ԵԹԵ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ «ՆԵՐԳԱՂԹԵԼ ԵՆ», ԱՊԱ ԳՈՒՑԵ ԳԵՐԻՆԵՐՆ ԷԼ ԿԱՄԱՎՈ՞Ր ԵՆ ՄՆՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ, ՊԱՐՈՆ Օ'ԲՐԱՅԸՆ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացրել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ Արամ Առաջինի հանդիպման մասին: «Նորին Սրբությունը, անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային հովանավորության ներքո, և շեշտեց Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը և այս հարցով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների և հայ մյուս գերիների ազատ արձակման հարցը վերջին օրերին գնալով ավելի ակտիվ միջազգային հնչեղություն է ստանում: Միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում հրապարակվել են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի մի շարք հայտարարություններ, կազմակերպվել է ստորագրահավաք, ակցիաներ են տեղի ունեցել եվրոպական քաղաքներում, հնչել միջազգային տարբեր կազմակերպությունների հայտարարություններ, հոդվածներ են տպագրվել համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներում, կտրուկ ակտիվացել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խմբի գործունեությունը։

Լռություն է տիրում միայն Երևանում։ Ավելի ճիշտ՝ քար լռություն և ցուցադրական անտարբերություն են պահպանում Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, և միայն «Հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքների ժամանակ է մշտապես խոսվում գերիների ազատագրման անհրաժեշտության մասին։ Արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Արցախի առաջնորդները Բաքվի բանտախցերում պահվում են Փաշինյանի և Ալիևի փոխադարձ համաձայնությամբ, իսկ ՔՊ-ի ռեժիմը խիստ շահագրգռված է, որ նրանք այնտեղ մնան հնարավորինս երկար՝ հետագա դատապարտմամբ ու դատավճռով։ Եվ որ դժվար է այս կարևորագույն խնդրի լուծում ակնկալել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին է դավաճանների ավազակախումբը։

Մեկ շաբաթ առաջ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը հարցազրույց տվեց  հայկական հեռուստաալիքներից մեկին։ Հիշեցնեմ, որ Վիգենը նրանցից մեկն է, ովքեր գերեվարվել են պատերազմից անմիջապես հետո և արդեն 3 տարի 8 ամիս տանջվում է Բաքվի բանտում՝ անասելի տառապանքներ ապրելով։ Ալիևի հանցավոր ռեժիմն առանձնակի ոխով է խոշտանգում ու ծանակում նրան, ասես վրեժ լուծելով հայկական ողջ Սփյուռքից։

Լինդա Էուլջեքյանի հարցազրույցն անհնար է կարդալ առանց սարսուռի։ Նրա խոսքերով՝ գերին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում և նույնիսկ մտածում ինքնասպանության մասին: «Մեր վերջին հեռախոսազրույցում Վիգենը հարցրեց՝ ի՞նչ է կատարվում դրսում, ճիշտն ասա, Հայաստանը մեզնից հրաժարվե՞լ է, որովհետև այստեղ հեռուստացույցով ասում են, որ հրաժարվել է, ու գոռում էր հեռախոսի մեջ: Ես ասացի, որ Հայաստանը պահանջում է քեզ վերադարձնել, այնպես չէ, որ հրաժարվել է, թող չխաբեն»։ Եվ հավելեց, որ ուզում է հավատալ, որ ինքը չի սխալվել, և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հայ գերիներին վերադարձնելու համար:

Դաժանության աստիճանով աներեվակայելի այն հոգեբանական ճնշման մասին, որին ենթարկվում են հայ գերիները Բաքվի բանտերում, խոսելն ավելորդ է. դա դուրս է մարդկային գիտակցության սահմաններից: Բայց նույնքան դժվար է գիտակցել, որ ՀՀ իշխանություններին Լինդա Էուլջեքյանի ապավինումը ոչնչով արդարացված չէ, և հույսը տվյալ դեպքում միայն հայաստանյան և միջազգային հանրության ջանքերն են։ Ճնշումը, որ կարող է գործադրվել Բաքվի վրա տարբեր կառույցների և երկրների կողմից։

Եվ ահա այստեղ առաջանում է ինչ-որ փակուղի։ Նման ճնշում, ընդ որում՝ բավական հզոր, կարելի էր կազմակերպել, եթե բուն Երևանում այդ ուղղությամբ ջանքեր գործադրվեին և համապատասխան աշխատանք տարվեր։ Բայց եթե նախկինում փաշինյանական հանցախումբը գոնե երբեմն հայտարարություններ էր հնչեցնում գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին, ապա վերջին ամիսներին ո՛չ անձամբ Նիկոլը, ո՛չ էլ իր ազիզ ընկեր Միրզոյանը ծպտուն անգամ չեն հանում այդ առնչությամբ։

Կարելի է միանգամայն հիմնավորված պնդել, որ ինչքան ավելի բարձր ու հաճախ են ձայներ հնչում գերիներին ազատ արձակելու պահանջով, որքան ավելի ակտիվ է դրա համար պայքար մղվում տարբեր մակարդակներում, այնքան ավելի համառ ու խոսուն են լռում նրանք, ովքեր այսօր ներկայացնում են Հայաստանը միջազգային ասպարեզում։ Եվ սա ամենևին էլ չափազանցություն չէ։ Ահա ընդամենը մեկ փաստ. հունիս ամսվա ողջ ընթացքում հերթով Երևան են այցելել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, այն երկրի, որը հաստատ կարող է ճնշում գործադրել Ալիևի վրա։ Բայց պաշտոնական հաղորդագրություններում և կողմերի ներկայացուցիչների ելույթներում գերիների մասին մի բառ անգամ չհնչեց, ոչ մի բառ։

Հիմա հարց. ինչո՞ւ պիտի այդ մասին խոսեն ամերիկացիները, եթե հայերն իրենք լռում են։

Այս համատեքստում արժե հիշել, որ գտնվելով Երևանում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայընը ցինիզմի և այլասերվածության աստիճանով ցնցող խոստովանություն արեց։ «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը տված հարցազրույցում նա հայտարարեց. «Քանի դեռ անկախ հետաքննությունը չի ավարտվել, Վաշինգտոնը հստակ գնահատական ​​չունի այն մասին, թե Ղարաբաղում տեղի ունեցածը ներգաղթ է, թե էթնիկ զտում»:

Հիշեցնեմ, որ Հայրենիքից արցախահայության գաղթից անմիջապես հետո հենց Օ'Բրայընը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հայտնեց, որ Պետդեպարտամենտը զեկույց է պատրաստում տեղի ունեցածի վերաբերյալ:

«Պետքարտուղարի ցուցումով մենք համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ ոչ միայն այս օրերին, այլև դրանից մի քանի ամիս առաջ»,- ասաց նա: Ըստ երևույթին, այն ժամանակ Պետդեպարտամենտում չէին կասկածում ողբերգությունն առնվազն որպես բռնի տեղահանում գնահատելու հարցում։ Այդ մասին էին վկայում նաև Պետդեպարտամենտի մյուս ներկայացուցիչների հայտարարությունները շրջափակման ժամանակաշրջանում և Արցախի ամայացումից անմիջապես առաջ։

Ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ այդ ընթացքում, որ այսօր նշյալ գերատեսչությունում չեն ամաչում խոսել «ներգաղթի» վարկածի մասին՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից կատարվածին տրված միանշանակ գնահատականների խորապատկերին՝ որպես ցեղասպանության և էթնիկ զտումների։ Գուցե Փաշինյա՞նն է խնդրել։ Թե՞ ամերիկացիները հիմք են ընդունում նրա սկանդալային հայտարարությունը, իբր՝ «Արցախի հայերին վտանգ չի սպառնում», որը միտումնավոր արվեց հենց այն օրը և այն ժամին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում էր Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան և ցեղասպանությունը։

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե Պետդեպարտամենտում այս կամ այն իրադարձությունները գնահատելիս առաջնորդվում են այնպիսի մանր արարածի հայտարարություններով, ինչպիսին Նիկոլն է։ Բայց միանշանակ է նաև, որ Վաշինգտոնում միանգամայն կարող են դա անել, եթե ձեռնտու է իրենց, կամ զուտ իրենց անհրաժեշտ, ուղնուծուծով յուրային իշխանությանը աջակցելու համար։ Ամենայն հավանականությամբ, տվյալ դեպքում երկու շարժառիթներն էլ գործել են:

Ուրեմն արժե՞ զարմանալ, եթե Արցախի առաջնորդներին Բաքվի բանտերում տեսնելու Փաշինյանի գրեթե անթաքույց ցանկությունը և նրա խոսուն լռությունը բացեն հենց նույն Օ'Բրայընի լեզուն և հնարավորություն տան նրան հայտարարելու, օրինակ, թե գերիներին ներկայացվող մեղադրանքներն օրինական են ու հիմնավորված։ Եվ արժե՞ արդյոք կասկածել, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում դա միանգամայն իրական է։