ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ. ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ
Հունիսի 19-ին ՀՀ վարչապետի աթոռին բազմածը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում պետք է փոփոխություններ լինեն։ «Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում կամ ունենալու են նաև Սփյուռքում»,- ասաց նա «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Եվ հավելեց, որ «շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք և արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է»:
Բացի այդ, ըստ Փաշինյանի, Սփյուռքը չի կարող լինել «ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև ՀՀ-ն իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նշված է՝ ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը»: «Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ոչ դետալ, այլ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը»,- բարբառեց Նիկոլը՝ հավելելով, որ ՀՀ-ն նույնպես պետք է դադարի դիտարկվել որպես Սփյուռքի կառավարման օժանդակ գործիք:
Արձանագրենք այս փոքր-ինչ ոլորուն, բայց միանգամայն անկեղծ հայտարարությունների գլխավոր տեսանկյունները։
Նախ՝ իր կողմից դավաճանված ու վաճառված Արցախից հետո Փաշինյանն արդեն ցուցադրաբար հեռացնում է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության երկրորդ կարևորագույն բաղադրիչը. այն բանաձևի, որն ավելի քան 30 տարի դիտարկվել է որպես հայոց հզոր պետականության անկյունաքար և գրավական։ Երկրորդ, նա նույնքան ցուցադրաբար զատում է Հայաստանը այն Սփյուռքից, որը տասնամյակներ շարունակ պետության հետ համատեղ աշխատել է համազգային խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում է աշխատել, բայց արդեն առանց ՀՀ իշխանությունների որևէ աջակցության։
Եվ երրորդ, նա ուղիղ տեքստով առաջարկում է Սփյուռքին հրաժարվել հենց ազգային ավանդական խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունից և կենտրոնանալ իր պաշտոնական քաղաքականությանն աջակցելու վրա: Այն է՝ Ցեղասպանության և Հայ Դատի մոռացում, հրաժարում Արցախից, հրաժարում դարեր շարունակ Հայոց աշխարհի հիմքը և խորքային էությունը կազմած արժեքներից ու հոգեկերտվածքից։
Այս հայտարարությունները հնչեցին Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի բառացիորեն հաջորդ օրը։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի աշնանը Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Չավուշօղլուն մի շարք կոշտ հայտարարություններ արեց Սփյուռքի հասցեին՝ կոչ անելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում ապրող իր ցեղակիցներին կազմակերպված պայքարել հայկական լոբբինգի դեմ և ընդգծելով, որ Սփյուռքի գործադրած ճնշման պատճառով ՀՀ իշխանությունները չեն կարող դիմել «մեզ համար ցանկալի համարձակ քայլերի»։
Տվյալ համատեքստում հարկ է հիշել նաև «նոր Սփյուռքի» ձևավորման գործում Փաշինյանի գլխավոր օգնական Զարեհ Սինանյանի սկանդալային հայտարարությունը։ Ուղիղ մեկ տարի առաջ նիկոլական այդ կամակատարը հայտարարեց, թե «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտված է», և «Ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս հայ ժողովրդին, բացի բարոյական շոյվածությունից»։
Այն մասին, որ հայկական Սփյուռքը խանգարում է «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը» և անընդհատ թեժացնում «ռևանշիստական տրամադրությունները», Անկարան հայտարարել է վերջին բոլոր տարիներին ՝ ըստ էության բացահայտ պահանջելով ՀՀ իշխանություններից հանդես գալ ընդդեմ ավանդական Սփյուռքի և ստիպել համայնքային կազմակերպություններին դադարեցնել համազգային շահերի լոբբինգը, հակազդեցությունը թուրքական ժխտողական քաղաքականությանը և հակահայկական քարոզչությանը։
