Վրացագետ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ես խորը գնացող գործընթացներ ես չեմ տեսնում, այո, կարող ենք ասել, որ որոշ պատժամիջոցներ կիրառվելու են և կիրառվում են արդեն ԵՄ-ի կողմից Վրաստանի վրա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով ԵՄ կողմից տարատեսակ պատժամիջոցների կիրառմանը Վրաստանի վրա:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:
«Վրաստանի ՊՆ-ին 30 միլիոնի աջակցության սառեցնելը, ԱՄՆ-ի կողմից զորավարժությունները սառեցնելը, պաշտոնյաների նկատամամբ ԱՄՆ-ն վիզային որոշ պատժամիջոցներ կիրառեց, միգուցե ԵՄ-ն ևս մի քանի քայլ անի, բայց այստեղ հարցը նրանում է, որ այսօր կա ըմբռնում, բոլոր կողմերը հասկանում են, որ հոկտեմբերին տեղի են ունենալու ընտրություններ Վրաստանում և ավելի կտրուկ քայլեր չեն ձեռնարկի: և ընտրությունների հետ կապված արդեն կտեսնենք` ոնց կանցնեն, կընդունվի ԵՄ, ԱՄՆ կողմից, կճանաչեն դրանք թափանցիկ և արդար, այդ ամենը կարող է նոր իրավիճակ ստեղծել այդ հարաբերություններում և առհասարակ Վրաստանի շուրջ և Վրաստանի ներսում»,-ասաց նա:
Վրացագետը նշում է` նոր իշխանությունների դեպքում ավելի հեշտ կլինի վերականգնել հարաբերությունները և բարեփոխումների օրակարգը. «Այս իշխանությունների հետ կապված ավելի դժվար, բայց Բրյուսելը չունի այն ռազմավարությունը, որ կոշտ քայլեր անի, որ ավելի հեռացնի իրենից, քանի որ այս քայլերից կօգտվեն տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային տարբեր երկրներ»:
Դիտարկմանը, թե արդյոք Վրաստանի իշխանության տարբեր թևերում այս հարցի վերաբերյալ տարակարծություններ կան, Մելիքյանը նշում է, որ ըստ Վրաստանի Սահմանադրության նախագահը, իշխանության կամ իշխող մեծամասնության մաս չէ:
«Ինքը ընտրված է, այո, այս իշխանությունների աջակցությամբ, բայց ինքը այս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, ինքը միշտ քննադատում է այս իշխանություններին, նույնիսկ ճգնաժամային հարաբերություններ կան իրենց միջև, մյուս կողմից իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ցավոտ քայլեր չեն, բայց իմիջային իրեց համար այդքան էլ ընդունելի չեն այն քայլերը, որ տեղի են ունենում, բայց ամեն դեպքում իրենք անդամակցության թեկնածու երկիր են, վիզային ռեժիմ գոյություն ունի, հիմնական այդ հարցերի շուրջ որևէ քայլ արված չէ և ես չեմ կանխատեսում, որ որևէ քայլ կարվի մինչև ընտրություններ, որովհետև հետևանքները ցավոտ կլինեն թե Բրյուսելի, թե Թբիլիսիի համար»,- ասել է նա:
Վրացագետը ընդհանրացնելով ասելիքը նշում է, որ շատ բան կախված է աշնանը Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներից:
«Հայաստանի համար շատ կարևոր են բոլոր այս գործընթացները և ազդեցությունը, թե΄ բացասական, թե΄ դրական ակնհայտ է, կարող է նաև լուրջ իրավիճակ փոխել ողջ տարածաշրջանում»,- հավելեց նա: