ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ»

Ինչպեսև ենթադրվում էր, բռնաճնշումներ ծավալվեցին։ Իսկ ուրիշ ի՞նչ անի Փաշինյանը։ Պետք է, չէ՞, ինչ-որ կերպ արդարացնի ուժայինների գործողությունները հունիսի 12-ին, երբ ցուցարարների վրա սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել։ Նետել տասնյակներով, ինչի արդյունքում շատերը վնասվածքներ ստացան, ոմանք էլ՝ խեղվածքներ: Լուսաձայնային գրոհն ուղեկցվում էր ծեծով, ձերբակալություններով, հետագա նվաստացումներով՝ արդեն ոստիկանական բաժանմունքներում։

Արդարացման համար պատրվակ հորինեցին. իբր՝ ցուցարարները մտադիր էին զավթել խորհրդարանի շենքը… Բա չէ, կզավթես այն շենքը, որը վախկոտ «ժողովրդավարության բաստիոնը» վերածել է իր իսկ ժողովրդի համար անառիկ ամրոցի՝ անցագրային ամենախիստ ռեժիմով ու դիպուկահարներով։ Խորհրդարանի շենքը վերածել են Նիկոլ Փաշինյանի «բռնապետության բաստիոնի»։ Վերածել են այն նույն մարդիկ, որոնք խոստացել էին, թե իրենց իշխանության գալուց հետո Ազգային ժողովի այգին բաց կլինի բոլորի համար այսուհետ և ընդմիշտ։

Պետք է, չէ՞, որ Փաշինյանն ինչ-որ կերպ արդարացնի իր լպիրշ թիմի գործողությունները խորհրդարանում։ Սեյրան Օհանյանին ծածուկ հարվածող փսլնքոտների գործողությունները։ Մարդկանց, որոնց անունները ոչ մեկին ոչինչ չեն ասում: Բայց նրանք այդպես ինքնահաստատվում են, հուսալով, որ գոնե այդպես կհիշեն խաժամուժին, որը, ի ուրախություն ադրբեջանական քարոզչության, հարվածում է զինվորականին, որի անունը կապված է Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակի հետ։

Հունիսի 12-ի ոստիկանական սանձարձակությունն արդեն դատապարտել են տեղի տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք նախկինում նույնիսկ շատ էլ լոյալ էին տրամադրված Փաշինյանի նկատմամբ։ Միջազգային կազմակերպություններն էլ կարծես թե սկսում են արթնանալ, համենայն դեպս՝ Amnesty International-ը:

Բայց Նիկոլն իր խուլիգաններին չի հանձնում. չէ՞ որ ինքը «ուժեղ իշխանություն» է։ Այ, հունիսի 12-ին նրա հոգին հաստատ փառավորվեց, ինչպես 2008-ի մարտի 1-ին, երբ նա այդ մասին հանդիսավորությամբ հայտարարեց՝ ոստիկանական մեքենայի հրկիզումից հրճված։

Փաշինյանը որոշել է անցնել գրոհի։ Խուզարկություններ անցկացվեցին GG տաքսի ծառայությունում, որի ղեկավար Խաչատուր Գրիգորյանը շրջափակման ժամանակ ապրել է Արցախում, թեև հնարավորություն ուներ դուրս գալ։ Օրերս նա սոցցանցում հետևյալ գրառումն էր արել. «Եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է»։

Եվ ահա «տարօրինակ զուգադիպությամբ» խուզարկություններ սկսվեցին GG ընկերությունում, բռնագրավվեցին համակարգիչները։ Որոշել են վախեցնել նաև մնացած բիզնեսին, որպեսզի մտքով անգամ չանցկացնեն իրենց աջակցությունը հայտնել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

Խուզարկություններ են ընթանում ՀՅԴ մարզային կառույցների անդամների տներում։ Կան ձերբակալվածներ, կալանավորվածներ։ Պատճառաբանությունը՝ իբր փողով հավաքագրել են հանրահավաքների մասնակիցների

Ծիծաղելի մեղադրանքները կփլուզվեն դատարանում, եթե ընդհանրապես հասնեն դատարան: Քանզի հայտնի բան է. զանգվածային միջոցառումների ժամանակ միջոցներ են ծախսվում դրանց կազմակերպման վրա։ Եվ երբ այս կամ այն կուսակցությունը՝ լինի դա ՀՅԴ-ն, թե «Քաղաքացիական պայմանագիրը», կազմակերպում է իր համակիրների գալուստը Հայաստանի մարզերից, ապա, այո, միջոցներ են հատկացվում կազմակերպչական կարիքների համար, լինի դա տրանսպորտ, թե այլ ծախսեր. ոչ մի օրենք դա չի արգելում ։ Եվ ով-ով, բայց Դաշնակցությունը՝ իր տարածքային ճյուղավորված կառուցվածքով, կարիք չունի ինչ-որ մեկին լրացուցիչ «հավաքագրել»։

Իսկ եթե Քննչական կոմիտեն այդչափ տառապում է հանրահավաքներին մասնակցել ստիպելու հարցը պարզելու մարմաջով, ապա ավելի օգտակար կլինի վերանայել հայտնի կադրերը Ավինյանի հանրահավաքներից, որտեղ կրթական հաստատությունների ղեկավարները ուրախ զեկուցում են անցկացրած հավաքագրման աշխատանքների մասին

Հ.Գ.- «Տիգրանաշե՛նը պահեք։ Հաջորդ Տիգրանաշենն է, Տիգրանաշենը պահեք»,- ոստիկանության բաժանմունքից դուրս գալով՝ հայտարարեց լրագրողներին ՀՅԴ Գերագույն մարմնի ձերբակալված անդամ Գերասիմ Վարդանյանը: