ԱՅՍԻՆՔՆ ՎԵՐՋԻՆ 6 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՂԵՏԱԼԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԻՆ
Հետաքրքիր է, թե ինչպես է երեկ քնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայընը, որը Երևանում հայտարարեց, թե «քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները» և «մեզ ուրախացնում են ՀՀ կառավարության քայլերը, միտված օրենքի գերակայությունը հիմնարար դարձնելուն և մարդկանց կարծիք հայտնելու հնարավորություն տալուն»։
Այն, ինչ տեղի էր ունենում հայոց խորհրդարանի պատերի տակ, նման էր բնավ ոչ ժողովրդավարության և «մարդկանց կարծիք հայտնելու հնարավորություն տալու», այլ ոստիկանական տեռորի և մարտադաշտի՝ բժիշկների աղաղակներով. «Շտապ ուղարկեք երկու բրիգադ, մարդու ձեռքը պոկվել է»։ Պոկված ձեռքեր, կոտրված ոտքեր, արյունաթաթախ գլուխներ, այրվածքներ. սա ձեզ համար 2018-ի «սիրո և համերաշխության հեղափոխության» նմուշի ոստիկանությունը չէ՝ տեսանյութերով, որտեղ արձանագրված քաղաքացիները ամեն կերպ սադրում ու զայրացնում էին իրավապահներին, իսկ նրանք չէին պատասխանում, և բարեհամբույր, բարեսիրտ ոստիկանապետ Օսիպյանն էլ՝ հեքիաթային Օլե-Լուկոյեի պես հովանոցը ձեռքին, նրբանկատորեն զրուցում էր «հեղափոխականների» հետ։ 2024 թվականի նմուշի ոստիկանությունը, փաշինյանական կարմիր ու սև բերետավորներն այլ իրականություն են, սա ժողովրդավարություն անվանելը նշանակում է պարզապես ոչնչացնել բուն այդ հասկացությունը։
Եվ այս ամենի վերևում՝ Փաշինյանի երեկվա անկեղծացումն այն մասին, որ ինքը պետք է Ղարաբաղը որպես ինքնավարություն ճանաչեր Ադրբեջանի կազմում դեռևս 2018 թվականին, սակայն այն ժամանակ իր «լեզուն չէր պտտվի նման բան ասել», և դա է իր ամենամեծ սխալը, բացթողումն ու ձախողումը։
Հարկավ. եթե Փաշինյանը նման բան ասեր 2018-ին՝ հեղափոխական էյֆորիայի մեջ գտնվող ժողովուրդը, որի ուսերին բազմած ինքն ու իր համախոհները թռան իշխանության գլուխ, պարզապես կպատառոտեր նրան։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր դեռ 2018-ի ապրիլին գիտակցում էին, թե ինչ է կատարվում, զգուշացնում էին, որ Նիկոլի ու իր հանցախմբի իշխանության գալն ավարտվելու է Արցախի հանձնումով, ինչին հաջորդելու է Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը։ Մինչդեռ Փաշինյանի կողմնակիցները հակադարձում էին. նման բան չկա, նա լրիվ ուրիշ բան է ասում։
Եվ ահա այստեղ բացահայտվում է հերթական հրեշավոր սուտը, մանիպուլյացիաները և զարհուրելի չափերի ազգային ողբերգությունը, որի մասշտաբները Փաշինյանի երեկվա խոստովանությունից հետո դեռ պետք է վերագիտակցել:
Հիշեք Փաշինյանի հիստերիկ պոռթկումները վարչապետի գործունեության 100 օրվա կապակցությամբ հանրահավաքի ժամանակ։ Դիմելով «նախկիններին», իր հակառակորդներին, ընդդիմությանը՝ ճվաղում էր.
- Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։
- Ուզում եմ ասել հետևյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի…
Հիշեք, թե ինչպես էին Փաշինյանի թիմակիցները, մասնավորապես՝ ԱԺ ներկայիս նախագահը, ժամանակին լուսանկարվում «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրությամբ, կատաղի ընդդիմախոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը հայտարարել էր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»։
Հիշեք Փաշինյանի ճառը 44-օրյա պատերազմի մեկնարկին.
- Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ… Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ։
Չենք խոսում արդեն Փաշինյանի այն թեզերի մասին, որոնք միշտ շրջանառվել են.
-Արցախը Հայաստան է, և վե՛րջ:
- Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա։ Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք… Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կա մի շատ կարևոր բանաձև. քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչ մի բան էլ որոշված չէ… Բանակցությունների գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։
Այս ամենը կարելի է երկար թվարկել... Սակայն փաստն այն է, որ Փաշինյանի երեկվա անկեղծացումների լույսի ներքո, որ ինքը պետք է Ղարաբաղը որպես ինքնավարություն ճանաչեր Ադրբեջանի կազմում դեռևս 2018 թվականին, մնացած ամենը. պատերազմը՝ իշխանության «հաղթելո՛ւ ենք» կարգախոսով, հազարավոր զոհերը, հայի արյուն տենչող Ալիևի անհագ որկորին զոհաբերված 18-ամյա երիտասարդ տղաների մի ամբողջ գենոֆոնդը, շրջափակված Արցախը, որը ուժերի վերջին լարումով դիմանում էր՝ հուսալով, թե հայկական ղեկավարությունը կկատարի իր հավաստիացումները, թե Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանի վերջնական ագրեսիան և 120 000 արցախցիների բռնի գաղթն իրենց Հայրենիքից, ադրբեջանական բանակի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, այս ամենը ոչ թե բացթողումների, սխալների, անգրագետ կառավարման, վատ դիվանագիտության, արտաքին ճնշումների և այլնի արդյունք է, այլ 6 տարի առաջ իշխանությունը զավթման մեկնարկի ժամանակ գիտակցված, բայց չարտահայտված դիրքորոշման արգասիք։ Իսկ դրան հաջորդած ամենը՝ կրկին գիտակցված սուտ, մանիպուլյացիա, ժողովրդի հիմարացում, մոլորեցում՝ այդ իշխանությունը պահպանելու համար։
Մի՞թե այսքանից հետո դեռ ինչ-որ մեկի աչքերին շղարշ կմնա և անվստահություն նրանում, որ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, քանզի նրանց պաշտոնավարման յուրաքանչյուր նոր օրը սպառնում է նոր զոհերով ու ցնցումներով: Եթե այո, ապա դա արդեն անհույս, անբուժելի կուրություն է։