Եվ ողջ այս ընթացքում փաշինյանական ռեժիմն աշխատել է ոչ միայն Սփյուռքի կազմակերպությունների հետ պետության փոխգործակցությունը թուլացնելու ուղղությամբ, ոչ միայն դադարեցրել որևէ աջակցությունը նրանց ջանքերին, այլև գործնականում բացահայտ հանդես եկել արտերկրում բնակվող հայրենակիցների հայանպաստ գործունեության դեմ։ Միաժամանակ փորձելով ձևավորել ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականությանը սատարող «նոր Սփյուռք»։
Միանգամայն հնարավոր է, որ վերջին խոսակցության ժամանակ Էրդողանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին, պահանջելով վերջնականապես լուծել այդ հարցը, իսկ սկզբի համար՝ պաշտոնապես տարանջատվել Անկարային անցանկալի և թշնամական Սփյուռքից։ Եվ Նիկոլն անմիջապես հայտարարեց Սփյուռքի այն հատվածի դեմ պայքարի կտրուկ ակտիվացման մասին, որը համաձայն չէ Հայաստանում տեղի ունեցող «սոցիալ-հոգեբանական փոփոխություններին»։ Օգտագործելով իր իսկ տերմինաբանությունը՝ սա, կարճ ասած, նշանակում է հրաժարում «պատմական Հայաստանից»՝ հօգուտ «իրականի»։
Բնավ պատահական չէ, որ վերջին բոլոր ամիսներին, սկսած անցյալ տարվա աշնանից, մեկը մյուսի հետևից նշանակվում են հենց այդ «առաքելությամբ» հայ համայնքներ գործուղվող հանձնակատարներ։ Ընդ որում այդ մարդկանց անունները բացարձակապես ոչինչ չեն ասում հասարակայնությանը, անհասկանալի է նաև՝ Սփյուռքի ներկայացուցիչներ են դրանք, թե՞ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հաղորդագրություններում չի նշվում նույնիսկ, թե կոնկրետ որ երկրում աշխատելու է նրանցից յուրաքանչյուրը նշանակվել։ Փոխարենը միանգամայն հասկանալի են նրանց առջև դրված խնդիրները։
Այս առնչությամբ ցուցանշական են նույն Սինանյանի մյուս հայտարարությունները։ Ոչ վաղ, քան հունիսի 5-ին սույն գործիչը խոստովանեց, որ Սփյուռքի կազմակերպություններում ուժգնացել է քարոզչությունը Հայաստանի պետական ծրագրերի դեմ։ «Որոշ կազմակերպություններ շրջաբերականներ են տարածում, կոչ անելով համայնքների ներկայացուցիչներին բոյկոտել մեր միջոցառումները»,- հայտնեց հանձնակատարը, որն իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում աչքի է ընկել բացառապես սկանդալներով, կապված Սփյուռքի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում իր անձի ու իր շեֆի «պետական ծրագրերի» մերժման հետ։
Հատկանշական է նաեվ Սինանյանի մեկ այլ խոստովանությունն այն մասին, որ հայ համայնքներում խիստ թերահավատորեն են վերաբերվում «համայնքային հանձնակատարների նոր ինստիտուտին»: Նրա խոսքերով՝ այնտեղ համարում են, որ կառավարությունն իր մարդկանց է նշանակում, որպեսզի ներսից քայքայի Սփյուռքի կազմակերպությունները։ Հարկ է նշել, որ սա շատ հստակ բնորոշում է, թե իրականում ինչով են կոչված զբաղվելու այդ «հանձնակատարները», որոնց գլխավոր խնդիրներից մեկն իսկապես հայկական Սփյուռքի պառակտումն է՝ որպես «հաջողության» գրավական հայկական լոբբիի իսպառ վերացման նպատակով ազգային կառույցների դեմ մղվող պայքարում։
Պետք է հստակ արձանագրել, որ Սփյուռքի համար սկսվում է իր ինքնության պահպանման և ազգային-պետական շահերին հավատարմության համար իր պայքարի չափազանց կարևոր, գոյաբանական փուլ: Ինչն անխուսափելի էր, հաշվի առնելով Թուրքիայի և Հայաստանում նրա դրածոների կողմից հայկական քաղաքակրթության դեմ հայտարարված պատերազմի մասշտաբայնությունը։ Կենաց ու մահու այդ պատերազմը, իհարկե, չէր կարող վաղ թե ուշ չդիպչել Սփյուռքին՝ որպես Հայոց աշխարհի անքակտելի մասի, որը երկար տարիներ ոսկոր է եղել Թուրքիայի կոկորդին՝ ակտիվորեն խոչընդոտելով և հաջողությամբ հակազդելով նրա ծրագրերին:
... Հունիսի 18-ին Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ հատուկ նշվում էր, թե իբր՝ «առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Բայց արժե՞ արդյոք կասկածել, որ ինչպես ՀՀ Սահմանադրությունն է հայտարարվել «գլխավոր խոչընդոտ» Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» ճանապարհին, այնպես էլ հայամետ Սփյուռքի ոչնչացումն է Էրդողանի կողմից հայտարարվել որպես Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների «կարգավորման» գլխավոր նախապայման։