ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԵՂ ԱՃ…
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կնոջ՝ կրտսեր ծրագրավորող Մարիամ Ավագյանի աշխատավարձը 2022 թվականին կազմել է 3,6 միլիոն, իսկ 2023 թվականին՝ արդեն 6,7 միլիոն: Նկատի առնելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման վրա նրա ամուսնու կոպիտ հարձակումները՝ կարելի է ենթադրել, որ այս տարի Ավագյանին սպասվում է աշխատավարձի հերթական բարձրացում: Լրատվամիջոցները վաղուց են նկատել, որ ՔՊ խմբակցության պատգամավորների և նախարարների կանայք, որտեղ էլ որ աշխատեն, աշխատավարձի անշեղ աճ են արձանագրում: Հովհաննիսյանը բոլորովին չի սիրում, երբ ԶԼՄ-ներն իրեն հարցնում են 2018-ի «հեղափոխությունից» հետո փակված քրեական գործի մասին, որին ինքը ամենաշահագրգիռ մասնակցություն է ունեցել: ԶԼՄ-ների հավաստմամբ՝ գործը կապված էր թմրանյութերի հետ։
Պատգամավորին պատասխանատվության չենթարկեցին նաև օմբուդսմենի պաշտոնի ընդդիմության թեկնածուի հասցեին հրապարավ սպառնալիքներ հնչեցնելու համար: Հանձնաժողովի նիստում Հովհաննիսյանը ի լուր ամենքի սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն: Սպառնալիքներով ռեպորտաժը ցուցադրվեց բոլոր հեռուստաալիքներով։ ՔՊ խմբակցությունն ունի ոչ միայն քարտուղար, այլև ղեկավար՝ Հայկ Կոնջորյանը. ՀՀԿ-ից մինչև ԲՀԿ նրա քաղաքական դեգերումներին նվիրված են բազմաթիվ հրապարակումներ: Կոնջորյանը տարբեր տարիների սպասարկել է ՀՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի կուսակցության շահերը, ընդ որում՝ միշտ օգուտ քաղելով սեփական սիրելի անձի համար: Օրինակ, նրա բուհական ուսման վարձը վճարել է հայտնի գործարար, երրորդ նախագահի ընկեր Բարսեղ Բեգլարյանի հիմնադրամը։ Այսօր Կոնջորյանը փրփուրը բերանին պաշտպանում է Փաշինյանի շահերը, և դա է նրա ընտանիքի բարեկեցության անշեղ աճի գլխավոր գրավականը։
2018 թվականի «հեղափոխությունից» անմիջապես հետո Կոնջորյանը բնակարան գնեց, իսկ 2022 թվականին՝ 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։ Ըստ հայտարարագրի՝ դրամով կանխիկ գումարը 2023 թվականին, 2022-ի համեմատ, ավելացել է 1,5 մլն-ով ՝ կազմելով 3 մլն դրամ։ 2023-ին եկամուտները կազմել են 9 մլն 950 հազար դրամ՝ պատգամավորական աշխատավարձի տեսքով: Նրա կնոջ՝ «ՀայՓոստ» կազմակերպությունում աշխատող Շուշան Ալեքսանյանի եկամուտները ամեն տարի կրկնապատկվում են։ Փաստն արդեն դարձել է լրատվամիջոցների ուսումնասիրության առարկա։ 2 տարվա ընթացքում Կոնջորյանի կնոջ աշխատավարձը ամսական 150 հազար դրամից հասել է 800 հազարի։ 2023 թվականին կրկին բարձրացում եղավ, և Ալեքսանյանի աշխատավարձը կազմեց ավելի քան մեկուկես միլիոն դրամ։ Սա՝ ՔՊ խմբակցության ղեկավարության մասին, հիմա անցնենք շարքային պատգամավորներին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մասին քաղաքականացված հանրությունն առաջին անգամ իմացավ՝ նայելով ծեծված կենակցի սարսափելի լուսանկարներին։ Երիտասարդ կինը հրապարակեց անմարդկային բռնության փաստերը, որոնց համար իշխող կուսակցության պատգամավորը պատիժ չկրեց, իսկ որոշ ժամանակ անց գլխավորեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը…
Նախքան 2018-ի «հեղափոխությունը» Բաքոյանը ազգային փոքրամասնության շարքային ներկայացուցիչ էր, իսկ «հեղափոխությունից» հետո նրա ֆինանսական բարեկեցությունը կտրուկ աճեց։ 2019 թվականին Բաքոյանն իր համար առանձնատուն գնեց Վեդի համայնքում, իսկ 2023 թվականին՝ 32 մլն 400 հազար դրամ արժողությամբ նոր բնակարան Երևանում: Պատգամավորը հայտարարագրել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենա: Հաշվետու տարում Բաքոյանի եկամուտները կազմել են 10 մլն 443 հազար դրամ՝ պատգամավորական աշխատավարձի տեսքով, որը 2022 թվականի համեմատ աճել է 2 մլն 24 հազար դրամով, իսկ բացի այդ, երիտասարդ պատգամավորը հայտարարագրում նշել է սոցիալական ապահովության նախարարությունից ստացած 696 հազար դրամ կենսաթոշակը: Անցած 3 տարիների ընթացքում: պատգամավոր Բաքոյանը հանդես է եկել որպես ընդամենը մեկ օրինագծի համահեղինակ՝ ամուսնության գրանցման տարիքը 18 տարեկանից բարձր սահմանելու մասին…
Մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ բռնված պատգամավորն իրեն թույլ տվեց խորհրդարանի բարձր ամբիոնից, դիմելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, հայտարարել «քրեական վատ անցյալ ունեցող սրբազանների», «նարկոբարոն սրբազանների», «ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատեր սրբազանների», «համաժողովրդական շարժման անվան տակ իշխանությունը զավթելու փորձ անող սրբազանների» մասին։ Ինչպես ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ում կովը բառաչի...»:
