Ո՞ՒՐ Է ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԸ

2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը եռապատկվել է։ Այս մասին հուլիսի 10-ին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը, հաղորդում է News.am-ը։

«Եթե 2020 թվականին այս թիվը կազմում էր 96 միլիոն դոլար, ապա 2023 թվականին այն կազմել է 321 միլիոն դոլար։ Այս տեմպերը կարող են արագանալ։ Մենք Հայաստանին աջակցելուց անցնում ենք Հայաստանի հետ առևտրի: Մենք Հայաստանի կառավարությանն օգնել ենք բարելավելու ներդրումների հնարավորությունները ներմուծման և արտահանման ոլորտում, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Բացի այդ, մենք աշխատում ենք խրախուսել տեղական սննդամթերքի արտադրությունը, ներառյալ հայկական կլիմայական պայմաններին համապատասխան հացահատիկային կուլտուրաների մշակումը»,- հավելել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂՈՒՄ USAID-Ի ՂԵԿԱՎԱՐԸ, ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ։ Սակայն ակնհայտ է, որ ներկայացված թվերն ու դրանց գնահատականը առնվազն հարցեր են առաջացնում։

Ահավասիկ Սամանտա Փաուերը պնդում է, թե 2020 թվականին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 95 միլիոն դոլար։ Մինչդեռ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է ավելի քան 152 միլիոն դոլար: 2023 թվականին այդ ցուցանիշը հասել է 670 միլիոն դոլարի։ Եվ այստեղ հարց է առաջանում. որքանո՞վ են առհասարակ հավաստի USAID ղեկավարի տվյալները, եթե դրանք ոչ մի կերպ չեն համընկնում հայաստանյան պաշտոնական վիճակագրության հետ:

Ասենք, տվյալ համատեքստում շատ ավելի արդիական է մեկ այլ հարց. այդ ինչո՞ւ հանկարծ Սամանտա Փաուերը որոշեց, որ ապրանքաշրջանառության աճի տեմպերը կարող են արագանալ։ Եթե նա դա ասեր անցած տարեվերջին կամ ընթացիկ տարվա սկզբին, ապա, այո, վերջին տարիներին ցուցանիշի բազմապատկման մեջ կարելի է տեսնել աճի միտումներ։ Բայց բանն այն է, որ արդեն այս տարվա ընթացքում արձանագրվում է հայ-ամերիկյան առևտրաշրջանառության ծավալների էական անկում։ Մասնավորապես, 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրների միջև շրջանառությունը կազմել է 193 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսներին այդ ցուցանիշը եղել է 307 մլն դոլար։ Այսինքն այս տարեսկզբից նշյալ ցուցանիշը նվազել է ավելի քան 37 տոկոսով։ Նման անկման խորապատկերին խոսել այն մասին, թե աճի տեմպերը կարող են արագանալ, ուղղակի անհեթեթ է։ Այդ ինչպե՞ս է անկման դինամիկան վկայում աճի արագացման մասին: Դա ինչ է, հաջողության ինչ-որ նոր բանաձև՞։

Իսկ եթե այնուամենայնիվ փորձենք ավելի համարժեք գնահատել հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների մակարդակը, ապա արժե ուշադրություն դարձնել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ ԱՄՆ-ի տեսակարար կշռի ցուցանիշներին։ Քանզի ապրանքաշրջանառության ծավալի բացարձակ մեծության պարագայում կան գործոններ, որոնք խանգարում են տեսնել օբյեկտիվ պատկերը։ Օրինակ, անհրաժեշտ է հաշվի առնել դոլարի փոխարժեքի փոփոխությունները։ Կամ այնպիսի գործոն, ինչպիսին վերաարտահանումն է, որը հակառուսական պատժամիջոցների խորապատկերին նախորդ երկու տարիների ընթացքում մեծապես ազդել է Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին առևտրում ԱՄՆ-ի տեսակարար կշռին, ապա կարելի է արձանագրել բավական մռայլ միտումներ։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ ցուցանիշը պարզապես փլուզվել է՝ 4,1%-ից կրճատվելով 1,2%-ի: Բացի այդ, այն ժամանակաշրջանում, որի մասին խոսում է Սամանտա Փաուերը, Ամերիկայի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում իսկապես աճել է։ Բայց հաստատ ոչ տպավորիչ տեմպերով: Այսպես, 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,1%, 2021 թվականին՝ 2,5%, 2022 թվականին՝ 3,2%, նույնքան էլ՝ 2023 թվականի արդյունքներով։ Իսկ այ 2024-ին, ինչպես արդեն նշեցինք, տեղի ունեցավ ոչ թե պարզապես նվազում, այլ բազմակի անկում։ Եվ ահա այս խորապատկերին USAID-ի ղեկավարը խոսում է հայ-ամերիկյան առևտրային համագործակցության վարդագույն հեռանկարների մասին՝ հիմք ընդունելով վիճակագրությունը, որն իրականում վկայում է մռայլ միտումների մասին