Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս ուկրաինական հարաբերություններում Թուրքիայի միջնորդությունը Մոսկվայի կողմից մերժելը վերաբերում էր ընդհանրապես միջնորդական առաքելություններին, որովհետև Ռուսաստանը գտնում է, որ ներկա փուլում ոչ մի միջնորդություն օգուտ չի բերի, բայց ռուսական լրատվամիջոցներն այնպես ներկայացրեցին, որ թիրախավորվեց հենց Թուրքիան: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

«Կարծում եմ՝ դա հատուկ արվեց, որ ևս մեկ անգամ ցույց տան Ռուսաստանի դժգոհությունը Թուրքիայի՝ վերջին շրջանում դիրքորոշման փոփոխությունից: Թուրքիան ՌԴ-ին օգնում էր շրջանցել պատժամիջոցները, ինչը ՌԴ-ի համար շատ կարևոր էր: Ռուսաստանը մեծ օգուտներ էր ստանում, բայց ավելի մեծ օգուտներ ստանում էր Թուրքիան: Հիմա, որ Թուրքիան ճնշման ներքո սահմանափակում է, դա Ռուսաստանին դուր չի գալիս: Դա է հիմնական խնդիրը:

Ուկրաինայի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը ռուսական լրատվամիջոցների կողմից միտումնավոր ուշադրությունից դուրս էր մնում: Որովհետև Թուրքիան իրականում բավական լուրջ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, լուրջ զենք է տրամադրում, օրինակ, հրետանի: Բացի այդ, Թուրքիան փակել է Բոսֆորն ու Դարդանելը, իսկ ռուսական նավատորմի նավերը Սև ծովում պակասում են, և Թուրքիան թույլ չի տալիս, որ այլ ռազմական նավեր, ասենք Բալթիկ նավատորմից, խաղաղօվկիանոսյան նավատորմից գան, մտնեն Սև ծով և համալրեն սևծովյան նավատորմը: Այնպես որ բվական հակառուսական ուղղվածություն ունի Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայում: Ուղղակի ՌԴ-ն ելնելով նրանից, որ Թուրքիան օգնում էր մեծ ծավալներով շրջանցել պատժամիջոցները, դրա վրա աչք էր փակում»,-ասաց նա:

News.am