«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Իրանը վճռականորեն դեմ է ոչ միայն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտատարածքային երթուղուն (որն Ադրբեջանը պահանջում է, որպեսզի անցնի Հայաստանով), այլ նաև «Արևմտյան Ադրբեջան» նախագծին, որն ակտիվորեն միջազգային հարթակներում առաջ են մղում Բաքուն և Անկարան, նպատակ ունենալով Հայաստանի որոշ մասերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Հայտնել էինք, որ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել էր, որ Թեհրանն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը, սակայն դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել սահմանները տարածաշրջանում ու ժողովրդագրական վիճակը:

Այս նկատառումը բավականին ուշագրավ է նրանով, որ իրանցի պաշտոնյաները նախկինում երբեք չեն խոսել ժողովրդագրության մասին։ Հարավային Կովկասի վերաբերյալ նրանց հայտարարությունները ներառում էին բացառապես անհամաձայնություն միջանցքային տրամաբանության և սահմանների փոփոխության հետ։

Ոսկանյանն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի խնդիրներն այժմ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, և Թեհրանը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։ Եվ բացի սահմանների անձեռնմխելիության մասին բազմիցս հնչած հայտարարություններից, որոնք ամենաբարձր մակարդակով հնչում են Թեհրանում, իրանական փորձագիտական շրջանակներում, իսկ այժմ նաև դիվանագիտության ղեկավարի բերանից, խոսում են ժողովրդագրական փոփոխությունների անթույլատրելիության մասին։

Արևելագետն ընդգծել է, որ Իրանը Բաքվի քաղաքականությունն ընկալում է որպես Անկարայից ուղղորդված և համակարգված մի բան։ Իրանցիների աչքում Ադրբեջանը Թուրքիայի «օպերատորն» է Հարավային Կովկասում։ Եվ հաճախ իրանական բազմաթիվ ուղերձներ ուղղված են ոչ այնքան Բաքվին, որքան Անկարային։ Իսկ Թեհրանը շատ լավ հասկանում է, թե ինչ հեռահար նպատակներ ունի Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունը։ Ակնհայտ է, որ ժողովրդագրական պատկերի փոփոխությունը երկարաժամկետ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Իրանի համար։

«Եթե իրականացվի Անկարայի և Բաքվի սցենարը և փոփոխվի ժողովրդագրական իրավիճակը, ապա այդտեղ բնակեցված ադրբեջանցիների անվտանգության ապահովման խնդիր է առաջանում, որը դուռ է բացում անվտանգային ուժեր տեղակայելու համար։ Մոտավորապես այս սխեմայով էր, որ Թուրքիան 1974 թվականին գրավեց Հյուսիսային Կիպրոսը։ Սա հենց այն սցենարն է, որ Իրանը փորձում է կանխել այստեղ»,- ասաց Ոսկանյանը։

Նա ընդգծեց, որ Իրանի համար ի սկզբանե անընդունելի էր Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, ինչը հանգեցրեց նաև ժողովրդագրական լանդշաֆտի փոփոխության։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ ակնհայտորեն օգտագործվում են հակաիրանական նպատակներով, քանի որ Բաքուն Իսրայելին հարթակ է տրամադրել Իսլամական Հանրապետության դեմ դիվերսիոն աշխատանքի համար։

Ու թեև Իրանի ներկայացուցիչներն ուղղակիորեն չեն խոսում և դժվար թե խոսեն այս ամենի մասին, հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ Իրանի համար կարևոր խնդիր է։

Sputnik Արմենիա