:

«Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձևակերպում հանրային պահանջը՝ կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության և հրաժարականի վերաբերյալ:

Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում և մանիպուլացնում է, ոչ էլ առավել ևս այն կեղծ իրականությունը, որը նաև այս ամբիոնից եք փորձում ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել։

Համոզված եմ, որ դո՛ւք կամ ձեզանից ոմանք, ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին և ցանկություններին:

Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք դո՛ւք կարողացել եք կամ կարողանալու եք պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը ձեր արկածախնդրության և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով:

Ավելին՝ որոշներդ էլ գիտեք, թե ի՞նչ ծանր պատասխանատվության տակ եք մտել և դա ինչ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու:

Միայն առաջին հայացքից ձեզ կարող է թվալ, որ մարդկանց անընդհատ ահաբեկելով, բռնություն գործադրելով, ազատազրկելով ինքնափրկությամբ կամ իշխանության պահպանմամբ եք զբաղված, որովհետև ձեր իսկ ստեղծած տուրբուլենտ իրականությունը՝ մի փուլում, ձեր և ձեր կառավարության անխուսափելի քաղաքական վախճանին է բերելու, ավելի ճիշտ՝ դրա վավերացումն է ապահովելու:

Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու»,- ասաց Տ.Աբրահամյանը։

Նրա խոսքով, քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը «լկտիության, անպատկառության, անբարոյականության հետ խառնելը ձեզ չի՛ ազատում քաղաքական, մարդկային, հոգևոր պատասխանատվությունից»:

«Կոնկրետ քաղաքական գործիչների վատաբարո, լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է ոչ միայն իրենց իսկ տեսակի, չմարդու կերպարի ու դատարկաբանության, այլ սեփական շեֆերին անսահման քծնելու և ստորաքարշության մասին ու այդ ամենը Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից»,- հայտարարության մեջ նշեց Տ.Աբրահամյանը։

Panorama.am