Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմինն այս գազաբենզալցակայաններում հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել և արձանագրել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։
Այդ գազաբենզալցակայաններն են` Երևանում` Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «Վարանդ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանը, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանը, նույն մարզի Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեում շահագործվող բենզալցակայանը։
«Արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ այս գազաբենզալցակայանները կապարակնքվել են։
Sputnik Արմենիա