ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՀԵՏ, ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՈՒՄ. ԷԼ Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատկերացրեք, թե ինչ կպարզվի արդեն իշխանափոխությունից հետո

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Պարզապես ներկայացնենք Ձեզ 2 փաստ.

1. «Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա»: Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Արդեն հուլիսի 10-ին նույն ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայանալու է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը։

Կամ երկիրը ղեկավարելու 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այնքան է «բարձրացրել» Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, որ պաշտոնական Երևանին նախապես ոչ ոք չի տեղեկացրել, որ Միրզոյանը պետք է հանդիպի Բայրամովի հետ, կամ մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանություններն ուղղակի խաբում են իրենց քաղաքացիներին

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ մեկուկես ամիս 10 միլիոնանոց ժողովուրդը համոզված էր, որ «Հաղթելու ենք», պետք չէ զարմանալ, եթե երկրորդ տարբերակը ճիշտ դուրս գա, և պարզվի, որ իշխանությունները պարզապես խաբեն իրենց ժողովրդին։

2. Բրյուսելում Փաշինյանի, Բլինքենի, Ֆոն դեր Լայենի և Բորելի հանդիպումից հետո համացանցում տեղեկություններ սկսեցին տարածվել, որ բացի հանդիպման բաց հատվածից, բաց օրակարգից, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ արևմտյան գործընկերները պատրաստել են առաջարկությունների փաթեթ Հայաստանի համար՝ Եվրամիությունից 270 միլիոն եվրոյի ներդրում Երևանի համար և 65 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ից, եղել է նաև բանակցությունների փակ հատված, փակ օրակարգ։

Բազմակողմ համագործակցության օրակարգում կային նաև հարցեր, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէր։

Տեղեկությունն այնքան լուրջ էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանեց այն: Ի պատասխան Զախարովայի հայտարարությունների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից նշեցին, որ Բրյուսելում գաղտնի օրակարգ չկա, և Փաշինյանի շփումները Ֆոն դեր Լայենի, Բլինքենի և Բորելի հետ միայն տնտեսության կայունության և դիվերսիֆիկացիայի մասին էին։

Այնուամենայնիվ, ի՞նչ ենք մենք հիմա տեսնում։ Հայկական լրատվամիջոցները շարունակում են գրել, որ 2024 թվականի ապրիլի 5-ի պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանը ստանձնել է Մեծամորի ատոմակայանը փակելու պարտավորություններ (ինչին երկար տարիներ ձգտել են Թուրքիան և Ադրբեջանը)։ Սակայն ՀՀ իշխանությունները մի կողմից չեն հերքում այս հրապարակումները, իսկ մյուս կողմից՝ ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի միջոցով հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցում են նոր ատոմակայանի կառուցման շուրջ:

Հիշեցնենք, որ Արևմուտքը փաստացի կոչ է անում պաշտոնական Երևանին կառուցել մոդուլային ատոմակայան, որը գործնականում ոչ մի կիրառություն չունի քաղաքացիական կյանքում։ Նման ատոմակայանները կառուցվում են ռազմակայանների համար։

Ընդամենը 2 օրինակ, որոնք հստակ ցույց են տալիս՝ իշխանությունը, որը խոստացել էր թափանցիկ լինել ժողովրդի հետ, անամոթաբար խաբում է իր ժողովրդին, իր ընտրողներին… Պատկերացնու՞մ եք, թե ինչ «դուրս կգա ջրի երես», երբ Հայաստանում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News