«Հրապարակ»․ ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱԿՏԻՎ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ Է ԱՆՑԵԼ

Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նշվում է, որ քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձևավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։

«Բագրատ սրբազանը մտադիր է նաև քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձևավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին»,– գրում է թերթը:

Թերթի տվյալներով` վերջերս ձևավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը և կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի և այլն։

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով էլ` Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա։

«Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»,–թերթին հայտնել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգևոր ծառայությունը և պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։

Sputnik Արմենիա