«Ժողովուրդ»․ ԳԱՂՏՆԱԼՍՎԱԾ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրել էր, դատարանում հաղթել է Վարդապետյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը և Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

«Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը և գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա