ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԳՈՐԾԻ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Թուրքիայի առաջարկած «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը հավակնում է դառնալ Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնող լոգիստիկ մի նախագիծ, որն ուղղակի հակասում է իրանական «Պարսից ծոց–Սև ծով» և հնդկական «Հյուսիս–հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա` Թուրքիայի առաջարկածը ոչ միայն տրանսպորտային, այլև աշխարհաքաղաքական ծրագիր է։
«Խոսքը վերաբերում է այս տարվա ապրիլին Իրաք կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծված քառակողմ մի ձևաչափի մասին, որտեղ ներգրված են Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ–ն։ Թուրքական կողմի նպատակն է կրճատել Չինաստանից և Հնդկաստանից եկող բեռների տարանցումը դեպի Եվրոպա»,– նշեց փորձագետը։
Ոսկանյանի խոսքով` Թուրքիայի այս ծրագիրը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ–Ֆավ նավահանգիստը թուրք–իրաքյան սահմանին։
«Առաջին հայացքից թվում է` զուտ տնտեսական ծրագրի մասին է խոսքը, սակայն այս ծրագիրը առաջ է մղվում որպես այլընտրանք Հնդկաստանի կողմից առաջ քաշվող «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, որի կայացման հարցում շահագրգռված է ռուսական կողմը` հաշվի առնելով Արևմուտքի հետ հարաբերությունների շատ ցածր մակարդակը։ Մյուս կողմից հակասության մեջ է մտնում իրանական Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի հետ։ Երկու տրանսպորտային ծրագրերն էլ իրենց մի ճյուղով վերաբերում են նաև ՀՀ–ին, քանի որ ենթադրվում է, որ Հյուսիս–հարավի և Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային հանգույցի համատեքստում ՀՀ–ն պետք է դառնա տարանցիկ երկիր»,– ասաց նա։
Թուրքիայի կողմից նախաձեռնվող ու առաջ մղվող այդ ծրագիրը, Ոսկանյանի բնորոշմամբ, ուղղակի հակասում է ոչ միայն Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին, այլև Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի շահերին. եթե այս ճանապարհը սկսի աշխատել, ապա վերոհիշյալ մյուս երկու ծրագրերը փաստացի կկորցնեն իրենց արդիականությունը։
Իրանագետի խոսքով` աշխարհաքաղաքական առումով այսօր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ–ի դերը կարևորվում է Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի համար։ Բանն այն է, որ ՀՀ–ի միակ այլընտրանքն ադրբեջանա–թուրքական տարածքն է, որը փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածք է, և թուրքական կողմը ցանկանում է, որ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցները նաև դառնան աշխարհաքաղաքական կարևոր լծակ սեփական ազդեցությունը տարածելու համար։
Ըստ Ոսկանյանի` այս հարցերում ՀՀ իշխանությունների կողմից սեփական շահի գիտակցության լավագույն մակարդակ դեռ չկա, մինչդեռ այս ծրագրերի մեջ ճիշտ կողմնորոշումը նաև կարող է բարձրացնել ՀՀ անվտանգության մակարդակը։