«ՄԵՆՔ, ՆԻԿՈԼ ԱՌԱՋԻՆՆ» ԵՎ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ Ի ՀԱՎԵԼՈՒՄ

Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչպես Փաշինյանը 6 տարի առաջ ինքն իրեն կնքեց «ժողովրդական վարչապետ», ի՜նչ ոգևորված ստեց, թե «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա», և երկրի համար կարևորագույն հարցերն էլ լուծվելու են «Ագորայում»՝ Հանրապետության հրապարակում։ Այդ սուբյեկտն այնքան հաճախ ու լկտիաբար է ստել պետության ու ազգի համար բախտորոշ հարցերի վերաբերյալ, որ նշյալ (ինչպեսև բազմաթիվ այլ) էժանագին պոպուլիստական հայտարարություններն ու խոստումները վաղուց մոռացվել են՝ ավելի գլոբալ խնդիրների խորապատկերին իրենց «անկարևորության» պատճառով։

Այդուհանդերձ փաստը մնում է փաստ. ժողովրդի ձայնն ու կարծիքը Հայաստանում վաղուց արդեն ոչինչ չեն վճռում և իշխանությունների համար դատարկ, բացարձակ անբովանդակ հնչյուն են։ Վերջին օրերի իրադարձություններից երկու աղաղակող օրինակներն առավել քան խոսուն կերպով վկայում են այդ մասին։

Հուլիսի 5-ին Փաշինյանը «ժողովրդին հղված ուղերձում» հայտարարեց, թե «Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»։

«Գործող Սահմանադրությունը խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է: Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով՝ ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում»,- ասաց նա։ Եվ պաթոսով ազդարարեց. «Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ»։

Մեկ շաբաթ էլ չանցած՝ նույն այդ ժողովուրդն արժանի պատասխան տվեց, իսպառ մերժելով այդ հայտարարությունները։ Այն է՝ ըստ «GALLUP» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից հուլիսին անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների, հարցվածների 80,3%-ը համարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ:

Գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքերով՝ 11,7%-ը համարում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, և միայն 3,3%-ն է կարծում, թե երկրին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն: Այսինքն Նիկոլի հետ համամիտ է հարցվածների ընդամենը 3 տոկոսը, իսկ այ ավելի քան 80 տոկոսը՝ ճնշող մեծամասնությունը, ըստ էության համոզված է, որ «գործող Սահմանադրությունն արտահայտում է հասարակության և պետության կյանքի կանոնների մասին իրենց պատկերացումները», և որևէ «սոցիալ-հոգեբանական խորը կոնֆլիկտ» փաստաթուղթն իրենց մոտ չի առաջացնում։

Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարած ամենը անպատկառ սուտ է և հասարակական կարծիքի նենգափոխում, ինչի նպատակը մեկն է. բավարարել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների գծով իր ոճրակից Ալիևի պահանջները։ Պատահական չէ, որ այս սուբյեկտը «ժողովրդի կարծիքին» իր հղումներում չի բերում ոչ մի կոնկրետ փաստ, ոչ մի ապացույց։ Մինչդեռ, ինչպես էլ վերաբերվենք սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, պարզ է, որ այսօրվա դրությամբ GALLUP-ի հայաստանյան գրասենյակը միակ պրոֆեսիոնալ կազմակերպությունն է, որը կանոնավորապես հետևում է հանրային տրամադրություններին և միտումներին:

Այդ տրամադրություններն ու միտումները վկայում եվ ապացուցում են. Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստում է, երբ ասում է, թե «ժողովուրդը համաձայն է նոր Սահմանադրության ընդունման գաղափարին» և «ժողովուրդը կլինի այն ստեղծողը»: Այդ կերպարի ստախոսության պաթոլոգիկ հակումը գրեթե անմիջապես ծանրակշիռ հանրային ապտակ ստացավ։

Այս համատեքստում բավական ուշագրավ է Արամ Նավասարդյանի հետևյալ դիտարկումը. նախքան ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջով Ալիևի հայտարարությունները՝ պատկերն այլ էր։ «Հունվարին հարցվածների միայն 38,1 տոկոսն էր դեմ Սահմանադրության փոփոխությանը, 34,2 տոկոսը համարում էր, որ որոշ դրույթներ պետք է փոփոխել, 13,4 տոկոսը կողմ էր որ Հայաստանն ունենա բոլորովին նոր Սահմանադրություն»,- ընդգծեց սոցիոլոգը:

