Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱԼՎԱԾ ԴԻՎԱՆԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՈՒՅՍ ՔԱՅԼԵՐԻՑ ՄԵԿՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այն, որ հայկական դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ մտել է փակուղի, երկրորդ կարծիք լինել չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով երեկ կայացած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ու դրա բովանդակության մասին։
Նա ընդգծեց, որևէ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, այդ թվում և բանագնացների մակարդակով չկա։
«Այս քայլը ես որակում եմ հայկական տապալված դիվանգիտության անհույս քայլերից մեկը, որի նպատակն է իբրև թե ակտիվություն հաղորդել հայ-թուրքական հարաբերություններին։ Երբ նայում ենք արդյունքներին, ոչ սահմանի բացում կա անգամ երրորդ երկրների քաղաքացների համար, ոչ բեռնափոխադրումների վերաբերյալ ձեռքբերումներ կան։ Կարծում եմ, իշխանությունները և նրանց ծառայող դիվանագետները գոնե իրենք իրենց կխոստովանեն, որ որևէ առաջընթաց այս առումով չկա»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի զանգն ու Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորանքը փորձ են ակտիվացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության։
Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բովանդակությանը, երբ նշվում է, առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին, Մելքոնյանը նշեց, որ դա կարող է միայն ժպիտ առաջացնել։
«Այնքան նախապայմաններ են արդեն իսկ դրված Հայաստանի առջև, դրանց մի մասի առումով Հայաստանում գործընթաց է տեղի ունենում հենց նույն Փաշինյանի կողմից, խոսքը վերաբերում է Արարատ սարը որպես սիմվոլ հանելուն, ցանկացած թուրքագետ գիտի, որ 1990-ական թվականներից Թուրքիայի դրած պահանջներից ու նախապայմաններից մեկն է, Հայոց Ցեղասպանության խնդրի հետ կապված մոտեցումները, որն անգամ Լեմկինի ինստիտուտի տարակուսանքն է առաջացնում, վարչապետի ապրիքսանչորսայան ուղերձը և բազմաթիվ այլ պայմաններ... Այս իրավիճակում խոսել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, երբ արդեն իսկ դու լծված ես թուրքական նախապայմանները կյանքի կոչելուն, ուղղակի լուրջ չէ բառիս բուն իմաստով։ Հետևաբար այդ բովանդակությունը համահունչ է չստացված ու փուկուղում գտնվող հայ-թուրքական հարաբերություններին»,-ասաց թուրքագետը։
Հեռախոսազրույցի վերաբերյալ ԵՊՀ պրոֆեսորի երրորդ դիտարկումն այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Լուկաշենկոյի ու Բելառուսի հանդեպ դեմարշ է անում այն պատճառով, որ նա օգնել է Ադրբեջանին ու Թուրքիային, բայց Թուրքիայի նախագահի հետ կարծես շատ ջերմ հեռախոսազրույց է ունենում, մասնակցում նրա երդմնակալության արարողությանը։
«Լուկաշենկոյի նկատմամբ ցուցաբերած նույն հաստատակամությունը, բառապաշարը, կոպտությունը, իրենց ձևակերպմամբ դուխով լինելը, որևէ կերպ չի կարողանում ցուցաբերել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, ստացվում է շատ տարակուսելի վիճակ։ Բելառուսի նախագահին ինչում մեղադրում է օբյեկտիվորեն, Լուկաշենկոյի պահվածքը, Արցախ վերջին այցը որևէ մեկիս մոտ նրա ու նրա քաղաքականության հանդեպ դրական մտածելու տեղ չի թողնում, զարմանալի կերպով նման վերաբերմունք չի դրսևորում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների նկատմամբ։ Հետևաբար, սա երկակի ստանդարտների հերթական դրսևորում է, երբ մի պահ դուխով են, իսկ հաջորդ պահին, երբ խոսում է Թուրքիայի ղեկավարի հետ, այդ դուխովից ոչ մի հետք չի մնում»,-նշեց Մելքոնյանը։