ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է «ՕՎԵՐՏՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»
Տարեսկզբին հայ հասարակությանը տագնապահույզ արեց տեղեկատվությունը Փաշինյանի կառավարության մտադրությունների մասին՝ երկրում ընդունելու երրորդ երկրներից ներգաղթյալների, որոնք ներկայումս հաստատված են Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնի ու Երևանի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ տվյալների արտահոսքը կազմակերպել էր բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը, որի տեղեկություններով՝ Թագավորությունն ակնկալում է գումարի դիմաց (մոտ 350 մլն դոլար) Հայաստան ուղարկել որոշակի թվով ապօրինի ներգաղթյալների՝ մշտական հիմունքներով բնակեցնելու համար և առանց նրանց հայրենիք վերադարձնելու իրավունքի:
Հենց այս օրակարգով էր անցած աշնանը Երևան այցելել բրիտանական ԱԳՆ-ի այն ժամանակվա փոխնախարար Լեո Դոկերտին, թեև ՀՀ իշխանությունները քար լռություն էին պահպանում նրա այցի իրական պատճառների վերաբերյալ։
THE TIMES-ի հրապարակած լուրը բառացիորեն պայթեցրեց հայրենի լրատվական դաշտը, և ՀՀ ԱԳՆ-ը ստիպված հանդես եկավ «հերքումով», փորձելով ինչ-որ կերպ կոծկել սկանդալը։ ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումներին հաջորդեց շատ հակիրճ պատասխան. «Հայաստանը և Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ (The Times) բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:
Դեռ այն ժամանակ «ԳԱ»-ն գրել է (https://golosarmenii.am/article/207357/pashinyan-unichtozhit-istoricheskuyu-armeniyu--nelegaly-iz-anglii---realnuyu), որ այս հաղորդագրության ձևակերպումն այնքան անորոշ է, որ իրականում գերատեսչությունը ոչ թե հերքում, այլ ավելի շուտ հաստատում է տեղեկությունը։ «Առարկայական և տեխնիկական բանակցություններ չեն եղել». սա կարող է նշանակել միայն մեկ բան, որ կա սկզբունքային պայմանավորվածություն, բայց ծրագրի մանրամասների քննարկմանը դեռ չեն հասել: Այդուհանդերձ ԶԼՄ-ներին չգիտես ինչու բավարարեց այդ «հերքումը», իսկ հանրությունը շուտով մոռացավ տագնապահարույց լուրի մասին։ Մինչդեռ մեր արտահայտած մտավախությունները կարծես թե հաստատվում են, թեկուզև անուղղակիորեն։
Օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Փաշինյանի առավել խորշելի թիմակիցներից մեկը՝ այժմ պատգամավոր, իսկ ոչ վաղ անցյալում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Սկզբի համար նշենք, որ տվյալ սուբյեկտը միշտ էլ աչքի է ընկել սկանդալային միտումների հնչեցմամբ, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակ անց կառավարությունը դրել է քննարկման ու իրականացման։ ՔՊ-ում Թորոսյանի գործառույթը հասարակական-քաղաքական տրամադրությունները շոշափելն է՝ առավել արմատական-կրեատիվ ստահղացումների ու գաղափարների ընկալման տեսանկյունից, որոնք իշխանությունները ձգտում են իրականացնել, չնայած հասարակության կտրուկ մերժմանը։
Եվ այսպես, Թորոսյանը նախ մտահոգություն հայտնեց ՀՀ բնակչության միջնաժամկետ հեռանկարում սպասվող սրընթաց կրճատման առնչությամբ։ «Իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաև, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Հայեր էլ կլինեն, իհարկե, ոչ այդքան բարվոք երկրներից»։
Միամտության գագաթնակետը կլիներ՝ կարծել, թե նախկին նախարարը դուրս է եկել իր համար նախանշված գործառույթների շրջանակներից և հերթական սկանդալային հայտարարությունն արել է սեփական նախաձեռնությամբ՝ առանց շեֆի գիտության։ ՔՊ-ում ինքնագործունեության համար լինչում են ամենայն խստությամբ, իսկ դա նշանակում է, որ մենք կրկին ականատես եղանք իշխանավորների կողմից հողի կանխամտածված շոշափմանը։ Ավելի ճիշտ՝ սա արդեն «Օվերտոնի պատուհանի» ընդլայնման առաջին փուլն է, երբ ցանկանում են հայ հասարակության գլխում հետևողականորեն արմատավորել սեփական պետությունում «ոչ այնքան բարվոք երկրներից» եկած օտար տարրերի հետ համակեցության անխուսափելիության գաղափարը։
Պետք է ենթադրել, որ շուտով իշխող հանցախումբը (եթե, իհարկե, մնա իշխանության ղեկին) կսկսի զանգվածային քարոզարշավ՝ Հայաստանի բնիկ ազգաբնակչության թվաքանակի կտրուկ նվազման մասին զարհուրիկների տարածմամբ։ Զուգահեռաբար կշրջանառվի ներգաղթի ծրագրերին մասնակցության մեծ օգուտի թեման։ Ասել է թե՝ մենք զարգանում ենք, տնտեսությունն աճում է և աշխատուժ պահանջում, ուստի առաջընթացին աջակցելու համար պետք է հանրապետությունը բնակեցնել ամեն տեսակի աֆղանստանցիներով, կոնգոցիներով, զիմբաբվեցիներով և ոչ բարվոք այլ երկրների բնիկներով։
Դժվար չէ կռահել իշխանական քարոզչության մյուս թեզերը՝ մոտավորապես հետևյալ բովանդակության։ Մենք, իբր, եվրոպական ազգ ենք, ահա և տիտղոսային կարգավիճակով կկառավարենք ու բարիք կշահենք, իսկ երրորդ կարգի ներգաղթյալները թող մեր համար տքնեն արտադրության ոլորտում, ավլեն փողոցներն ու մաքրեն արտաքնոցները։ Հեռանկարում նրանց նույնիսկ կարելի կլինի ընդգրկել պայմանագրային բանակում, որպեսզի մեր սակավաթիվ տղաները մարտական ծառայություն չիրականացնեն։ Մի խոսքով, ներգաղթային հոսքերի յուրացումը հեռանկարային, ողջամիտ և մարդասիրական գործ է։
Թորոսյանի չարագուշակ հայտարարությունից այլ հետևանքներ ակնկալելն իսկապես անհնար է։ Փաշինյանն ու ընկերախումբը, ամենայն հավանականությամբ, արդեն ընդունել են բրիտանացիների առաջարկը և սկսել ԱԳՆ հայտարարության մեջ նշված «առարկայական և տեխնիկական» նրբությունների համաձայնեցման գործընթացը: Պետք է, չէ՞, հաճոյանալ Լոնդոնին, Վաշինգտոնին, Եվրամիությանը, որպեսզի ապացուցեն հավատարմությունը արևմտյան վեկտորին և վերջ տան Հայաստանի՝ որպես մոնոէթնիկ և ավանդապաշտ երկրի, լիբերալ հանրությանը վաղուց գրգռող կարծրատիպին։ Ասենք, Լոնդոնի առաջարկած գումարներն էլ բնավ չեն խանգարի։
Սակայն սա փաշինյանական կառավարության ժողովրդագրական ծրագրերի միակ մտահոգիչ կողմը չէ։ Քանզի ծնելիության անկման խնդրի լուծման նույն պատրվակով կարող է շրջանառության մեջ դրվել այն 200-300 հազար ադրբեջանցիներին ընդունելու գաղափարը, որոնց «հայրենադարձության» պահանջներն անընդհատ տիրաժավորում են Բաքվի քաղաքական գործիչները։ Եվ չզարմանաք, եթե որոշակի փուլում իշխանությունները սկսեն խոսել Հայաստանի «դժբախտ ու դժգույն» (ինչպես Շուշին) անկյունները «հարևան բարեկամական պետությունից բնիկներով» բնակեցնելու նպատակահարմարության մասին, որոնք միայն կնպաստեն երկրի բարգավաճմանը։
Այդ դեպքում անձամբ Փաշինյանն իր վրա կվերցնի գլխավոր քարոզչի դերը՝ իրեն հատուկ խեղկատակային ոճով ժողովրդի մեջ կարոտ արթնացնելով «հին, բարի ժամանակների» նկատմամբ, որոնք հագեցած էին հայ - ադրբեջանական «եղբայրության» մթնոլորտով, շուկայի վաճառասեղաններին Մասիսի հյութեղ կանաչու բույրով և Երևանի Ջաբարլիի անվան թատրոնում «ականջ շոյող» թուրքերեն խոսքով։
Հեգնել ասվածի առնչությամբ, ավաղ, չի ստացվի։ «Օվերտոնի պատուհանի» տեխնոլոգիան արդեն ակնհայտորեն գործարկված է։
Այո, աշխարհում իսկապես նկատվում է բնակչության վերարտադրության գլոբալ անկման գործընթաց, որը փորձագետներն անվանել են «ժողովրդագրական ձմեռ»: Հայաստանը, որը վերջին տասնամյակներին առանց այդ էլ աչքի չի ընկնում ծնելիության կայուն աճով, հայտնվել է ծայրահեղ խոցելի վիճակում։ ՄԱԿ-ի «Ազգաբնակչության ֆոնդի» գնահատականներով, ՀՀ բնակչությունը (ներկայումս այն կազմում է երեք միլիոնից քիչ ավելի) 2050-ին կրճատված կլինի մինչև 2.700.000-ի, 2075-ին՝ մինչև 2.264.000-ի, իսկ 2100-ին կկազմի 1.848.000-ից ոչ ավելի:
Փոքր երկրների նորմալ կառավարությունները նման պայմաններում ծրագրեր են մշակում ծնելիության խթանման, բազմազավակ ընտանիքների համար բարենպաստ սոցիալական պայմանների ստեղծման, զանգվածային հայրենադարձության համար, եթե ազգային համայնքներ ունեն աշխարհի այլ տարածաշրջաններում: Եվ հավանաբար միայն մեր իշխանավոր «կտրիճներն» են վանում Սփյուռքը Հայրենիքից, միաժամանակ նպաստելով արտագաղթին և սոցիալական ապիկարությամբ ու անգործությամբ կրճատելով ծնելիությունը։
Փոխարենը «ժողովրդագրական ձմռան» պայմաններում ցանկանում են «տաքացնել» հանրապետությունը ասիացիների ու աֆրիկացիների, հնարավոր է նաև ադրբեջանցիների զանգվածային ներհոսքի հաշվին։ Ասես մենք արդեն բազմացել ենք՝ չինացիների պես, և հարստացել՝ ամերիկացիների պես։