30 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՈՒ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱԼԱՏ․ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Միջնադարյան Հայաստանում նշանավոր և մեծահարուստ իշխանական տոհմեր են եղել, որոնք իրենց ընտանիքների համար շքեղ պալատներ են կառուցել։ Այս մասին, ցավոք, հիմնականում միայն գրավոր վկայություններ են հասել, իսկ հոյակերտ կառույցները չեն պահպանվել։ Վայոց Ձորի Հորս գյուղն այս առումով բացառիկ է, որովհետև այստեղ պահպանվել է Օրբելյանների նշանավոր տոհմից Չեսարի պալատը։

Արդեն մի քանի ամիս է՝ Վայոց Ձորի Հորս գյուղում ակտիվ պեղումներ են։ Չեսար Օրբելյանի պալատն է հողի հաստ շերտից մաքրվում, պատմական հետաքրքիր փաստեր են բացահայտվում։

«Չեսարը բավականին հզոր իշխան է եղել, այս ամբողջ ճանապարհը նա է վերահսկել, շրջակա գյուղերը նրան են պատկանել, և Հորս գյուղը եղել է նրա իշխանական նստոցը։ Իսկ այս պալատը 13-14-րդ դարերի Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշներից մեկն է, մենք Հայաստանի տարածքում չունենք երկրորդ այսպիսի պալատական համալիր, որ պահպանված լինի մինչև մեր օրեր»,- Sputnik Արմենիային ասաց հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը։

Ենթադրվում է, որ պալատը 14-րդ դարում է կառուցվել։ Երկու ամսվա պեղումների ընթացքում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել, այդ թվում՝ թանկարժեք սպասք, որի մի մասը ներմուծված է այլ երկրներից։ Սա զարմանալի չէ, որովհետև Չեսար Օրբելյանն իր ընտանիքում աչքի է ընկել գործարար կապերով։ Այստեղով է անցել Դվին-Պարտավ շատ հայտնի առևտրային ճանապարհը, որը միանում էր Մետաքսի ճանապարհին։

Պեղումների արդյունքում ամբողջովին բացվել է պալատի ընդունելության սյունազարդ սրահը, որտեղ մեծ իշխանն ընդունել է իր հյուրերին։ Պալատի մուտքի երկու կողմերում խորշեր են սպասքի, առօրյա գործիքների համար։

«Վստահաբար կարելի է ասել, որ բազմաթիվ կից սենյակներ են եղել, որոնք սակայն տարածքի հետագա կառուցապատման հետևանքով հողի շերտի տակ են մնացել։ Սենյակները հաստատ եղել են, որովհետև Չեսարը մեծ ընտանիք է ունեցել գիտենք 5 տղաների մասին, որոնցից մեկը մանուկ հասակում մահացել է, մոտ 30-հոգանոց ընտանիք է ունեցել՝ չհաշված պալատի աշխատողներ և այլն»,- նշեց հնագետը։

Պալատի հարևանությամբ բացվել է նաև ձիանոց։

15-րդ դարում՝ 1430-50-ական թվականներին, Օրբելյանները հեռացել են այս տարածքից, տեղափոխվել Լոռի և Վրաստան։ Նրանցից հետո նաև Օրբելյանների պալատն է վերաբնակեցվել, գյուղացիներն են սկսել բնակություն հաստատել, նաև պալատի վերափոխումներ են եղել (ի դեպ, պալատի քարերը որպես շինանյութ են օգտագործվել հետագա կառուցապատումների ժամանակ)։

Պեղումների արդյունքում գլխավոր դահլիճում մի քանի թոնիրներ են բացվել, որոնք նախատեսված են եղել տարածքը տաքացնելու համար։ Հայտնի է, որ պալատը մինչև 20-րդ դար վերաօգտագործվել է։

Հնագետի խոսքով՝ նաև դրանով կարելի է բացատրել այն, որ մինչ այս պահը պեղված տարածքից զարդեր, պղնձե կամ արծաթե մետաղադրամներ չեն հայտնաբերվել հավանաբար վերաբնակիչներն են դրանք վերցրել, իսկ չլինել չէին կարող, որովհետև Չեսարը բավականին հարուստ մարդ է եղել, և այստեղով նաև քարավանային ճանապարհ է անցել։

Չի բացառում, որ նոր բացահայտումներ կլինեն, երբ արդեն հաջորդ տարի մեծացնեն պեղումնավայրի սահմանները արևմտյան կողմում, որտեղ պահպանվել են անխաթար շերտեր։

