ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ․ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ Է»

Պետական գերատեսչություններում փորձում են նույնականացնել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին են մասնակցում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց: Ապա կանչում և բացատրություններ են պահանջում, նախատում»,- գրում է թերթը։

«Հրապարակի» տեղեկություններով՝ գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` բացառությամբ 1-2-ի, մշտապես մասնակցել է հանրահավաքներին։ Կանչել են և առաջարկել դիմում գրել և գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ։ Նշվում է, որ անգամ հաշվի չեն առնում՝ աշխատակիցները փորձառու, անփոխարինելի, թե ոչ։

Թերթը նաև գրում է, որ աշխատակիցներից շատերը հակահարված են տվել՝ ասելով, թե պետական ապարատը նրանց սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ իրենց սահմանադրական իրավունքն է:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են։ Սրբազանն արդեն հայտնել է, որ այն ավելի մասշտաբային կլինի։

Sputnik Արմենիա