«ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԲԱՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ

Օրերս իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները կներկայացվեն օգոստոսի վերջին: Նրա խոսքերով՝ փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան «համապատասխան թույլտվություն ունեցող բոլոր պատգամավորները», իսկ մի որոշ մասը կմնա «գաղտնի» կնիքի ներքո։ «Եթե լինի մաս, որը կարելի է հրապարակել, ապա դա կարվի ԱԺ ամբիոնից»,- հայտարարեց պատգամավորը, դրանով իսկ հաստատելով, որ լայն հասարակայնությունը չի կարողանալու ծանոթանալ ողջ ազգի համար առանց չափազանցության ճակատագրական դարձած իրադարձության մասին հաշվետվությանը:

Ասենք, դեռեվս Սպիտակի երկրաշարժի ժամանակներից «մաուզերիստ Անդո» մականունը կրող տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի պես խորշելի անձնավորության ղեկավարած հանձնաժողովի գործունեության արդյունքներն առանց այդ էլ դժվար թե ընկալվեն որպես օբյեկտիվ ու անաչառ հետաքննություն: Հենց թեկուզ այն պատճառով, որ ընդդիմադիր պատգամավորները հասկանալի պատճառներով հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, այսինքն սույն «աշխատությունը» լինելու է բացառապես իշխանական թիմի ներկայացուցիչների գործունեության արգասիք։

Այդ թիմի և դրա ղեկավարի նկատմամբ վստահության աստիճանը, ըստ վերջին սոցհարցումների, տատանվում է չնչին 10-12 տոկոսի սահմաններում, և այդ ցուցանիշն առավել քան ակներևաբար ցույց է տալիս հասարակության մտածող հատվածի վերաբերմունքը «մաուզերիստա Անդոյի» հանձնաժողովի նկատմամբ։ Ավելին, վաղուց արդեն գործնականում կասկածից վեր է այն փաստը, որ դրա ողջ գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել պատերազմի մասին ճշմարտությունն ու իշխանությանը վարկաբեկող փաստերը գիտակցաբար թաքցնելուն, իշխող ուժին և անձամբ Փաշինյանին չքմեղացնելուն և պարտության մեջ մեղադրելուն բոլորին, բացի գլխավոր մեղավորից։

Ռեժիմի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները դրա լավագույն հաստատումն են. խոսքը նախևառաջ անձամբ Նիկոլի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային արտահայտությունների մասին է։ Վերջինս, հիշեցնեմ, հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել»։ Եվ հավելեց. «Առանց Ռուսաստանի թույլտվության այդ պատերազմը տեղի չէր ունենա»։

Մոսկվայի դերը նրանում, ինչ տեղի ունեցավ Արցախում 44-օրյա պատերազմից հետո և ընդհուպ մինչև վերջերս խաղաղապահների վերջնական դուրսբերումը, առանձին, բարդ ու ցավոտ խոսակցության թեմա է: Այն փաստը, որ աղետի մեղավորներից մեկի դերում Հայաստանի իշխանությունները ձգտում են նշանակել ռուսական կողմին, նույնպես կասկածից վեր է։ Բայց Գրիգորյանը, ըստ էության, պնդում է, թե Ռուսաստանը «թույլ է տվել» պատերազմ սանձազերծել հենց նրա համար, որ Արցախը հանձնի Ադրբեջանին։

Մենք հիմա չենք խորանա աշխարհաքաղաքական դատողությունների թավուտներում, որպեսզի հասկանանք Գրիգորյանի տրամաբանությունը, մանավանդ որ համաշխարհային կոնսենսուսի, ավելի ճիշտ՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ հակահայկական դավադրության առկայությունն այսօր արդեն անվիճելի է։ Բայց ԱԽ վայ-քարտուղարը ջանադրաբար շրջանցում է հարցի մեկ այլ, ընդ որում՝ ավելի կարևոր կողմը. ո՞րն էր այս ամենի մեջ իր քաղաքական թիմի դերը, որը, ինչպես համոզված են շատ-շատերը Հայաստանում, իշխանության է բերվել հենց Արցախը հանձնելու նպատակով։

Ընդ որում Գրիգորյանը «մոռանում է» փաստերի այնպիսի քանակ, որ հիրավի անհարմար ես զգում հիշեցնել դրանք այդչափ բարձրաստիճան պաշտոնյային։ Օրինակ, որ Ռուսաստանն Արցախ է «եկել» 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի փաստաթղթի տակ նաև իր շեֆի ստորագրության շնորհիվ, և որ Փաշինյանն այդ ստորագրությունը հետ կանչել բնավ մտադիր չէ։ «Մոռանում է», որ նույն այդ շեֆն ինքն է Արցախը «վերադարձրել» Ադրբեջանին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ «Մոռանում է», որ 2023-ի սեպտեմբերին նա ու իր զինակիցները, այդ թվում ինքը՝ Արմեն Գրիգորյանը, մատ մատին չտվեցին Բաքվի ագրեսիային դիմակայելիս Արցախին օգնելու համար, անտարբերությամբ նայելով 120 000 արցախցիների ողբերգությանը։

Ասենք, ինչո՞ւ այդքան հեռուն գնանք ոչ վաղ անցյալի պատմության մեջ, եթե հունիսի 12-ին Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ դեռևս 2018-ի ապրիլին ինքը պետք է Լեռնային Ղարաբաղը ճանաչած լիներ որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ չճանաչեց: Ամեն ինչ շատ պարզ է. այդ դեպքում վզակոթին տալով նրան կվռնդեին նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուները, և իր ականջը կտեսներ, բայց վարչապետի աթոռը չէր տեսնի։

Այսինքն Նիկոլը լռեց, գնաց արյունահեղ պատերազմի, չդադարեցրեց դա հոկտեմբերի 19-ին, երբ հնարավորություն կար, զոհաբերեց 5 հազար հայի կյանք և Հայրենիքի անգին հատվածը, և այս ամենը՝ բացառապես հանուն իշխանության և հայկական տարածքի կրճատման՝ դավաճանի ձեռքի ստվարաթղթի կտորի չափի

ԱԽ քարտուղարին կարելի է հիշեցնել իր շեֆի նաև այլ խոստովանությունները։ Օրինակ, որ Արցախի շուրջ բանակցությունները սկսեց «իր կետից» և «ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում էր»։ Եվ եթե հետևենք Գրիգորյանի տրամաբանությանը, ապա փաշինյանական հենց այդ «կետը» հանգեցրեց նրան, որ «Ռուսաստանը եկավ ու մեր ձեռքից վերցրեց Արցախը»։

Կարելի է նրան հիշեցնել նաև նիկոլական շների բազմաթիվ նողկալի հայտարարությունները, արված շեֆի հրամանով։ Օրինակ, անցած շաբաթ սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ բարոյազրկությունից արդեն բացարձակապես կապը կտրած ուսապարկ Արթուր Հովհաննիսյանը մոլեգնում է հիստերիայի մեջ, թե իբր՝ հայերը «30 տարի կառչել են մի կտոր տարածքից, որը միջազգայնորեն ճանաչված է որպես այլ պետության մաս»։

Բայց արժե՞ արդյոք հիշեցնել, եթե պարզ է, որ Արմեն Գրիգորյանը մտահոգ է բնավ ոչ իր փոքր հայրենիքի՝ Արցախի ճակատագրով։ Եվ որ նրա ու այդ ողջ ոհմակի համար գլխավորը սեփական հանցագործություններից ձեռքերը լվանալն է, բարդելով Արցախի աղետի և հայկական պետության փլուզման մեղքը ցանկացածի վրա, միայն թե իրենք խուսափեն պատասխանատվությունից։

Դրա համար էլ Գրիգորյանն ու Սիմոնյանը մեղադրում են Ռուսաստանին (որի մեղքի բաժինն, անշուշտ, անվիճելի է), մինչ Փաշինյանը փրփուրը բերանին մեղադրանքներ է ժայթքում Արցախի իշխանությունների հասցեին՝ անվանելով նրանց «կղերաֆեոդալական էլիտա»։ Մեղադրում է ընդդիմությանը, որը, պարզվում է, 1998-ից ի վեր օգտագործել է արցախցիներին «իշխանությունը պահելու» նպատակով, իսկ հիմա կաշառում է հանրահավաքներին մասնակցելու համար, որպեսզի «նույնը անի Հայաստանի ժողովրդի հետ»…

Սա, ընդգծեմ, հայտարարվեց հունիսի 12-ին, գործնականում նույն այն ժամանակ, երբ փաշինյանական ոստիկանությունն ու հատուկ նշանակության ուժերը հանցավոր կերպով հարձակվեցին մարդկանց վրա, որոնք բողոքում էին բացի ամենից նաև Արցախին դավաճանելու և Հայաստանի տարածքները հանձնելու դեմ։ Արժե՞ արդյոք կասկածել, որ վաղը արդեն ողջ հայ ժողովուրդը կհայտարարվի այն ամենի գլխավոր մեղավորը, ինչ արել է թուրքական դրածոների կույտը։ Եվ արժե՞ արդյոք կասկածի նշույլ անգամ ունենալ, թե ինչպիսին են լինելու «մաուզերիստ Անդոյի» հանձնաժողովի եզրակացությունները, շարադրված դրա իրական շեֆի զգոն ղեկավարության ներքո։