Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տավուշում Ադրբեջանին տրվել են տարածքներ, որոնք նրան այդպես էլ չի հաջողվել գրավել, ինչպես նաև տարածքներ, որոնք նրան երբեք չեն պատկանել, սակայն դրանից հետո էլ Բաքուն հրաժարվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու իր պարտավորություններից։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

 


«Ըստ ծրագրի՝ այդ գործողությունները պետք է իրականացվեն Արցախի բռնազավթված տարածքներից, որտեղ տեղակայված են իսրայելական ռազմաբազաները։ Ադրբեջանը պետք է իրագործի այդ ծրագիրը, իսկ նախապայմանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

Սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, Բաքուն ձգտում է խուսափել իր պարտավորությունների կատարումից։ Ադրբեջանը փորձում է դա անել՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, միաժամանակ ընդլայնելով գործունեությունը իրանական և ռուսական հարթակներում։

Հայաստանով անցնող միջանցքը, որը ցանկանում են բացել Ադրբեջանի համար, պետք է ծառայի ծանր տեխնիկայի և սպառազինության տեղաշարժին։ Այս նախագիծն իրականացնելու համար Բաքուն Արցախը որպես նվեր է պահանջել»,- հավելել է նա։

Աղաջանյանի խորին համոզմամբ՝ Հայաստանում իշխող ուժն իշխանության է եկել հենց այս պարտավորություններով՝ հանձնել Արցախը և Հայաստանում ուժեղացնել Արևմուտքի ազդեցությունը։

«Բայց հիմա, հաշվի առնելով Արևմուտքի թուլացող դերը, ոչ ոք չի երաշխավորում, որ նման գործողություններ ձեռնարկելու դեպքում Ադրբեջանը, որպես պետություն, չի հայտնվի լուծարման եզրին, Բաքուն չի կատարում իր պարտավորությունների մասը», - հավելել է դեսպանը։

Նրա կարծիքով, ծրագրի առկայությունը, որի իրականացումը ենթադրում է Հայաստանի տարածքով միջանցքի բացում, հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը ձգտում էր իր վերահսկողության տակ առնել այն՝ հասնելով 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այս կետի ներառմանը՝ պանթուրքիստական միջանցքի բացումից խուսափելու նպատակով։

«Դա կհանգեցներ Իրանին խեղդամահ անելուն և Ռուսաստանից նրա անջատմանը։ Դրանից հետո խնդիր դրվեց առաջարկվող միջանցքը հանել ռուսների ազդեցությունից։ Այդ խնդիրն իրագործելու ճանապարհին զոհաբերվեց Լաչինի միջանցքը, քանի որ իրադարձությունների նման զարգացումը զրոյացրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրա հետ մեկտեղ միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողության տարրը»,- եզրափակել է դեսպանը։

News.am