ԿԵՂԾ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ. ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ իշխանությունները ՀՅԴ–ի դեմ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի արհեստական և կեղծ գործեր հարուցեն։ ՀՅԴ ԳՄ անդամների ձերբակալությունների նոր ալիքի հետ կապված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը։

«ՀՀ–ում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն, կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպում։ Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ նիկոլական քննչական համակարգը և իրենց վերահսկողության տակ գտնվող դատարանները 5 կալանքի որոշում են կայացրել։ Նրանցից 4-ը 2 ամսով են կալանավորվել, իսկ մեկը` 1 ամսով, ևս 3 անձինք էլ 2 ամսով տնային կալանքի տակ են։ Եվս 1 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մեկ այլ անձի նկատմամբ էլ` երկրից բացակայելու արգելքը։ Խոսքը միայն Վայոց Ձորի մարզի ՀՅԴ գրասենյակի անդամների մասին է»,– նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ սա իշխանության կողմից ձևավորված կեղծ օրակարգ է։ Պատգամավորը վստահ է` իրականությանը չհամապատասխանող արտահայտությունների ներքո հալածանքների են ենթարկվում ՀՅԴ–ականները։ Մինասյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ։

Sputnik Արմենիա