Նոր մանրամասներ Երևան-Քիշնև չվերթի չեղարկման մասին
Վերջին տվյալներով՝ Քիշնև-Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Քիշնևում, և արգելվել է ուղևորներին իջեցնել Բուխարեստում, տեղեկացրել է IPN մոլդավական ԶԼՄ-ն։
Մոլդովայի Հանրապետության քաղավիացիայի մարմինը հետևյալ պարզաբանումն է տվել։
«Որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկության մասին Քիշնև-Երևան-Քիշնև չվերթի վերաբերյալ։ Կառավարության № 870 որոշման համաձայն՝ ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի մարմնին (ՔԱՄ) թռիչքների ժամանակացույցի ցանկացած փոփոխության և լրացուցիչ չվերթների մասին, որպեսզի անհրաժեշտ կառավարական հավանություն ստացվի։ RMO-EVN-RMO թռիչքի դեպքում այս պահանջները խախտվել են։
Օպերատորը 3 օր առաջ չի տեղեկացրել ՔԱՄ-ին փոփոխության մասին, ինչպես պահանջում է օրենքը։ Արդյունքում՝ այդ չվերթը անհրաժեշտ հավանություն չի ստացել։ ՔԱՄ-ը հաստատում է օդային օպերատորների կողմից ազգային կանոններին հետևելու անհրաժեշտությունը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացրել է IPN-ը՝ հղում կատարելով Բուխարեստի օդանավակայանի աղբյուրին, ինքնաթիռն իջել է Բուխարեստում, բայց իշխանությունները թույլ չեն տվել իջեցնել ուղևորներին։ Գետնի վրա կատարված սպասարկումից հետո այն վերադարձել է օդանավակայան, որտեղից թռել է (Երևան)։ Թռիչքուղու ճանապարհին ինքնաթիռը կանգնեցվել է։ Բուխարեստի օդանավակայանի աղբյուրների համաձայն՝ ակտիվացել է հակաճգնաժամային օղակը, և հայտարարվել է միջադեպ ավիացիոն անվտանգության հետ կապված, կանչվել են համապատասխան կառույցներ։
Հայտարարությունների համաձայն, որոնք հրապարակվել են սոցցանցերում, Ռումինիայի Սահմանապահ ոստիկանությունը ինքնաթիռից իջեցրել է մի քանի մարդու և տարել անհայտ ուղղությամբ, տեղեկացրել է IPN-ն՝ հղում կատարելով realitatea.md-ին։
FlyOne Moldova-ի բաժնետեր Վլադիմիր Չեբոտարը նշել է, որ տեղեկություն չունի թռիչքը մերժելու պատճառի մասին։ Նրա խոսքով՝ մոնղոլական ավիաընկերությունը պայմանագիր է կնքել FlyOne Armenia-ի հետ զբոսաշրջային ընկերության չարթերային չվերթի մասին։
Քիշնևի միջազգային օդանավակայանի օնլայն աղյուսակում նշված են երկու չվերթներ Երևանից։ Առաջինը ժամանել է գիշերը 02.00-ին, երկրորդը պետք է իջներ 16.40-ին, բայց իջել է 22.40-ին։
«Sputnik Молдова»-ի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Մարինա Տաուբերը հայտնել է, որ Երևան-Քիշնև չվթերի հետ կապված իրավիճակը «կազմակերպվել է երկրի վարչապետ Դորին Ռեչանի ուղիղ ցուցումով»։
Չվերթի խնդիրների մասին, որը կատարում էր FlyOne Armenia ավիաընկերությունը, տեղեկացրել են Մոլդովայում դատապարտված Իլան Շորին մոտ կանգնած թելեգրամ-ալիքները։
Տեղեկացվել է, որ ինքնաթիռին, որով թռչում էին մոլդավական «Պոբեդա» դաշինքի համագումարի մասնակիցները, թույլ չեն տվել իջնել Քիշնևում, և ինքնաթիռը ստիպված է եղել իջնել Բուխարեստում։
News.am