Պալատից մի քանի քայլ հեռավորության վրա էլ Չեսար Օրբելյանի կառուցած եկեղեցին է։ Միջնադարում բավականին տարածված երևույթ էր, երբ իշխանական պալատի հարևանությամբ եկեղեցի էր կառուցվում։ Այս եկեղեցին գրեթե ամբողջությամբ մնացել էր կառուցված ճանապարհի տակ, մյուս մասն էլ ավերակների մեջ էր թաքնված։ Հայտնաբերվել է նաև կառուցման թվական-արձանագրությունը՝ 1326 թվական։ Պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու ժայռային հիմքերը։ Շինարարները բառի բուն իմաստով կտրել են ժայռն ու եկեղեցի կառուցել։

Շատ լավ պահպանվել է եկեղեցու սալահատակը։ Հնագետ Ավետիս Գրիգորյանը կարծում է՝ պատճառն այն է, որ ուժգին երկրաշարժի ժամանակ եկեղեցին միանգամից է քանդվել՝ այդպիսով ծածկելով ու նաև պահպանելով սալահատակը։ Ենթադրվում է, որ խոսքը 1407թ ավերիչ երկրաշարժի մասին է, որի հետևանքով նաև Օրբելյանների տոհմից են զոհեր եղել։

Պեղումների ընթացքում հնագետները մի զարմանալի բացահայտում էլ են արել՝ հայտնաբերելով մանկահասակ երեխաների (մինչև 7-8 տարեկան) գերեզմանոց։

«Պարզվում է, որ ավերակ եկեղեցու վրա 20-րդ դարասկզբին, մեր ենթադրությամբ՝ 20-30-ականներին, գերեզմանոց է ձևավորվել, որտեղ միայն երեխաների են թաղել։ Մեր պեղումներով հայտնաբերեցինք մոտ 30 մանկական թաղումներ։ Մեր հետագա լաբորատոր հետազոտությունները ցույց կտան, թե ինչ երեխաներ են, ինչից են մահացել, արդյոք համաճարակ է եղել, թե այլ պատճառ է»,- պատմում է հնագետը։

Արդեն իսկ կատարված պեղումները վերականգնման նախագիծ կազմելու հնարավորություն են տալիս։ Հնագետը հուսով է, որ ոչ հեռավոր ապագայում պալատն ու եկեղեցին իրենց նախնական տեսքը կվերագտնեն և զբոսաշրջային հայտնի վայր կդառնան։

Վերականգնման ևս մի նախագիծ է մշակվում այստեղից մի քանի կմ հեռավորության վրա՝ Վարդենյաց լեռնանցքում գտնվող, կրկին Չեսար Օրբելյանի կողմից կառուցված քարավանատունը, որը հայտնի է որպես Սելիմի քարավանատուն։ Միջնադարյան այս շքեղ կառույցը ծովի մակերևույթից 2410 մետր բարձրության վրա է։ Որ սա սովորական քարավանատուն չէ, արդեն մուտքից ես հասկանում, ճակատային քանդակներից՝ ձախ կողմում` առյուծ, աջում` մի հզոր ցուլ: Պահպանվել է հիմնադրման արձանագրությունը, ըստ որի` այն կառուցել է Չեսար Օրբելյանը 1332 թվականին։

Քարավանատան ներքին լուսավորությունն ապահովում են առաստաղի մեջ բացված երդիկները։ Կազմված է երեք դահլիճից: Հիմնական մուտքից ներս մտնող դահլիճն ունի 9 մ երկարություն։ Դահլիճի երկու կողմից ձգվում են 8-ական միաչափ հեռավորությամբ կրապատ, քառանկյուն սյուներ: Դրանց արանքում 16 քարե նավակներ են, որոնք նախատեսված են եղել ձիերին կերակրելու համար։ Դահլիճի վերջում 2 սենյակներ են, որոնք նախատեսված են եղել մարդկանց օթևանելու համար։

«Այս քարավանատունն արժեքավոր է նրանով, որ շատ լավ պահպանված վիճակում է հասել մեզ։ Իհարկե, 1950-ականներին վերանորոգման աշխատանքներ են կատարվել, բայց ընդհանուր առմամբ սա այն տեսքն է, որ գալիս է միջնադարից»,- նշում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։

Սելիմի լեռնանցքում մի քանի այլ քարավանատներ էլ կան կառուցված, քանի որ այստեղով էր անցնում Դվին-Պարտավ ճանապարհը, բայց Սելիմի քարավանատունն է ամենահայտնին ու ամենալավ պահպանվածը։

Սելիմի քարավանատան պատերին ճաքեր են առաջացել Վայոց Ձորի երկրաշարժերի հետևանքով, սակայն կառույցն այնքան ամուր է, որ դիմակայել է դրանց ու կանգուն մնացել։ Խորհրդային տարիներին՝ 1956–1959 թվականներին, վերանորոգվել, ամրակայվել է։ Հիմա արդեն քարավանատան ամբողջական վերականգնման նախագիծ է մշակվում, որն Օրբելյանների այս հզոր կառույցին երկրորդ կյանք կտա։

Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա