Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՈՒՐՃ ԽՄԵԼԸ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է, ԲԱՅՑ ԳԻՆ ՈՒՆԻ

ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են ոչ միայն քաղաքական առումով, այլև տնտեսական` որպես երկու տարբեր մաքսային համակարգեր, հետևաբար դրանց միաժամանակ անդամակցելն ուղղակի անհնար է. աշխարհում նման երկիր չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

«Ժամանակին այդ տնտեսական հաշվարկները կատարվել են, այդ թվում` ներգրավելով ՀԲ–ի սմարթ գործիքակազմն ու գիտելիքները։ Ես ինքս էլ այդ վերլուծական աշխատանքներում ներագրավված եմ եղել, որպեսզի գնահատենք, թե ԵՄ–ին ինտեգրվելով` առաջինը մտնելով այդ մաքսային տիրույթ, մեր տնտեսվարողները ինչ օգուտներ կամ վնասներ են ունենում արտաքին առևտրի տեսանկյունից, և ԵԱՏՄ–ին ինտեգրվելով` ինչ տնտեսական օգուտներ ու վնասներ ենք ունենում։ Հաշվարկների արդյունքները միանշանակ հօգուտ ԵԱՏՄ–ի էին, որովհետև ՀՀ տնտեսվարողների պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան եվրասիական շուկան էր, մասնավորապես` ՌԴ–ն»,– արձանագրում է Արամյանը։

Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, նախկին նախարարի խոսքով` այդ ուղղությամբ արտահանումները ՀՀ–ից ինչպես այսօր, 10 տարի առաջ ևս շատ չնչին մասն էին կազմում, քանի որ ստանդարտների ու ավելի խիստ պայմանների խնդիրներ կային։ ՀՀ–ից ԵՄ արտահանումներն այսօր էլ հիմնականում կազմում են հումքային ու բորսայական ապրանքները։

«Իրականում կյանքը ցույց տվեց, որ այդ հաշվարկները ճիշտ էին, և ՀՀ–ին թույլ տվեցին լրացուցիչ տնտեսական օգուտներ քաղել ԵԱՏՄ անդամակցությունից։ Հիմա բոլորն են ընդունում, որ մեր տնտեսական աճի գերակշիռ մասը պայմանվորված է ՌԴ–ի տնտեսությամբ, հիմնական հոսքերը, որ գալիս են ՀՀ, ՌԴ–ից են գալիս։ Մենք մի քանի խողովակներով օգտվում ենք դրանից, մեր փոխադարձ առևտուրը, վերարտահանումն ավելի է մեծացել, մեր ինտեգրումն ավելի է խորացել, և այս պահին շեղել վեկտորը դեպի ԵՄ, բավականին ծախսատար է լինելու ՀՀ–ի համար»,– շեշտում է մասնագետը։

Արամյանը չի հերքում, որ առանց վիզա Եվրոպա մեկնելու, Փարիզի կենտրոնում սուրճ խմելու տեսլականը գայթակղիչ է, բայց և արձանագրում է` դա մանկամտություն է։

«Միջին վիճակագրական քաղաքացին պետք է գիտակցի, որ այդ պատկերացումը ունի գին, և այդ գինն իր աշխատանքն է։ Շատ մեծ է հավանականությունը, որ ինքը վաղը–մյուս օրը մնա առանց աշխատանքի, և այդ բոլոր նկրտումները հօդս ցնդեն, որովհետև եթե դու դուրս ես գալիս ԵԱՏՄ–ից,նշանակում է, որ քո պատրաստի արտադրանքի նկատմամբ արդեն կիրառվելու են ԵԱՏՄ–ի պաշտպանիչ համակարգերը` մաքսատուրքերը, որոնք բավականին բարձր են։ Այսինքն` մեր արտադրողները կորցնելու են մրցունակությունը, ինչը հանգեցնելու է արտադրության կրճատման, գործազրկության և այլն»,– նկատում է Ֆինանսիստը։

Տնտեսության դիվերսիֆիկացիայի գաղափարին Վարդան Արամյանը դեմ չէ, բայց միայն այն ժամանակ, երբ ՀՀ տնտեսությունը պատրաստ կլինի դրան։

«Չի կարելի դուռը միանգամից փակել, շրխկացնել, տնտեսությունը սպանել ու ասել` մենք գնում ենք դիվերսիֆիկացիայի։ Նախ պետք է մենք շոշափենք այդ հնարավորությունները թվերով, և երբ պատրաստ լինենք, նոր գնանք այդ քայլին։ Հայաստանի համար շատ ցավոտ է լինելու միանգամից ԵԱՏՄ–ից դուրս գալը։ Վստահ եմ, որ դա իր հետ լուրջ տնտեսական հետևանքներ է բերելու»,– նշում է մասնագետը։

Sputnik Արմենիա