Մեկ հոդվածի շրջանակներում անհնար է ներկայացնել բոլոր պատգամավորների և նախարարների բարօրության անշեղ աճը, ուստի կենտրոնացրել ենք ուշադրությունը նրանց վրա, ովքեր առանձնակի եռանդ դրսևորեցին խորհրդարանի պատերի մոտ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիաների ժամանակ։
Տղամարդկանց ընկերախմբից անցնենք անզուգական նախկին հաղորդավարուհի Լուլուին (ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյան), որի պատգամավորական աշխատավարձը 2022-ի համեմատ աճել է 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազարից հասնելով 10 մլն 508 հազար դրամի։ Եվս 3 միլիոն Լուլուն ստացել է խորհրդարանից՝ որպես «այլ եկամուտ»։ Թե ինչ է ենթադրվում դրա տակ՝ հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում պատգամավորը փայատիրությամբ հողակտոր է ձեռք բերել։ Բադալյանը նաև մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում 2013-ին գնված բնակարանի բաժնեմասի սեփականատեր է: Պատգամավորը մի քանի տասնյակ միլիոն դրամի վարկեր ունի, արտասահմանյան մակնիշի մեքենա չունի, փոխարենը Նիկոլին հավատարմորեն ծառայելու մեծ պատճառ ունի, չէ՞ որ վարկերը պետք է մարել...
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ արտասահմանյան մեքենա չունի, փոխարենը 3 բնակարան ունի մայրաքաղաքի Արաբկիր համայնքում, որոնք գնվել են 2020 թվականից ի վեր: Ընդ որում Հակոբյանը որպես միակ եկամուտ հայտարարագրել է պատգամավորի աշխատավարձը…
Սկանդալային համբավ վայելող Սիսակ Գաբրիելյանը 2023 թվականին 12 մլն դրամով ձեռք է բերել 2018 թվականի արտադրության VOLKSWAGEN՝ վաճառելով արտասահմանյան մակնիշի հին մեքենան 8 մլն-ով։ Գաբրիելյանն ունի նաև բնակարան Շենգավիթ վարչական միավորում, իսկ 2021 թվականին նրա բարեկեցությունն այնքան աճեց, որ իրեն թույլ տվեց տուն գնել Գյումրիում։
ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը բնակարան ունի, որը ձեռք է բերել 2022 թվականին: 24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Առքուվաճառքը տեղի է ունեցել «Ալվինա» հյուրանոցային համալիրի հետ գործարքի արդյունքում։ Նույն մարզում Նազարյանն ունի բնակարան, որի համասեփականատերն է ամուսինը՝ Նարեկ Բաբայանը։ Այդ բնակարանը Առինջ համայնքում է։ Երրորդ բնակարանը Երևանի Նորք Մարաշ համայնքում է։ Մինչև 2018-ի «հեղափոխությունը» Նազարյանը լրագրող էր և երազել անգամ չէր կարող անշարժ գույքի նման քանակի մասին։
Վերջին շրջանում առանձնակի ուշադրության է արժանացել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ընտանիքը, որն իր ամուսնուն՝ Արամայիս Միրզոյանին, ավելի ճիշտ՝ նրա ընտանիքին տրամադրել է վաճառքի համար առանձնատներ կառուցելու լայն հնարավորություններ: Պատկան մարմիններն արձանագրել են, որ քաղաքապետը ձեռք է բերել համայնքային նշանակության հողեր և, չսպասելով թույլտվություններին, արտոնել շինարարությունը: Գասպարյանը շինարարության թույլտվություն է տվել «Նարե պլյուս» ՍՊԸ-ին, որը պատկանում է ամուսնու մորը:
Կառավարության անդամներից հատուկ ուշադրության է արժանի բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանի ունեցվածքը։ Նա պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Մինչև 2023 թվականը ստացել է տարեկան 20 մլն դրամ, սակայն 2023 թվականին աշխատավարձի տեսքով եկամուտներն աճել են՝ կազմելով 21 մլն 323 հազար դրամ։ Սիմիդյանն ամուսնացած է, ունի 1 երեխա, սակայն նրա հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մասին տեղեկություններ չկան: Նախարարը հայտարարագրում նշել է 1991թ.արտադրության BMW ավտոմեքենան, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մի քանի ՍՊԸ-ների բաժնետոմսեր:
Ջրհեղեղների և սելավների հետևանքով աղետներից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հետաքրքրությունը շարժեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի եղբոր բարօրության անշեղ աճը: Մեծ հետաքրքրության պատճառներն այնքան ակնհայտ են, որ առանձնակի մեկնաբանությունների կարիք չունեն, իսկ այ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրում նշել է Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող բնակարանը, ինչպես նաև 2022թ. արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը նույն թվականին ձեռք է բերել 7 մլն 168 հազար դրամով: Նախարարը իշխանական քարոզչամեքենայի գլխավոր խոսափող, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի օրինական կինն է…