Բագրատ սրբազան․ Շարժումը չի դադարեցվի, հիմա վերադասավորումների փուլն է

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը չի դադարեցվի. հիմա վերադասավորումների փուլն է։ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է։ Մենք այսօր պայքարում ենք չարիքի դեմ, դժբախտություն, մահ բերողի դեմ։ Մենք չենք նահանջելու, քանի որ նահանջել նշանակում է մահ մեր երկրին, մենք այլընտրանք չունենք։ Հիմա վերադասավորումների փուլում ենք, և շարժման առաջիկա գործողությունները ցույց կտան, թե ի վերջո ինչի է հանգելու շարժումը»,– հայտարարեց նա։

Սրբազանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և կհեռանա։ Նա նշեց, որ Ներքին հանդի բնակիչները պատիվ ունեցող մարդիկ են, ու եթե ներկա պայմաններում նրան մնացել են գյուղում, ապա դա ուժի և արժանապատվության նշան է։ Բագրատ սրբազանը կոչ արեց նրանց անձնական դարձնել իր սկսած պայքարը ու հուսախաբություն, կասկած չունենան հաղթանակի հարցում։

Sputnik Արմենիա