ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ՍՄԱՐԹՖՈՆԻ ԳԵՐՏԱՔԱՑՈՒՄԻՑ ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ․ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
Ամռանը բարձր ջերմաստիճանի պարագայում սմարթֆոններն ավելի արագ են տաքանում բնական ջերմահաղորդման խանգարման պատճառով, ինչը կարող է հանգեցնել սմարթֆոնի անսարքության։ МТС-ի մանրածախ ցանցի հեռախոսակապի բաժնի ղեկավար Նատալյա Գոլիցինան Gazeta.ru-ին պատմել է, թե ինչպես հոգ տանել սմարթֆոնի մասին շոգ եղանակին։
Առաջին հերթին, ըստ մասնագետի, սարքերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից։ Արևի ուղիղ ճառագայթների տակ լինելու դեպքում սմարթֆոնն արագ և ուժեղ տաքանալու է, և շատ հավանական է, որ դա հանգեցնի սարքի խափանման։ Բացի դրանից՝ եթե սմարթֆոնն ինտենսիվ եք օգտագործում արևի տակ, ապա խորհուրդ է տրվում ընդմիջումներ անել կամ օգտագործել հատուկ հովացման պարագաներ։ Օրինակ՝ կան հատուկ հովացնող պատյաններ։
«Եթե նման պատյան չկա, ապա ավելի լավ է ժամանակավորապես ընդհանրապես չօգտագործել պաշտպանիչ պարագաներ, որպեսզի չբարդացնենք բնական ջերմության արտանետումը։ Սարքը մի՛ ծածկեք գործվածքներով, հաստ պատյաններով կամ այլ առարկաներով, որոնք կարող են խանգարել օդի շրջանառությանը սմարթֆոնի շուրջը»,- ասել է Գոլիցինան։
Այնուամենայնիվ, կարևոր է սահմանափակել շատ էներգիա սպառող հավելվածների օգտագործումը, ինչպիսիք են խաղերը, տեսամշակման ծրագրերը կամ տեսախցիկը: Նրանք մեծապես ծանրաբեռնում են պրոցեսորն ու մարտկոցը և արագացնում սմարթֆոնի տաքացումը։
Գոլիցինայի խոսքով՝ եթե մարդիկ հետևեն այս խոհուրդներին, ապա ոչ միայն կխուսափեն սմարթֆոնի գերտաքացումից և մարտկոցի արագ լիցքաթափումից, այլև կերկարացնեն սմարթֆոնի կյանքը։