«Հրապարակ». ՈՉ ՄԻ ՀԱՆՐԱՔՎԵ, ՄԻԱՅՆ ՓԻԱՌ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արևմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել և պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։
Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արևմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել և ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի և մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն և Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն»: