Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԱՄՆ-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՂԻՂ ԿԱՊ ՈՒՆԵՆԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ

ԱՄՆ–ն հետաքրքրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան Հայաստանի Հանրապետության տարածքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը։

Ջեյմս Օ’Բրայենը «Ազատությանը» տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանի առաջարկած «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առևտրային մի ճանապարհի` շատ նման «խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին։ Այժմ արդեն գոյություն ունեն երթուղիներ, որտեղ փորված են թունելներ, կան երթուղային գծեր, ուստի իմաստ ունի սկսել` դրանք դիտարկելով։ Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով` մինչև Վրաստան, մյուսները` Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսենք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի։ Այսպիսով` սա լայն հասկացություն է, որին մենք աջակցում ենք»։

Հրանտ Միքայելյանի խոսքով` ի տարբերություն ՌԴ–ի, որն այդ նախագծի վերաբերյալ միշտ «լղոզված» դիրքորոշում է արտահայտել, քանի որ դա իր օրակարգը չէ, ԱՄՆ–ն այս նախագծի նկատմամբ ռազմավարական հետաքրքրություն ունի։

«Որպեսզի Թուրքիան և Արևմուտքը մեծացնեն իրենց ազդեցությունը Միջին Ասիայում, պետք է ուղիղ կապ ապահովեն Կասպից ծովի և Թուրքիայի միջև։ Եվ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում են իբրև դրա միջոց։ Եվ այստեղ, այո՛, ԱՄՆ–ն ունի հետաքրքրություն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուղիղ կապ ունենան Հայաստանի տարածքով»,– ասաց քաղաքագետը։

Իսկ թե ինչու էր ԱՄՆ–ն մինչև հիմա ընդդիմանում միջանցքի գաղափարին, Միքայելյանի գնահատմամբ, շատ պարզ է` ԱՄՆ–ն չէր ցանկանում, որ այդտեղ տեղակայվեին ՌԴ սահմանապահ զորքերը։ Հիմա, երբ այդ հարցը փակված է, Վաշինգտոնը բացահայտ արտահայտում է իր վերաբերմունքը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։

Քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանի հետ սահմանը բացելուց հետո Բաքուն կհայտարարի, որ Հայաստանը չի ապահովում «միջանցքի» անվտանգությունը, ուստի կա՛մ ինքը, կա՛մ Թուրքիան պետք է մտնեն ու ապահովեն այն։

Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանն ուղղակի, անթաքույց ուժային շանտաժի է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, Հրանտ Միքայելյանի համոզմամբ, լավագույն լուծումը կլիներ ճանապարհ բացելու գաղափարից ընդհանրապես հրաժարվելը։ Հակառակ դեպքում, քաղաքագետի կարծիքով, «Զանգեզուրի միջանցքը» լինելու է միայն առաջին քայլը Սյունիքն ամբողջության գրավելու ճանապարհին։ Իսկ ԱՄՆ–ի համար դա որևէ նշանակություն չունի, այնպես, ինչպես Արցախի գրավումը, որը, մեր զրուցակցի խոսքով, մեծ հաշվով ողջունվել է ԱՄՆ–ի կողմից։

Sputnik Արմենիա