Եվ սա երկրորդ ապտակն է Նիկոլին. ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե հատկապես ինչու ռեժիմը սկսեց խոսել նոր Սահմանադրության մասին։ Որովհետև այդ պայմանն է դրել Ալիևը, իսկ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը եռանդագին արագացնող ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են կատարել դա։ Իսկ վերջիններս համաձայն են բառացիորեն ցանկացած զիջման, միայն թե ստորագրեն այդ գրողի տարած պայմանագիրը և մնան իշխանության ղեկին՝ արտաքին հովանավորների ողորմածության շնորհիվ։ Եվ ոչ մի «ժողովրդի ձայն» օրենք չէ «ժողովրդական վարչապետի» պարագայում, որի համար ստելը նույնն է, ինչ իր բարեկամ Ալենի համար՝ թքելը։

Դրա մեկ այլ վառ օրինակը կառավարության որոշումն է՝ պատմության դպրոցական դասագիրքը «Հայոց պատմություն»-ից վերանվանելու «Հայաստանի պատմության»: Նախարարի պաշտոնում Նիկոլի հավատարիմ կամակատար Ժաննա Անդրեասյանն այդ առնչությամբ համարում է, թե «Հայ ժողովրդի պատմություն» առարկան լիարժեքորեն չի արտացոլում պետականության գաղափարը։ «Մենք դա խնդրահարույց ենք համարում»,- հայտարարեց սույն տիկինը:

Ինքնաբերաբար ծագում է մի հասարակ հարց. ովքե՞ր են այդ «մենք»-ը և քանի՞սն եք դուք։ Ո՞ւմ նկատի ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը ֆաշիստական անվանելու համար նախարարի աթոռին հայտնված, բայց այսօր պետականության մասին ճամարտակող անձնավորությունը: Հիշեցնեմ, որ բոլոր առումներով վտանգավոր գաղափարը առաջին անգամ արտահայտել է իր սիրելի շեֆը՝ հունվարին. այն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե իբր «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» անվանափոխելու առաջարկով իրեն դիմել են «մի խումբ մասնագետներ»։ Ընդ որում չնշելով ոչ մի անուն:

Ամենայն հավանականությամբ, բացարձակ անհայտ այդ «մասնագետները»՝ Անդրեասյանի գլխավորությամբ, հենց այդ առեղծվածային «մենք»-ն են, որ կան։ Քանզի դրան հաջորդած վեց ամիսների ընթացքում գրեթե բոլոր հայտնի մասնագետ-պատմաբանները դեմ են արտահայտվել։ Այդ մասին նրանք գրել են սոցցանցերում, խոսել հարցազրույցներում և հանդես եկել հայտարարություններով։ Բայց նրանց մասնագիտական կարծիքը պատմության և պետականության գծով «կարկառուն մասնագետների»՝ Փաշինյանի և Անդրեասյանի համար բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Նրանք ունեն իրենց սեփական «մասնագետները», որոնք հուշում են Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու համար անհրաժեշտ գաղափարները։

Ավելի վաղ նույն պատմությունը տեղի ունեցավ նաև 7-րդ դասարանի պատմության դասագրքի հետ, որը ենթարկվեց բացարձակապես ողջ մասնագիտական հանրության սուր քննադատությանը: Բայց դա մի պահ անգամ չկասեցրեց Անդրեասյանին՝ կատարելու Նիկոլի կամքը։

Եվ ամենագլխավորը՝ e-draft.am հարթակում առարկայի անվանափոխման հարցի շուրջ կազմակերպված քվեարկության արդյունքները։ Այդ յուրօրինակ սոցհարցման արդյունքների համաձայն՝ 51%-ը դեմ է արտահայտվել, 49%-ը՝ կողմ։ Ընդ որում քվեարկության ողջ ընթացքում տարբերությունը շատ ավելի տպավորիչ էր, և միայն վերջում կազմեց 2%, ինչը ստիպում է կասկածել, որ որոշակի մեքենայություններ են արվել։ Բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ. մեծամասնությունը դեմ է քվեարկել։

Ուրեմն ովքե՞ր են ձեր այդ «մենք»-ը, անհարգելի Անդրեասյան։

«Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով»,- ասվում է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի հայտարարության մեջ:

Գիտնականների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, ոչ մի «կամ» այստեղ չկա և չի կարող լինել։ Այո, «նախագիծը նախաձեռնողները» հրեշավոր տգետ են, տվյալ դեպքում՝ հայոց պատմության հարցերում։ Բայց որոշիչ գործոնն այնուամենայնիվ երկրորդն է. այն ամենը, ինչ նրանք անում են ցանկացած հարցում, բխում է «զուտ քաղաքական նկատառումներից»։ Ընդ որում՝ բացահայտորեն միտված արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամի պետությունների շահերի սպասարկմանը։