Փաստաբան․ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ Ո՞ՐՆ Է, ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Թմրանյութի գործով դեռևս 2024 թվականի փետրվարին արդեն իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել ու դատարանի որոշմամբ խուզարկվել էր, քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել և միջնորդության հիման վրա վերադարձվել էր մեզ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան թմրամիջոցների ապօրինի շրջանառության քրեական գործի շրջանակներում է առգրավվել։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ Իրավապահների որոշումը պայմանավորված է Արցախի նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին, որով նրան մեղադրանք չէր առաջադրվել։
«Այսինքն՝ արդեն մեկ անգամ մեքենան առգրավել են, խուզարկել են, քննությանը հետաքրքրող ոչինչ չեն հայտնաբերել, վերադարձրել են մեզ։ Ավելին, խուզարկել են Աշոտի բնակարանը, կրկին քննությանը հետաքրքրող ոչինչ չեն հայտնաբերել։ Դրանց հիման վրա օրեր առաջ Աշոտ Դանիելյանին կանչել են Քննչական կոմիտե և նրա նկատմամբ կայացրել են քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում։ Հիմա հարց է ծագում, որ ասում եք թմրանյութերի վերաբերյալ վարույթով ավտոմեքենան առգրավում եք, ի՞նչ նպատակով եք առգրավում։
Այս 20 օրում ձեզ քննությանը հետաքրքրոող տվյալներ չեք պարզել, երկրորդ՝ արդյո՞ք այդ տվյալները հնարավոր չէր պարզել առանց առգրավելու, երրորդը՝ ի՞նչ պիտի պարզեք, չորրորդ՝ մեկ անգամ արդեն առգրավել եք ու քննությանը հետաքրքրող ոչինչ չեք հայտնաբերել, այդպիսի որոշում եք կայացրել և մեզ վերադարձրել մեքենան։ Ես դեռ չեմ խոսում այդ գործողությունների իրավաչափության վրա»,- նշեց փաստաբանը։
Երիցյանի պնդմամբ՝ Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավելը պատահական չէր․ «Այդ ժամանակահատվածում նախագահին հրավիրում են առերեսման Սարգիս Գալստյանի հետ, որը նույնպես ձևական էր կազմակեպվել։ Նույն ժամին նախագահին կանչում են հարցաքննության, երբ գիտեն, որ նրան սպասարկող ավտոմեքենան առգրավվում է և նախագահն ու իր փաստաբանները դեպքի վայրում են։ Դա պատահակա՞ն է, որ նույն ժամին և՛ առգրավում են, և՛ առերես հարցաքննություն»։