ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԸ

Այս տարի Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել է այդ աջակցության վրա դրած իր վետոն, «Ազատությանը» հաղորդել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Aysor.am-ը։

 Նույն աղբյուրների տվյալներով՝ «Միության անդամ բոլոր երկրներն այսուհետ պատրաստ են «կանաչ լույս» տալ, և ակնկալվում է, որ նախագիծը նախ հավանության կարժանանա անդամ երկրների դեսպանների կողմից հուլիսի 17-ին, ապա հուլիսի 22-ին՝ արտաքին գործերի նախարարների նիստում»:

Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան արգելափակել էր Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու նախագիծը, պահանջելով Ադրբեջանի ներգրավում քննարկվող ծրագրում: «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, իսկ փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ. Բաքվին գումարներ կհատկացվեն ոչ թե այդ հիմնադրամից, այլ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ուղիղն ասենք, շռայլությանը սովոր ՀՀ կառավարության համար 10 միլիոն եվրոն փող չէ։ Եվ դժվար թե նման ֆինանսական օգնությունը կարող է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։ Սակայն տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Սույն իրադարձությունը, թերևս, իմաստ ունի դիտարկել վերջին շրջանում հայաստանյան հանրային գիտակցության մեջ ջանադրաբար ներդրվող եվրապատրանքների համատեքստում։

Եվ այսպես, Ալիևը կրկին խանդի ու նախանձի տեսարաններ սարքեց, որոնք հաջողությամբ հեռարձակեց Օրբանը։ Այո, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է դա, իսկ ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ զիջում է նրան, ինչպես չար ու կամակոր երեխային, որը փորձում է մշտապես այլանդակություններ անել նրա դեմ, ով իրեն դուր չի գալիս։ Ահա ուրեմն, հիշեցնենք, որ երեք տարի առաջ Ադրբեջանի նախագահը կեցվածք ընդունեց ու նեղացավ ԵՄ-ից այն բանի համար, որ Բրյուսելը Հայաստանին խոստացել էր 2,6 միլիարդ վարկային ֆինանսական աջակցություն, իսկ Ադրբեջանին՝ ընդամենը 150 միլիոն եվրո։ «Բնականաբար, ես համարում եմ, որ դա անարդար դիրքորոշում է։ Որովհետև Ադրբեջանը Հարավային Կովկասի խոշորագույն երկիրն է՝ իր տարածքով, բնակչությամբ, ներուժով»,- ասաց այն ժամանակ Ալիևը հարցազրույցում։ Նրան ամենևին հետ չպահեց այն հանգամանքը, որ ըստ առողջ տրամաբանության՝ «տարածքով, բնակչությամբ, ներուժով խոշորագույնը» պետք է ավելի քիչ ունենա կողմնակի աջակցության կարիքը։

Դժվար է ասել, թե ԵՄ-ում կոնկրետ ինչպես արձագանքեցին Ալիևի այս դիրքորոշմանը, կարելի է հավաստել, որ «անարդարությունն» արդյունքում տեղի չունեցավ։ Այն մասին, որ Հայաստանին խոստացել էին 5 տարվա ընթացքում հատկացնել 2,6 միլիարդ, ԵՄ-ում սկսեցին հիշել գնալով ավելի հազվադեպ և, ըստ երևույթին, պարզապես մոռացան այն բանից հետո, երբ եվրոպական բանակցային հարթակներում (Պրահայում, Գրանադայում) Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այո, ինքը՝ Փաշինյանը, երբեմն եվրոպացիներին հիշեցնում էր խոստացած 2,6 միլիարդի մասին, բայց անօգուտ։ Կարելի է ենթադրել, որ եվրոպացիները, «մոռանալով» իրենց խոստման մասին, ազդանշանում են Ալիևին, որ «անարդարության» վերաբերյալ իր գանգատներն ընդունվել են ի գիտություն և հետևություններ են արվել:

Հիմա էլ ահավասիկ Հայաստանի համար խաղաղության եվրոպական հիմնադրամի ապաարգելափակումը Հունգարիայի կողմից կապված է Ադրբեջանի շահերի հետ, որոնք ԵՄ-ում լոբբինգավորում է Օրբանը։ Թեպետ, դժվար թե միայն Բուդապեշտի միջոցով է Բաքուն ընդունակ առաջ մղել իր շահերը ԵՄ-ում։ Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Bloomberg-ի հաղորդած տվյալներով, հայտարարել է, որ Ուկրաինան բանակցում է Ադրբեջանից Եվրոպական միություն բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել տարանցիկ երկրի իր դերը: Իհարկե, այդ ծրագիրը բավական կասկածելի է թվում՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը կարող է Ուկրաինայի տարածքով գազ ուղարկել Եվրոպա միայն ռուսական գազատրանսպորտային ցանցի միջոցով և նման գործարքին «Գազպրոմի» անմիջական մասնակցությամբ։ Այդ նախագիծը կասկածելի է թվում նաև այն պատճառով, որ Եվրոպա մատակարարումների համար Ադրբեջանի գազի ռեսուրսներն այս պահին խիստ սահմանափակ են։ Բայց ինչևէ, Բաքվի դերն ու նշանակությունը ԵՄ-ի համար աճում են։ Աճում է նաև նրա ազդեցությունը ԵՄ-ի վրա։

Եվ այսպես, վերադառնանք Հայաստանին՝ իր եվրաինտեգրման օրակարգով։ Ահա ուրեմն, ստիպված ենք արձանագրել. փաստորեն առանց Բաքվի համաձայնության՝ Եվրոպայում Երևանին ոչինչ չի ժպտում։ Այլ կերպ ասած, Բրյուսելում Հայաստանի վերաբերյալ որոշումներն ընդունվել են, ընդունվում են և ակնհայտորեն կընդունվեն Ադրբեջանի շահերի առաջնահերթ հաշվառմամբ։ Համենայնդեպս հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Ըստ էության, ԵՄ-ն, որի կազմում էր Նիկոլ Փաշինյանը ցանկանում տեսնել Հայաստանը նույնիսկ մինչև այս տարեվերջ, այսօրվա դրությամբ հանդիսանում է մի այնպիսի միավորում, որտեղ Հայաստանի մասով Իլհամ Ալիևի ցանկություններն ու քմայքները կատարվում են գրեթե անվերապահորեն։ Եվ այս հանգամանքը պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր երազում են Հայաստանի եվրոպական ապագայի մասին։