Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ԵՄ ԳՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԻ ԿՈՐՈՒՍՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կա քաղաքական ինտեգրացիա և տնտեսական ինտեգրացիա. Անդամակցությունը քաղաքական ինտեգրացիայի դասերից է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ անդամակցության ձգտումներին:
«Տնտեսական ինտեգրացիան երկրները, սովորաբար, անցնցում են 6 փուլով, ինտեգրման 6 տարբեր մակարդակներ կան: Առաջինը արտոնյալ առևտուրն է, երբ քո գործընկեր բոլոր երկրների հետ նույն ռեժիմն ես ունենում, բայց մի երկրի հետ հատուկ արտոնյալ ռեժիմ ես ունենում: Երկրորդը ազատ առևտուրն է, երբ դու կնքում ես անմաքս ապրանքների ու ծառայությունների տեղաշարժը: Երրորդ մակարդակը մաքսային միությունն է: Ինտեգրման երրորդ մակարդակից դու արդեն ստիպված ես լինում զոհաբերել արտաքին առևտրային քաղաքականությունը: չորրորդ մակարդակը ընդհանուր շուկան է, երբ արդեն դու ուզում ես գնալ ավելի խորը ինտեգրման և ազատականացնում ես կապիտալի ու աշխատուժի տեղաշարժը: 5-րդ մակարդակը ընդհանուր դրամային գոտին է: Այս դեպքում դու ստիպված ես լինում զոհաաբերել նաև կառավարման գործիքներից ևս մեկը՝ դրամավարկային քաղաքականությունը: Իսկ 6-րդ մակարդակը, որը կոչվում է ամբողջական ինտեգրում, դրա միակ մոդելը ԱՄն-ն է, որտեղ ամեն մի նահանգ պետության մեջ պետություն է»,-ասաց նա:
Արամյանը նկատեց, որ տնտեսական ինտեգրումը չի կարող անջատ լինել քաղաքական ինտեգրումից. «Հնարավոր չէ, օրինակ, սկանդինավյան երկրներն ինտեգրվեն Լատինական Ամերիկայի երկրների հետ, որովհետև Սկանդինավյան երկրների շահերն ավելի շատ համընկնում են ԵՄ-ի հետ: Այսինքն հնարավոր չէ անդամակցել ԵՄ-ին՝ առանց տնտեսական ինտեգրման այս փուլերն անցնելու:
Հնարավոր է դու լինես տնտեսական մեկ բլոկում, բայց քաղաքական առումով համագործակցես ԵՄ-ի հետ: Դա այն է, ինչ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերվեց, երբ ԵԱՏՄ անդամ լինելով ստորագրվեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր»,- ընդգծեց նախկին նախարարը:
Վարդան Արամյանը ընդգծեց, որ թեև խոսվում է ԵՄ ինտեգրման մասին, բայց 2018-ից ի վեր ԵԱՏՄ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է. «2018-ին և ԵԱՏՄ-ում, և ԵՄ-ում մենք գրեթե նույն արտաքին առևտրի կշիռն ենք ունեցել. դա մոտ 26-27 տոկոսի շրջանակներում է եղել: Հիմա ԵՄ-ի կշիռը նվազել է, ԵԱՏՄ-ինն աճել է, ընդ որում զգալի տեմպերով: Այս տարվա 4 ամիսների տվյալներով ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը 46 տոկոսից ավել է: Իսկ ԵՄ-ի բաժինը նվազել է՝ հասնելով 15-16 տոկոսի»,- ընդգծեց նա:
Նախկին նախարարի ներկայացմամբ, շատերը կողմ են արտահայտվում ԵՄ անդամակցությանը՝ մտածելով, որ սահմանները կբացվեն և իրենք ազատ կմեկնեն Եվրոպա. «Բայց իրենք մոռանում են, որ որպեսզի կարողանան թռչել Հռոմ և այնտեղ էսպրեսո խմել, իրեն դրա համար պետք է եկամուտ, աշխատատեղ: Մարդը զրկվելու է այդ եկամուտից: Այո, կարող է և լինի ազատ վիզային ռեժիմ, բայց մարդը չի ունենալու աշխատատեղ, որովհետև տնտեսական մեր կառուցակարգերն այնպիսին են, որ մենք լիարժեք կախված ենք ՌԴ տնտեսությունից: Մեզ մոտ աճում է կապիտալ շինարարությունը, առևտուրը, ծառայությունները, որոնք հիմնականում սնվում են այն հոսքերից, որոնք կապված են Ռուսաստանի հետ:
Եթե մենք որոշում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա ԵԱՏՄ-ի պաշտպանիչ վահանները աշխատելու են մեր դեմ: Դա նշանակում է, որ մեր արտահանողները չեն կարողանալու օգտվել անմաքս առևտրի հնարավորությունից: Դա նշանակում է մրցունակության կորուստ: Դա նշանակում է, որ վերարտահանումը Հայաստանով կարող է դառնալ ոչ շահութաբեր: Այս ամենը անտեսվում է:
Մարդիկ չեն պատկերացնում, թե ԵՄ գնալու հետևանքներն ինչ են լինելու, հետևանքը լինելու է իրենց աշխատատեղերի կորուստը: Ես դեռ չեմ խոսում էներգակիրներից, որոնք մենք ստանում ենք ՌԴ-ից անմաքս ճանապարհով և դա լուրջ առավելություն է մեզ համար»,- հայտարարեց Վարդան Արամյանը:
Նա նաև հավելեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո մեր արտահանողները ստիպված են լինելու վճարել մաքսատուրքեր ԵԱՏՄ մուտք գործելու համար. «Դա միանգամից է լինելու:
Մյուս կողմից չի բացառվում, որ քաղաքական հակադրության պարագայում Ռուսաստանն իր հերթին որոշ միջոցներ կիրառի: Այնպես որ միանգամից կուրսի փոփոխությունը կարող է վտանգավոր լինել: Մեր կախվածությունը ԵԱՏՄ շուկայից էապես ավելացել է»,- ընդգծեց նախկին նախարարը: