ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԴԱՏԱՍՏԱՆԸ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

2022 թվականի հուլիսի 15-ին «Կենտրոն» տարածքային միավորի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում փաստաբան Ռուբեն Մելիքյանի ելույթի ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ուշագնաց եղավ. հաշված րոպեներ անց նա մահացավ: Գրիգորյանը 57 տարեկան էր։ Նրա մահվան կադրերը տեսավ ողջ երկիրը։ Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր Գրիգորյանի ձերբակալության մասին՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու» փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այնուհետ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը տվել էր նրան կալանավորելու սանկցիան։ Դերասան Տիգրան Ներսիսյանը պրոդյուսերի մահվանն արձագանքեց ֆեյսբուքյան էջում գրառումով, որն ավարտվում էր հետևյալ բառերով. «Արմենին սպանեցին...»:

Քաղաքագետ Ալեն Ղեվոնդյանը 2 տարի առաջ հուլիսի 15-ին գրել էր. «Այո, Արմեն Գրիգորյանին այսօր սպանեցին։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ երբ Նիկոլը 4000-ից ավելի տղա զոհաբերեց, իսկ հետո ասաց, որ կարող էր դա չանել, բայց այդպես էր պետք, մենք ոչինչ չձեռնարկեցինք, բացի ստատուսներ գրելուց։ Կալանավայրի պայմանները, Արմենի առողջական վիճակը տրամաբանորեն հանգեցրին մահվան, քանի որ դա պետք էր մեկ կոնկրետ մարդուն»։ Դատավոր Ալեքսանյանն է տվել նաև Ավետիք Չալաբյանի, Միկա Բադալյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մանթաշյանի կալանքի սանկցիան

2016թ.փետրվարի 22-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից դատապարտեց Շենգավիթ վարչական շրջանի 1-ին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշումը՝ հասարակական գործիչ Վարդգես Գասպարիին կալանավորելու վերաբերյալ: Փաշինյանը խոսում էր շաքարախտով ու հիպերտոնիայով տառապող մարդու ձերբակալման «կասկածելի հիմքերի» մասին։ Հաշված տարիներ անց ինքն անձամբ սկսեց ղեկավարել քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալությունները մտացածին մեղադրանքներով։ Ընդ որում մեղադրանքներն այն աստիճան անապացույց են, որ դատավորները տարիներ շարունակ չեն կարողանում պատվիրված մեղադրական դատավճիռներ կայացնել դրանց վերաբերյալ։ Մինչև 2018 թվականը հասարակական և քաղաքական գործիչներին բանտախցում չէին փակում ռեժիմի հասցեին հրապարակային քննադատության համար։

Արմեն Գրիգորյանին սպանեցին այնպես, ինչպես որ սպանեցին նրա ազգանվակցին՝ գեներալ Մանվելին, որին զինվորի օրապահիկը գողանալու մտացածին մեղադրանքով կալանավորելուց հետո՝ տևականորեն պահեցին բանտախցում, թեև նրա ախտորոշումները բացառում էին խափանման այդ միջոցը: Փաշինյանին հայտնի էր, որ լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարն ուներ ինսուլինակախյալ դիաբետ և 4-րդ փուլի օնկոլոգիա։ Գեներալին ցուցադրաբար սպանում էին բանտախցում Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Ապացույցները հրապարակվել են բազմիցս, ուստի կրկնելն անիմաստ է։

Հղի Սոնա Մնացականյանին մայրաքաղաքի կենտրոնում սպանեցին 200 կմ/ժ արագությամբ սլացող մեքենայով, ընդ որում գործից, հիշեցնեմ, անհետացան Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների միջև խոսակցության ձայնագրությունները, իսկ մարդասպան վարորդ Արամ Նավասարդյանը առ այսօր ազատության մեջ է, քանի որ կատարում էր Փաշինյանի հրամանը։

Ռեժիմը շարունակում է սպանել, իսկ հասարակությունն ամեն նոր զոհի հետ տանջվում է սեփական մեղքի զգացումից։ Գրիգորյանը կրթությամբ բժիշկ էր, ուստի ինքնազգացողության թեմայով իր փաստաբանի բոլոր մտավախությունները հեգնանքով էր ընդունում։ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը նույնպես կրթությամբ բժիշկ է, չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց բժիշկները հաճախ անտարբերությամբ են վերաբերվում սեփական առողջությանը:

Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել. «…Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:

Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»։

Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Միքայել Արզումանյան, Նարեկ Մալյան. սա ռեժիմի քաղբանտարկյալների բնավ ոչ լրիվ ցանկն է։ Այս անձինք կալանավորված են Փաշինյանի անձնական հրահանգով։ Աշոտյանից ռեժիմի պարագլուխը վրեժ է լուծում Արցախի մասին ճշմարտությունն ասելու համար, Մամիկոն Ասլանյանը բանտում է այն պատճառով, որ Փաշինյանը չցանկացավ տեսնել նրան Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի վրա Փաշինյանն ուզում է բարդել Շուշին ու Հադրութը հանձնելու մեղքը, իսկ Մալյանը ճաղերի հետևում է Մարշալ Բաղրամյան պողոտայում թատերականացված գործողության պատճառով։ Բեմադրությունը պատկերում էր Չաուշեսկու ամուսինների կյանքի ավարտը։ Փաշինյանին ակնարկը դուր չեկավ

Քաղբանտարկյալների թեման արդիականացել է Բաքվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչների գործերի քննության ավարտի խորապատկերին։ Ալիևը շոու է նախապատրաստում՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի նկատմամբ դատաստանի տեսքով։ Ամբաստանյալների թվում են նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը: Հաստատված են տեղեկություններն այն մասին, որ գերիները ենթարկվում են խոշտանգումների, իսկ նրանց առողջական վիճակը խիստ մտահոգիչ է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը Ադրբեջանում հայ գերիների և ռազմագերիների ապօրինի պահման հարցով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դիմումին՝ լավատեսություն չներշնչեց: «Ակնհայտ է, որ անցած տարի բոլորիս մտահոգել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի վտարումը։ Մենք մի շարք առաքելություններ ենք նախաձեռնել մասնավորապես Հայաստանում՝ ավելի շատ տեղեկություն ստանալու նրանց հետ կատարվածի մասին։ Մենք երկխոսում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ լուծումներ գտնելու համար։ Իհարկե, կա վերադարձի իրավունք, կա գույքը հարգելու և պաշտպանելու իրավունք: Իսկապես կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակական լինի»։

Ալիեվի կողմից տարածքային նկրտումների եվ նոր ագրեսիայի սպառնալիքի խորապատկերին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում բռնազավթված Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացում։ Վանդալները փշրում են քրիստոնեական տապանաքարերը, այլանդակում եկեղեցիները, իսկ արևմտյան հանրությունն այդ վհուկատոնին հետևում է նույն հանգստությամբ, ինչպես որ 2023թ.սեպտեմբերի 19-20-ին էր նայում ցեղասպանությանն ու Արցախից հայերի բռնի տեղահանմանը: Նոյեմբերին այդ համայնքի ներկայացուցիչները առանց ամոթի նշույլի կայցելեն ցեղասպան պետության մայրաքաղաք՝ մասնակցելու COP 29 գագաթնաժողովին: Ո՞վ է գագաթնաժողովի բարձրաստիճան մասնակիցների ուղեղին հասցնելու այն միտքը, որ իրենց ներկայությամբ խրախուսում են հայ ժողովրդի դեմ Ալիևի նոր ցեղասպանությունը ինքնիշխան Հայաստանի տարածքում։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենայի շուրջ կազմակերպած շոուն՝ ՔԿ հատուկ ստորաբաժանման մասնակցությամբ, որը կոտրեց Արցախի ներկայացուցչության տարածքի դարպասները, կասկած չի թողնում, որ Փաշինյանն Ալիևի հրահանգով տանում է գործը դեպի ձերբակալում: Շահրամանյանը հայտարարեց, որ արցախցիներն իրավունք ունեն մասնակցելու «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման փողոցային ակցիաներին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հիշեցնեմ, ձերբակալվեցին Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտունու նախկին քաղաքապետները։ Ալիևն ուղիղ տեքստով վստահություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները «ռևանշիստների սանձերը կքաշեն»։

Փաշինյանը ստում է՝ հավաստիացնելով, թե կառավարությունն ամեն օր զբաղվում է գերիների հարցերով։ Նրան պետք չէ հավանական «ռևանշիստների» վերադարձը գերությունից։ Ալիևի ու Փաշինյանի ռեժիմները գործում են սինքրոն, իսկ եվրոպական բարձր կառույցները գիտակցաբար աչք են փակում ժողովրդավարության և մարդու իրավունքների հրեշավոր խախտումների վրա