Բլինքենի հետ զրույցում Ալիևը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից և ԵԱՀԿ ՄԽ-ից

Պետք է դադարեցնել տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Day.az-ը։

Նշելով, որ տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն, իսկ խաղաղության պայմանագրի հիմքը կազմող սկզբունքների և դրա տեքստի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, Ալիևը ընդգծել է, որ կարգավորման գործընթացի և երկկողմ հիմքով խաղաղ օրակարգի առաջմղման ջանքերը շարունակվում են։ Բարձր գնահատելով ԱՄՆ վճռականությունը խաղաղության օրակարգում ավանդ ներդնելու հարցում՝ պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում, համապատասխան օրենքներում և ներքին նորմատիվ-իրավական փաստաթղթերում, դադարեցման կարևորությունը խաղաղության օրակարգի առաջմղման տեսակետից։

Նա նաև հայտնել է, որ վաղուց եկել է չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների գործունեությունը պաշտոնապես դադարեցնելու ժամանակը, որպեսզի լիովին փակվի հակամարտության էջը, որն անցյալի մնացուկ է դարձել։

News.am