ՔԿ-Ի «ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՆ» ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Հասարակական գործիչ Տիգրան Առաքելյանի և «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանի խոշտանգումներին և կտտանքներին ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցության անհերքելի ապացույցներ կան: Կան փաստաթղթեր, որոնք արձանագրում են Գալստյանին ծեծի ենթարկելը, ինչպեսև Առաքելյանին պատճառված ֆիզիկական խեղումները։ Կա գաղութից Գալստյանի գրած նամակը Փաշինյանին, որը հրապարակվել Է ԶԼՄ-ներում։ Քյարամյանի առնչությունը խոշտանգումներին և ծեծին հիշատակված է Ավետիք Իշխանյանի գլխավորած Հելսինկյան նախաձեռնության միջանկյալ զեկույցում:

ՀԱՐՑ. ԻՆՉՈ՞Ւ Է ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ԱՌ ԱՅՍՕՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Ինչո՞ւ պիտի քաղաքականացված հանրությունը հավատա, թե ՔԿ-ն «հիմնավոր կասկածներ» ունի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցների կաշառման վերաբերյալ, որոնց հիման վրա կան ձերբակալվածներ: Ո՞վ սթափ ուղեղով կհավատա «հիմնավոր կասկածներ» ունեցող ՔԿ-ին, որը Քյարամյանի ղեկավարությամբ սպասարկում է Փաշինյանի քաղաքական շահերը։

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում ակցիայի մասնակիցների կաշառման վարկածի շրջանառումը սկսեց անձամբ Փաշինյանը, որը խորհրդարանի ամբիոնից ճղավեց, թե «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումն ընկալում է արցախահայերին որպես «5 հազար դրամով ցույցի մատերիալ»։ Հանձնարարությունը հնչեցվեց և անմիջապես հանգեցրեց վհուկաորսի. մարդկանց սկսեցին բերման ենթարկել փողոցային պայքարի մասնակիցներին 5 հազար դրամով կաշառելու «հիմնավոր կասկածով»։

Մի՞թե սրբապղծություն չէ. քաղաքական կաշառքի մասին խոսում է մի գործիչ, որն այդ երևույթը բարձրացրել է պետական քաղաքականության աստիճանի: Մի՞թե սրբապղծություն չէ, որ ազգային շահերի դավաճանության իր ուղեգծին աջակցությունը անթիվ պարգևավճարներով և իշխանության առաջին էշելոնի մարդկանց աշխատավարձերի անդադար բարձրացումով ապահոված խամաճիկը ինչ-որ մեկին մեղադրում է կաշառատվության մեջ։

Փաշինյանն ինքն է կաշառել բոլորին. նախարարներից ու պատգամավորներից մինչև ոստիկաններ ու դատախազներ, քանզի կաշառքը «պարգևավճար» անվանելիս երևույթի էությունը չի փոխվում։ Փաշինյանը հաճախ է օգտագործել փողը քաղաքական հարցեր լուծելու համար, բայց ընդ որում կաշառատվության մեջ միշտ «մերկացրել» է ուրիշներին։ Հենց ինքը վարչապետի պաշտոնում իր կարիերան սկսեց միլիոնանոց պարգևավճարներ բաժանելով, որից հետո քաղաքական կաշառատվության մեջ մեղադրեց իր ընդդիմախոսներին

Նախադեպերը հայտնի են. ամենից աղմկալին կապված է Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Հենց որ ԲՀԿ առաջնորդը հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի պահանջով, խորհրդարան եկավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ «հիմնավոր կասկածով», թե 2017թ. խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանը ղեկավարել է ընտրողների կաշառումը: Մեղադրանքի համար հիմք ծառայեց ԲՀԿ մարզային գրասենյակներից մեկում այլ գործով խուզարկության ժամանակ հայտնաբերված թղթի կտորը: Այնտեղ գրված էր մի քանի անուն։ Չկար ո՛չ Ծառուկյանի ստորագրությունը, ո՛չ էլ կուսակցական կնիքը, բայց Դավթյանին հրահանգված էր հիմքեր գտնել Ծառուկյանին կալանավորելու համար։ Հրամանը կատարվեց. «Ծառուկյան» խմբակցության ղեկավարին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորեցին, նա ճաղերի հետևում անցկացրեց ողջ 44-օրյա պատերազմը, չկարողանալով ճակատի համար անել ավելին, քան հնարավոր էր բանտից։

Միանգամայն հիմնավոր կասկած կա, որ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը բանտ նետեց ԲՀԿ առաջնորդին, զրկելով նրան 5 հազար կյանքի գնով Արցախի տարածքի 75%-ի պայմանավորված հանձնման վրա ազդելու հնարավորությունից։ Մինչ օրս ոչ ոք չի կարողանում ըմբռնելի պատասխան ստանալ հետևյալ հարցին. եթե Ծառուկյանի հասցեին մեղադրանքները հիմնավորված էին, ապա ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո նրան ազատ արձակեցին։

«Դիմադրություն» շարժման (2022թ.) ակցիաներին մասնակցելու համար ուսանողներին կաշառելու փորձի մեկ այլ «հիմնավոր կասկած» հիմք դարձավ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելու համար: Որպես իրեղեն ապացույց ներկայացվեց մասնավոր զրույցի ձայնագրությունը։ Հունիսի 12-ի դեպքերից հետո ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ձերբակալության համար նույնպես օգտագործվեց հեռախոսազրույցի ձայնագրություն: Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների նախօրեին ռեժիմը Հ1-ի եթերում հրապարակեց Արցախի բարբառով խոսող տղամարդկանց զրույցը, ընդ որում հեռուստաալիքը սխալ էր թարգմանել ոտնաման (վընաման) բառը՝ ներկայացնելով դա իբր գումարի ստացում։

Կեղծիքը բացահայտվեց, հեռուստաալիքը ներողություն խնդրեց «սխալմունքի» համար, բայց հարցերը մնացին, և դրանցից գլխավորը՝ ինչպե՞ս կարող է մտածող հանրությունը վստահել փողոցային ակցիաների մասնակիցների կաշառման մեղադրանքներին, երբ փաշինյանական արդարադատությունն ու փաշինյանական քարոզչությունը ստում են անդադար։ Օրինակ՝ այն մասին, թե Խաչատուր Գրիգորյանին պատկանող գրասենյակի խուզարկությունները թելադրված են դեռևս 2023 թվականին հարուցված հարկերի չվճարման գործով, այլ ոչ թե նրանով, որ տաքսի ծառայության սեփականատերը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

Ակնհայտ է, որ հունիսի 12-ից հետո զանգվածային խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները նպատակ էին հետապնդում կրճատել հունիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների թիվը, սակայն ԳԱԱ շենքի մոտ ակցիան կայացավ՝ հռչակելով պայքարը շարունակելու ուղեգիծ: Բռնաճնշումների կոչեր այսօր էլ հնչում են ՔՊ-ի և 4 գաճաճ կուսակցությունների կազմած այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չափն անցավ այն աստիճան, որ մեղադրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկան սպանելու փորձի մեջ: Փաշինյանի շրջապատը կոչ է անում դաժան հաշվեհարդար տեսնել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի հետ, կարծելով, թե նրա ձերբակալությունից հետո շարժումը կմարի, և Փաշինյանը կկարողանա շարունակել անպատիժ հանձնել տարածքներն Ալիևի թելադրանքով:

Ճամարտակելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների կաշառման մասին՝ Փաշինյանը չափում է ուրիշներին իր և իր թիմակիցների արշինով, որոնց համար կարևորը փողն է։ Ոչ ոք չի հավատա, թե լուսաձայնային նռնակի պայթյունից տուժած արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանը («Տաթև Արցախ») կարող էր փող վերցնել ինչ-որ մեկից՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Կամ ինչ-որ մեկը կհավատա՞, թե փող է վերցրել լրագրող և հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանը։ Փաշինյանն ուզում է համոզել հայերին, թե նրանք կարող են իրենց իրավունքների և ազգային արժանապատվության համար պայքարի ելնել միայն 5 հազարից մինչև 15 հազար դրամի դիմաց։ Հեռավոր մարզերի բնակիչները հաճախ են դիմում ակցիաների կազմակերպիչներին՝ խնդրելով օգնել հասնել Երևան, այդ խնդրանքները ռեժիմը փորձում է ներկայացնել իբրև գործարք և կաշառք

Մարդիկ գումար չունեն տրանսպորտի համար, բայց ցանկություն ունեն աջակցել շարժմանը։ Ասենք, թող յուրաքանչյուր ոք դատի ըստ ժողովրդի մասին իր պատկերացումների։ «Հերացի» համալսարանական կլինիկայից Տաթևը հետևյալ խոսքերն է ուղղել հայրենակիցներին. «Մեզ հետևողականորեն պատժում են Հայրենիքը պահել ցանկանալու և քոչվոր դառնալ չցանկանալու համար»։