Իրանում հայտնել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հեզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին
Իրանն ամբողջ ուժով կաջակցի «Հեզբոլլահ» շիական շարժմանը, եթե Իսրայելը պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։
«Այդ իրավիճակում մենք այլ ընտրություն չենք ունենա՝ բոլոր միջոցներով «Հեզբոլլահին» աջակցելուց բացի»,- ընդգծել է Խարազին ի պատասխան այն հարցի, թե կաջակցի արդյոք Իրանը ռազմական առումով շիական շարժմանը լիածավալ հակամարտության դեպքում։ «Լիբանանի ողջ ժողովուրդը, արաբական երկրները և դիմադրության առանցքը կաջակցեն Լիբանանին Իսրայելի դեմ»,- ավելացրել է նա։ Սակայն, նրա խոսքով, հակամարտության հետագա թեժացումը և դրա ընդլայնումը «չեն համապատասխանում ոչ Իրանի, ոչ ԱՄՆ շահերին»։
Հունիսի 29-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը տարածել է հայտարարություն, որում նշվել է, որ Թեհրանը Իսրայելի սպառնալիքները Լիբանանում խոշոր ռազմական գործողության մասին դիտարկում է որպես հոգեբանական ճնշում, սակայն իսրայելական կողմի մարտական գործողությունների սկիզբը կհանգեցնի բնաջնջման պատերազմի։
News.am