ԱՍՖԱԼՏԻ ՄԱԿԱՐԴԱԿ
Է՛հ, թե մի կհաշվեր ինչ-որ մեկը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների պատմած հեքիաթների քանակը՝ 2018-ին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Բայց ո՞ւմ համբերությունը կհերիքի: Ախր փչոցների թիվը, որոնցով իշխող թիմը թլսորել է ընտրողների գլուխը, եթե անգամ ոչ քառանիշ, ապա հաստատ եռանիշ է։
Հիշում եմ, մի անգամ անձնական զրույցի ընթացքում իշխող թիմի մի հետևորդ նույն 2018-ին հավաստիացնում էր, թե Նիկոլ Փաշինյանը ուր որ է նավթավերամշակման գործարան է կառուցելու Իրանի հետ սահմանին...
Նման պնդումներին դժվար է առարկել, քանի որ հասկանում ես, որ դա անհնար է, բայց եթե ինչ-որ մեկը լրջորեն համոզում է քեզ դրանում, ապա նրան հետ համոզելն առավելևս անհնար է։ Եթե մարդը վստահ է, թե Մարսի վրա կյանք կա, ինչպե՞ս հակառակը համոզես նրան: Ոչ մի կերպ։
Սկսեցի այս խոսակցությունը՝ կարդալով մեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական հեքիաթը։ Իբր՝ Հայաստանում ԱՄՆ-ի նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները մտել են «առարկայական փուլ»։ «Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացներն անցնելուց հետո կսկսենք աշխատել»,- վստահեցրեց Արմեն Գրիգորյանը «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ:
Այսինքն մեր Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնի հետ քննարկում է ԱՄՆ-ի ինչ-որ ներհամակարգային ընթացակարգեր, որպեսզի ստեղծվի անհրաժեշտ իրավական բազա, որի հիման վրա էլ ամերիկացիները ատոմակայան կկառուցեն Հայաստանում...
Դե, ի՞նչ կարելի է ասել: Այ հիմա ամերիկացիները հանուն Հայաստանի փոփոխություններ կմտցնեն իրենց օրենսդրության մեջ և ատոմակայան կկառուցեն մեզ համար... Չէ, Գրիգորյանի հայտարարության խորապատկերին Փաշինյանի թիմի կողմից Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման մասին ֆանտազիան միանգամայն իրական նախագիծ է թվում։ Կասեն, թե ախր ոչ ոք չի կարող որևէ մեկին արգելել ինչ-որ բան քննարկել: Այո, դա այդպես է, միայն թե նման նախագծերը թող քննարկեն սուսուփուս: Հետ վարժվեն վերջապես ճոռոմ հայտարարություններ անելուց, ավելի իրատեսորեն գնահատեն իրենց, որպեսզի խայտառակ չլինեն։
Ցանկալի կլիներ, որ իշխող թիմը իր նախագծերում և հայտարարություններում ժամանակ առ ժամանակ իջներ երկնքից։ Ձեր մակարդակը ասֆալտ փռելն է: Ուրեմն զբաղվեք դրանով:
Իսկ այդ ընթացքում (մինչ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վաշինգտոնի հետ քննարկում է, թե ինչ ներհամակարգային ընթացակարգեր պետք է իրականացնեն ամերիկացիները, որպեսզի իրավական հիմք ստեղծեն Հայաստանում ԱԷԿ կառուցելու համար), Բելառուսը դարձավ ՇՀԿ անդամ, իսկ Էրդողանը հագին կրկին փորձեց մոլորակի գլխավոր խաղաղարարի կոստյումը՝ առաջարկելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագիր։
Դե, իսկ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր ստորագրեց Չինաստանի հետ։ Այդ հռչակագրում Պեկինը պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն մասնակցել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի («Միջին միջանցք») շինարարությանը, ինչպես նաև հայտարարում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում «վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղ օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»:
Ասֆալտ փռեք, Արմեն, ասֆալտ։