Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԻ ԱՐՎԵԼ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը թափանցիկ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։

Ըստ Սիրանուշ Սահակյանի` Ադրբեջանում բացակայում է արդար դատավարությունը, պետական մակարդակով էլ հայատյաց քաղաքականություն է տարվում։ Նրա խոսքով` իրականացվող դատավարությունների ելքը նախապես կանխորոշված է, հատկապես որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս դրսից այլ փաստաբան ներգրավել։ Ըստ իրավապաշտպանի` Ադրբեջանի վարած քաղաքականությունը հիմքեր է տալիս մտածելու, որ այս գործերը շինծու են, նրանց փաստական և իրավական հիմքերը բացակայում են, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ ունեցող քաղաքական պատվեր է իրականացվում։

«Նախաքննությունը ոչ թափանցիկ ձևով է իրականացվել։ Իհարկե, նախաքննության փուլում մինչդատավարական վարույթի գաղտնիություն գոյություն ունի, բայց հատկապես հանրային հնչեղություն ունեցող գործերով հիմնական տեղեկատվությունը պետք է հասանելի լինի։ Այս պարագայում շատ ընտրողաբար և քարոզի նպատակներով է տեղեկություն տրամադրվել։ Այս անձանց պաշտպանության տեսանկյունից նշանակություն ունեցող փաստաթղթերը գաղտնի են պահվել, ինչն ազդեցություն է ունենում արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։ Այս հաղորդագրությունն ազդարարում է նախաքննության ավարտը, պետք է սպասենք, որ այս գործերը վարույթ ընդունվեն դատարանների կողմից, նիստեր նշանակվեն»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն չի կարող արդարադատության սպասումներ ունենալ, քանի որ ադրբեջանական դատական համակարգը բավականին կախյալ է, փաստաբաններն էլ` խոցելի։

Հարցին, թե երբ գործերը դատարաններում կլինեն, իրավապաշտպանը դժվարացավ ճշգրիտ ժամկետներ ասել` նշելով, որ մոտակա շաբաթների ընթացքում դատավարություն դժվար թե լինի։

Սահակյանն ընդգծեց, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերն են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում, և Արցախի նախկին ղեկավարությունն էլ բացառություն չէ։

«Հարցը գերզգայուն է, ու նրանց վերաբերյալ ցանկացած հայտարարություն և հրապարակում կարող է բացասաբար ազդել հայրենադարձման գործընթացի վրա, հատկապես այս անձանց (Արցախի ղեկավարների. խմբ.) մասով։ Բոլորի ընտանիքներն առանձնահատուկ զգոնություն և զգուշավորություն են դրսևորում։ Առանձին վարք ենք տեսնում Ռուբեն Վարդանյանի և իր ընտանիքի կողմից, կարծում եմ` նրանք էլ նախընտրում են բարձրաձայնել այդ հարցերը, քան լռել»,– ասաց իրավապաշտպանը։

Ըստ նրա` ռազմագերիների վերադարձի մարդասիրական հարցն օգտագործվում է որպես ճնշման գործիք և հավելյալ ազդեցություն է թողնում ՀՀ իշխանությունների վրա։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Sputnik Արմենիա