ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՀԻՆ ՁԵՌԱԳԻՐ ԵՆ ՎԵՐԾԱՆԵԼ

Գերմանացի հետազոտողները վերծանել են, ըստ նրանց, ամենահին ձեռագիրը, որը մանրամասնում է Հիսուս Քրիստոսի մանկությունը, հայտնել է Fox News-ը։

Պապիրուսե ձեռագիրն ավելի քան 1600 տարվա վաղեմություն ունի և թվագրվում է 4-րդ կամ 5-րդ դարով։ Այս փաստաթուղթը պահվում էր Գերմանիայի Համբուրգի քաղաքային գրադարանում, բայց ոչ ոք չէր հավատում, որ այն ինչ-որ նշանակություն կունենա:

Ձեռագիրը վերծանած հետազոտողներից մեկը՝ պրոֆեսոր Լայոս Բերկեսը պատմել է, որ ձեռագիրը Թովմասի Ավետարանի մի հատված է՝ ապոկրիֆային գիրք, որը ներառված չէ Նոր կտակարանում։

Ավետարանը մանրամասնում է երեխա ժամանակ Հիսուսի կյանքը՝ նախքան նրա առաքելությունը: Փաստաթղթի անընթեռնելի ձեռագիրը Բերքեսին ստիպել է ենթադրել, որ ձեռագիրը գրվել է վանքում կամ դպրոցում՝ գրավորի դասին:

Թեև ձեռագիրը պարունակում է ընդամենը մի քանի բառ, հետազոտողները կարողացել են պարզել, որ դա «ճնճղուկներին կյանքի կոչելու» ապոկրիֆ պատմության վերապատումն է։

«Հիսուսը խաղում է հորդառատ առվակի մոտ և ցեխի մեջ գտած փափուկ կավից տասներկու ճնճղուկ է սարքում։ Երբ հայրը Հովսեփը հանդիմանում է նրան և հարցնում, թե ինչու է նա նման բաներ անում Ավագ շաբաթ օրը, հինգ տարեկան Հիսուսը ծափ է տալիս և կենդանացնում կավե արձանիկները»,- վերծանված ձեռագրից մի հատված է վերապատմում պրոֆեսորը։

News.am