Օ՛ԲՐԱՅԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԹԵՀՐԱՆԻՑ և ՄՈՍԿՎԱՅԻՑ
Իրանն ու ՌԴ-ն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը համարում են իրենց համար «կարմիր գիծ»
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Անցյալ շաբաթ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը օրակարգային մի քանի հարց ուներ՝ ներքաղաքական թոհուբոհի պահին Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերի մասին հայտարարությունները։
Ինչպես Ջոն Բոլթոնը 2018 թվականին, այնպես էլ Ջեյմս Օ’ Բրայենը 2024 թվականին իրական օրակարգի հիմնական մասը հնչեցրել է «Ազատություն»ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում: Ամերիկացի դիվանագետն ասել է. «Մեր կարծիքով, սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Այսինքն՝ Ջեյմս Օ՛Բրայենը խոսել է տրանսպորտային միջանցքի մասին, որը կարող է Հայաստանով անցնել մի քանի ուղիներով։ Սրան գումարվում է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ ասում էին, որ «կոմունիկացիաների վրա կարող են հայտնվել երրորդ կողմի ներկայացուցիչներ, ինչ-որ մասնավոր ընկերության ներկայացուցիչներ, որոնք էլ կապահովեն կոմունիկացիաների գործունեությունը», ինչպես նաև այն, որ «ամերիկյան դեսանտի» այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հաղորդակցությունները կարող են բացվել նույնիսկ մինչև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը», և Դուք կհասկանաք, որ իշխանությունները պատրաստ են միջանցք տրամադրել, և տալ այն «ինքնիշխանության պահպանման» խոսույթի ներքո «ինչ-որ մի մասնավոր ընկերության» (չնայած երբվանի՞ց Frontex-ը՝ «Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը», կարելի է համարել անկախ մասնավոր կառույց, հայտնի է միայն ՀՀ իշխանություններին): Եվ իշխանությունները պատրաստ են դա անել ամենակարճ ժամկետում։
«Տրանսպորտային և լոգիստիկ էքստազում» այսօր նույնիսկ հայտարարվեց Հայաստանում վճարովի ճանապարհների ցանցի հնարավոր ներդրման մասին։ ««Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործարկումը կմեծացնի միջազգային բեռնափոխադրումների ծավալը։ Ուստի տեղական հոսքերը այնտեղից հեռացնելու անհրաժեշտություն կլինի»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ամերիկացի դիվանագետի հայաստանյան այցի էությունը Թեհրանում և Մոսկվայում հիանալի հասկացել են։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները հունիսի 16-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կտրականապես դեմ են արտահայտվել Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)՝ արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի փորձագետների ճնշող մեծամասնությունը միակարծիք է այն հարցում, որ պաշտոնական Թեհրանի և Մոսկվայի այս հայտարարությունն ազդանշան էր առաջին հերթին Հայաստանին։ Շարունակական պետականության բազմադարյա պատմություն ունեցող պետությունները հիանալի հասկանում են, որ խոշոր ոչ տարածաշրջանային պետությունները «ներթափանցում են» աշխարհի տարբեր շրջաններ հենց փոքր երկրների միջոցով… Այսինքն՝ տարածաշրջանային երեք տերություններից երկուսն այսօր հատուկ հայտարարություն են անում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության:
Զուգահեռաբար Ադրբեջանն ակտիվորեն փորձում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ, իսկ Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացրել է գրեթե ռազմավարական գործընկերության մակարդակի։
Իսկ Իրանի և ՌԴ-ի հետ բացահայտ առճակատման Փաշինյանի նպատակաուղղված քաղաքականությունը՝ Բաքվի և Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև փոխգործակցության զուգահեռ աճով, Բաքվի և Անկարայի համար «պատմական հնարավորությունների պատուհան» է ստեղծում Հայաստանից մի շարք տարածքներ անջատելու համար…
Թեհրանի և Մոսկվայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ մենք վտանգավոր կերպով մոտեցել ենք տարածաշրջանային նոր առճակատմանը։ Եթե Փաշինյանը հատի այս «կարմիր գիծը»՝ կապված Իրանի, Ռուսաստանի և նույնիսկ հենց Հայաստանի շահերի հետ (քանի որ ՀՀ տարածքով ցանկացած սուբյեկտի արտատարածքային միջանցք տրամադրելը հակասում է ՀՀ ռազմավարական, խորքային շահերին), ապա մենք անխուսափելիորեն կմտնենք նոր ցնցումների շրջան…
Մտածե՛ք այդ մասին…»։