Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԱՑՈՂ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆՔ ՌԴ-Ի ՀԵՏ

Տնտեսական առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխադարձ բավականին խորացող հարաբերություններ, որքան էլ ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեն միմյանց ուղղված մեղադրանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Արևմուտք տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԵԱՏՄ շրջանակում։

Տնտեսագետը հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա 4 ամսվա տվյալներով` մեր արտաքին առևտրի 60 տոկոսը բաժին է ընկել ՌԴ–ին, մինչդեռ 2023 թ. այն կազմել էր ընդամենը 35–40 տոկոս։

«Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն տնտեսական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ ՀՀ–ն և ՌԴ–ն միմյանց համար տնտեսական կարևոր երկրներ են դարձել և կարողանում են լուծել կենսական նշանակության շատ խնդիրներ»,– նկատեց Պարսյանը։

Օրինակ` արևմտյան պատժամիջոցների ֆոնին Հայաստանն օգնում է Ռուսաստանին` լուծելու տարբեր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման և Ռուսաստան հասցնելու խնդիրը։ Նաև դա պատճառ դարձավ, որ ՀՀ տեխնիկա վերաարտահանվող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Բացի այդ, վերջին 5 ամսվա ընթացքում ՀՀ-ի միջոցով ՌԴ–ն կարողացել է մոտ 4.5 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։

Պարսյանը նորմալ է համարում, որ ՀՀ–ն այս պահին ընդգծված պրոռուսական քաղաքականություն չի վարում, այլապես արևմտյան պատժամիջոցները չէին ուշանա նաև Հայաստանի նկատմամբ։ Արդյունքում Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման, փոխանցումների հնարավորությունները չէին լինի։

«ՀՀ կառավարությունը ցույց է տալիս պրոարևմտյան քաղաքականություն, բայց գործնականում ֆինանսապես, տնտեսապես փոխադարձ սերտ կապերի մեջ է ՌԴ–ի հետ»,– ընդգծեց Պարսյանը։

Երբ ՀՀ իշխանությունների կողմից ակտիվանում են պրոարևմտյան հայտարարությունները, ըստ նրա` ՌԴ–ից, բնականաբար, հնչում են նախազգուշացումներ էներգակիրների թանկացման, արտահանման հետ կապված խնդիրների մասին։

«Չմոռանանք, որ ՀՀ–ն իր էներգակիրների 80 տոկոսը ներկրում է ՌԴ–ից։ Երբ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային հատվածների աղետը, ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» 2–3 ամսվա փոխարեն երկաթուղու աշխատանքները կարողացավ վերականգնել շատ կարճ ժամանակում` մոտ կես ամսում։ Արդյունքում էներգակիրների ներկրումը ՀՀ շարունակվեց նույն տեմպով։ «Հարավկովկասյան երկաթուղին» կարող էր, չէ՞, ձգձգել, սակայն դա չարեց»,– նշեց տնտեսագետը։

Նույնը, նրա խոսքով, վերաբերում է Լարսի անցակետին, որը ժամանակ առ ժամանակ տարբեր պատճառներով փակվում է։

«Այս և մնացած խնդիրները հնարավոր է և պետք է լուծել ոչ թե տարբեր հարթակներում, օրինակ` ԵՄ–ում բողոքելով ռուսների դեմ, այլ խոսելով ռուսների հետ ու փոխշահավետ լուծումների հանգելով, քանի որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու տեղ կա»,– վստահ է Պարսյանը։

Նրա համար անընդունելի են նաև ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե այլևս չեն գնալու Բելառուս։ Ըստ տնտեսագետի` ճիշտ է` այս երկրի հետ մեր առևտրաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, սակայն Բելառուսը ԵԱՏՄ երկիր է, ու մեր խնդիրները պետք է լուծենք միության շրջանակում։

«Նման կտրուկ հայտարարությունները վնասում են հենց ՀՀ իշխանություններին։ Օրինակ` ԵԱՏՄ շրջանակում խորհրդաժողով է տեղի ունենալու Մինսկում, ու չգնալ, չլուծել խնդիրդ, ինչ է այն անցկացվելու Բելառուսում` սա անհասկանալի մոտեցում է։ Եթե Բելառուսը հակահայ հայտարարություններ է անում, նույնն անում է նաև Թուրքիան, սակայն մեր իշխանությունները շարունակում են շնորհավորել նրանց տոները և այլն»,– ընդգծեց Պարսյանը։

Ըստ նրա` ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ մեր տարածաշրջանում ինչպես մեր հարևանների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պետք է հնարավորինս պահպանել կապերը. այո, հնարավոր է` նրանք հակահայկական հայտարարություններ անեն, սակայն չպետք է նեղանալ և չաշխատել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։

Sputnik Արմենիա