Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԱՍԵԼ՝ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԱՐԵԼ Է ԿԱՄ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐԵԼ, ԱԲՍՈՒՐԴ Է
Ասել, որ շարժումը մարել է կամ հետընթաց է ապրել, դա աբսուրդի ժանր է ինձ համար, որովհետև շարժումը դինամիկ է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիր անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ խորհուրդն առաջին իսկ օրվանից իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ քաջ գիտակցելով, որ շարժումը համահայկական է և հանրության լայն շերտեր է ներգրավել իր մեջ:
«Մենք, որպես խորհուրդ, առաջին իսկ օրվանից հայտարարեցինք՝ մեր ամբողջ ներուժը, փորձը, հետագիծը ներդնելու ենք, որպեսզի այս շարժումը հաջողի: Շարժման գաղափարախոսությունը բավականին հմայիչ էր: Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, մազաչափ անգամ չէինք կասկածում իր անկեղծության, պահվածքի, խոսքի, պատասխանատվության բարձր զգացումի ու իր նվիրյալ կեցվածքին: Ասել, որ շարժումը մարել է կամ շարժումը հետընթաց է ապրել, դա աբսուրդի ժանր է ինձ համար, որովհետև շարժումը դինամիկ է»,- ընդգծել է Վահագն Մելիքյանը:
Նա նշել է, որ վերջին տասնամյակում միայն Բագրատ Սրբազանին է հաջողվել մի սեղանի շուրջ հավաքել մասնագետների, ՀԿ-ների, բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Ցանկացած նմանատիպ, հատկապես այս կարգի շարժում չպետք է փորձել նայել դասականի ակնոցներով, որովհետև շարժումը ոչ դասական է, ոչ օրդինար է, պետք է փորձել մի քիչ դուրս գալ դասականի շրջանակից: Այստեղ է հենց այն գաղտնիքը, որ հասարակության շատ լայն շերտեր, ներգրավված են եղել՝ անկախ կուսակցական պատկանելությունից, առաջին անգամ, ըստ իս, վերջին տասնամյակների ընթացքում Սրբազանին հաջողվել է մեկ սեղանի շուրջ մեկտեղել տարբեր կազմակերպությունների, ՀԿ-ների, մասնագիտական կառույցների, անհատների:
Դա ստացվել է մի պարզ պատճառով՝ այն մարդիկ, որոնք այդ սեղանի շուրջ են նստած եղել, հասկացել են՝ ինչի մասին է սա: Հասկացել ու հավատացել են այս անկեղծությանը: Հետևաբար, որտեղ կա ճշմարտություն, բացառված է, որ այդ ճշմարտությունը չհաղթի»,- ասել է մեր զրուցակիցը:
Մելիքյանի խոսքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն բոլորի շարժումն է, ոչ թե միայն Բագրատ Սրբազանինը։
«Դժվարություններ, խոչընդոտներ միգուցե հնարավոր են ու դա հատուկ է բոլոր շարժումներին, մարդիկ էլ նրա համար են, որ կարողանան փորձել գտնել սխալները, փոքրիկ ականները ու դրանք վնասազերծելով՝ նայել դեպի առաջ, հաջորդ հանգրվանին շատ ավելի պատրաստված առաջ տանել այս ամեն ինչը: Այս շարժումը այլևս Բագրատ Սրբազանի շարժումը չէ, այս շարժումը բոլորիս շարժումն է: Այս գիտակցումով է, որ մենք պիտի շարժվենք առաջ»,- եզրափակել է ՎահագՆ Մելիքյանը: