«Հրապարակ»․ ՔՊ-ՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ԳԾԵԼ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խոսակցություններ կան, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` անդրադառնալով հարցին, թե ինչու չստացվեց սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը համաձայնեցնել ըստ սահմանված ժամանակացույցի։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև հուլիսի 1-ը պետք է ավարտին հասցվեին։

Այդ օրը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովները միմյանց էին փոխանցել կանոնակարգի նախագծերը։ Հայաստանը և Ադրբեջանը նույնաբովանդակ հաղորդագրություններով հավաստիացրել էին` փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, կառուցողական բանակցություններ են ընթանում։

«Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես այն, որ Ալմա Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս: Ադրբեջանի պահանջած տավուշյան 4 գյուղը տալուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991-ին ընդունված այդ փաստաթղթով: Այժմ ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի»,– գրում է թերթը` հավելելով` ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին միակողմանի զիջում պարտադրեց, իսկ առաջիկայում թերևս «նոր իրավական հիմքեր կմոգոնեն, որ այլ վայրերում էլ զիջումներ կորզեն ՀՀ իշխանություններից»:

Sputnik Արմենիա