Սթոլտենբերգը հայտնել է Չինաստանի համար հնարավոր հետևանքների մասին ռազմական ոլորտում ՌԴ-ին աջակցելու պատճառով

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը BBC-ին հայտնել է, որ եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, ստիպված կլինի բախվել հետևանքների։

Սթոլտենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է հասնել երկու արդյունքի»՝ ձգտելով աջակցել թե՛ Ռուսաստանի ռազմական ջանքերին, թե՛ պահպանել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։

«Դա չի աշխատի երկար ժամանակով»,- ասել է Սթոլտենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ։

Շվեյցարիայի գագաթաժողովում, որը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին, տասնյակ երկրներ պարտավորվեցին շարունակել աջակցությունը Կիևին, Ռուսաստանը համաժողովն անվանեց ժամանակի իզուր կորուստ և հայտարարեց, որ կհամաձայնի խաղաղության բանակցություններին, միայն եթե Ուկրաինան ըստ էության հանձնվի։

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող են անել ՆԱՏՕ անդամները Ռուսաստանին Չինաստանի օգնության հարցում, Սթոլտեբերգը պատասխանել է, որ «մշտական խոսակցություն» է վարվում հնարավոր պատժամիջոցների մասին։

Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ տեխնոլոգիաներ է տրամադրում, այնպիսին, ինչպիսին է միկրոէլեկտրոնիկան, որոնք կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար հրթիռներ և զենք ստեղծելու գործում, որը նա օգտագործում է Ուկրաինայի դեմ»։

Սթոլտենբերգն ավելացրել է, որ «մի ինչ-որ փուլում մենք պետք է մտածենք ինչ-որ տնտեսական միջոցների մասին, եթե Չինաստանը չփոխի իր վարքը»։

Պեկինն արդեն գտնվում է որոշ պատժամիջոցների տակ Ռուսաստանին աջակցելու համար։ Մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են չինական և հոնկոնգյան մոտ 20 ընկերությունների։ Չինաստանը պաշտպանում է իր բիզնեսը Մոսկվայի հետ՝ հայտարարելով, որ չի վաճառում մահասփյուռ զենք և «խելամտորեն իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանում օրենքներին և կանոններին համապատասխան»։

News.am