ՀԵԾԱՆԻՎՆԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵՆՔ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԴԵՄ

ՀՀ ներկայիս քաղաքական դաշտի քաղաքական անկարողության և միտումնավոր անադեկվատության ամբողջ խորությունը գիտակցելու համար բավական է պարզապես հանգիստ, առանց ընդդիմադիր կամ իշխանամետ գնահատականների ուղղությամբ շեղվելու դիտարկել վերջին օրերի իրադարձությունները։

Խոսքը, ի դեպ, ամենևին չի վերաբերում հայաստանյան իշխանական վերնախավի բարձրագույն էշելոնի կողմից հատուկ գեներացվող ռուսատյաց օրակարգին, դրա մասին արդեն բավական շատ է խոսվել։ Եվ, իհարկե, մենք այսօր չենք խոսելու երկրի գլխին կախված աղետը կանգնեցնելու գործում ընդդիմության անզորության մասին։ Խոսքը իրողությունների, ավելի ճիշտ՝ մարտահրավերների ու ռիսկերի նկատմամբ հայկական իշխանության արձագանքի ձևի ու բովանդակության մասին է, ռիսկեր, որոնք նախանձելի համառությամբ ստեղծում է թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի նկատմամբ։

Ինքներդ դատեք։

Ադրբեջանը Հայաստանի հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցությունները նպատակաուղղված տանում է ռազմավարական փակուղի՝ հայկական կողմին իրավական, դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից աննորմալ նախապայմաններ ներկայացնելով «խաղաղության» հասնելու համար, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը։

ՀՀ իշխանություններն ի պատասխան ցուցադրական «վրդովվում են», թե Ադրբեջանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, բայց միաժամանակ իրենք են սկսում պնդել, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է «անհապաղ» փոխել և «տարօրինակ» զուգադիպությամբ Սահմանադրությունից կոնկրետ կետեր հանելու ՀՀ իշխանությունների ծրագրերը բառ առ բառ համընկնում են Ադրբեջանի պահանջների (շանտաժի) հետ։

Այսինքն՝ նույնիսկ քաղաքականության մեջ բնավ փորձ չունեցող մարդու համար պարզ է, որ չնայած ադրբեջանական շանտաժին ի պատասխան հնչող ՀՀ իշխանությունների համարձակ հայտարարություններին, ՀՀ կառավարությունը հնազանդորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամքը, ավելին՝ արդեն կատաղի համառությամբ իր կողմնակիցներին քարոզում է փաստացի կատարել Ադրբեջանի կամքը և ոչնչացնել Հայաստանի Հանրապետության գոյության իրավական հիմքը՝ երկրի Սահմանադրությունը։

Կամ մեկ այլ օրինակ։

Օրերս Աստանայում ՇՀԿ նիստի շրջանակում Ադրբեջանը Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեց, իսկ Թուրքիան նույն Աստանայում հայտարարեց ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու պատրաստակամության մասին:

Իսկ Հայաստանի իշխանության «գրպանային» կուսակցությունները այդ գործընթացների ֆոնին նախաձեռնեցին բնակչության ինֆորմացիոն մշակումը` Հայաստանը ԵՄ «մտցնելու»/ԵՄ-ի հետ «մերձեցնելու» ուղղությամբ։ Այո՛, չեք սխալվում, հենց այն ԵՄ, որն այսօր աննախադեպ տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ է Արևմուտքի և Արևելքի միջև ռազմավարական հակամարտության գծով գլոբալ դիմակայության ֆոնին։

Բայց նույնիսկ եթե հաշվի չառնենք ԵՄ-ում քաղաքական–տնտեսական ճգնաժամը, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի բուն մտահղացումը, ըստ էության, բացահայտ խեղաթյուրում է և պարզունակ սուտ, որն առնվազն աննորմալ է թվում եվրասիական և ասիական գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ Հայաստանի համար թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմի իրական տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման ֆոնին։

Բայց հայաստանյան իշխանության ցուցադրական ոչ ադեկվատության թերևս ամենավառ նշանը հաջորդ դրվագն է։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական միավորի (Հայաստանի Հանրապետություն) չեզոքացման/կազմաքանդման հայեցակարգի շրջանակում Հայաստանից պահանջում է համաձայնություն տալ ՀՀ տարածքում քոչվոր, թյուրքալեզու ցեղերի տասնյակհազարավոր ներկայացուցիչների բնակեցմանը, որոնք իբր ադրբեջանցի փախստականների ժառանգներն են։

Ադրբեջանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերաբնակեցումը «արևմտյան Ադրբեջանում» (եկվոր թյուրքալեզու ցեղերն այսպես են անվանում Հայաստանի Հանրապետությունը) պետք է ապահովվի նաև ուժային բլոկով, այսինքն՝ բնիկ հայկական տարածքներում ադրբեջանցիների վերաբնակեցումից հետո նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի ոստիկանական ուժերը կամ «Ադրբեջանին բարեկամ երկրների» ռազմական ուժերը։

Այսինքն՝ Իլհամ Ալիևը փաստացի ազդարարում է Հայաստանի ուղղությամբ ռազմական էքսպանսիայի առաջիկա օրինականացման մասին` միայն թե առաջին փուլում դա ներկայացնելով որպես պատասխան արցախցիների՝ իրենց հայրենիք, այսինքն՝ Ղարաբաղ վերադառնալու ցանկության։

Ինչո՞վ է հայկական իշխանությունը պատասխանում Հայաստանի չեզոքացման ադրբեջանական ծրագրերին։

ՀՀ իշխանությունը պատասխանում է «սահմանադրական բարեփոխումների» անհրաժեշտության ագրեսիվ քարոզչությամբ՝ ադրբեջանական գծագրով, ռուսների և ընդհանրապես եվրասիական բլոկի հետ հարաբերությունները խզելու/վատացնելու միտումով և տարատեսակ PR ակցիաներով, օրինակ՝ Երևանի փողոցներով Հայաստանի իշխանամետ էլիտայի հեծանվային երթերով` անմիջապես ՀՀ վարչապետի գլխավորությամբ։

Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի համար երկրի իրական կազմաքանդման սցենար է նախապատրաստում, իսկ հայկական իշխանությունը հեծանիվ է քշում՝ ճանապարհին «հպարտ քաղաքացիներին» հեքիաթներ պատմելով «ԵՄ-ին անդամակցելու», «խաղաղության դարաշրջանի» կամ տարածաշրջանում «տնտեսական խաչմերուկի» մասին։

Կարծում եմ՝ ավելորդ է ինչ-որ բան վերլուծել, արդեն պարզ է, որ իրավիճակը նպատակաուղղված մղվում է դեպի Հայաստանի համար բացասական ֆորս-մաժոր։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Sputnik Արմենիա