Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՐՑԱԽ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՂԸ

Այս հեռուստատեսության շնորհիվ մենք փորձելու ենք արցախցիների խոսափողը լինել, և ինչ-որ տեղ նաև նրանց ուղեկցողն ու խորհրդատուն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Նարեկ Սահակյանն՝ անդրադառնալով Արցախ հեռուստատեսության վերաբացմանը։

«Մեր հիմնական առաքելությունը Արցախի Հանրային հեռտատեսության առաքելության շարունակությունն է։ Ցավոք սրտի, 2023 թվականի բռնի տեղահանումից հետո մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Արցախի Հանրային հեռուստատեսությունը չի կարող գործել, փոխարենը՝ մենք նույն կոլեկտիվի փոքր կազմով ձեռնամուխ ենք եղել 10-րդ նահանգ լրագրողական կազմակերպության ստեղծմանը, որի առաջին ծրագիրը Արցախ հեռուստատեսությունն է։ Այս հեռուստատեսության շնորհիվ մենք փորձելու ենք արցախցիների խոսափողը լինել, և ինչ-որ տեղ նաև նրանց ուղեկցողն ու խորհրդատուն»,- ասաց Սահակյանը։

Խոսելով ծրագրի մեկնարկի մասին՝ նա նշեց

«Պետք է արձանագրել, որ ոչ թե Արցախի հանրային հեռուստատեսությունն է վերաբացվում, այլ Արցախ հեռուստատեսությունը։ Այն կրկին Արցախի հանրային հեռուստատեսություն կկոչվի, երբ մենք վերադարձի հավաքական իրավունքների իրացմամբ վերադառնանք պատմական հայրենիք՝ Արցախ։ Այս փուլում մենք կոչվելու ենք Արցախ TV, ինչն իրավական և բարոյական առումով ավելի ընդունելի է։ Պիտի ասեմ, որ ծրագիրը մեկնարկում է մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ։ Սա հանրային պահանջ է, քանի որ բռնի տեղահանումից անմիջապես հետո մեր քաղաքացիներն ամենքիս ամեն տեղ հարցնում էին՝ երբ եք սկսելու աշխատել։ Նախ նրանք հավատում են Արցախի հանրայինին և ունեն հեռուստատեսության խորհրդի կարիքը, և հետևաբար մենք պետք է հավատարիմ մնանք մեր կոչմանն ու առաքելությանը։ Թեև փոքր կազմով, բայց մեծ երազանքով սկսում ենք մեր աշխատանքը»։

Alpha News